
Երկկողմանի ծնողազուրկ զինվորը ցմահ է դատապարտվել վկաների ցուցմունքներով (մաս 1-ին)
«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի շրջանակներում ընթերցողին ենք ներկայացնում նաև երկարատև ազատազրկման ու պատժի առավելագույն չափի դատապարտված շարքային զինվորների քրեական գործեր: Հայաստանի 105 ցմահ դատապարտյալներից 14-ը նախկին շարքային զինվորներ են (միջին ու բարձր սպայական կազմից դատապարտվածներ չկան), 14 նախկին շարքային զինվորները արարքը կատարելու պահին եղել են 18-21 տարեկան, նախկինում դատված չեն եղել:
Դատարանների կենտրոնական արխիվում ծանոթացա ցմահ դատապարտյալ, նախկին շարքային զինվոր, 11-րդ տարին անազատության մեջ գտնվող Ցոլակ Պողոսյանի ու երեք այլ զինվորների քրեական գործին: Ցոլակը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ մեղադրվելով ծառայակցի` Կարեն Պետրոսյանի սպանության մեջ (մյուս երեքը` զինվորներ Մանվել Բոյաջյանն ու Սուրեն Պետրոսյանը` 6.5- ական տարվա, իսկ Սայաթ Արշակյանը՝ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել Ցոլակին օժանդակելու մեղադրանքով: Նրանք վաղուց ազատության մեջ են-հեղ.):
Ինչպե՞ս է ստացվել, որ ծառայակցի 6-7 անգամ անընդմեջ լրացվող ցուցմունքներով` Կարենի սպանության մեղքը բարդվել է երկկողմանի ծնողազուրկ, ծնողների մահից հետո ՌԴ-ում դպրոց գնացած, ռուսերեն գրել, կարդալ իմացող 21-ամյա Ցոլակ Պողոսյանի վրա, ով որպես վկա, ապա կասկածյալ հարցաքննվելիս չի ունեցել թարգմանիչ: Իսկ գործի քննության 3 տարիներին ֆինանսական վատ վիճակի պատճառով չի կարողացել վարձել փաստաբան:
Ինչպե՞ս է ստացվել, որ գործի նախաքննությունն ու դատավարությունը տևել են մոտ երեք տարի, ինչպե՞ս է գործն ուղարկվել լրացուցիչ նախաքննության լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի չլինելու պատճառով, ինչպե՞ս են բռնության հետևանքով կորզված ինքնախոստովանական ցուցմունքները դրվել դատավճռի հիմքում:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Ցոլակը նախ ծեծի է ենթարկել Կարենին, ապա մյուս երեք ծառայակիցների հետ կախել զորամասի տանիքում զինվորական գոտիով: Դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշենի» զորամասում 2003թ. հունիսի 9-ին` ժամը 12:30-14:00-ն ընկած ժամանակահատվածում: Կարենի դին, սակայն, հայտնաբերվել է մոտավորապես երեկոյան ժամը 19-ին:
Նույն օրը 2-րդ (զոհված Կարենը ծառայելիս է եղել հենց 2-րդ վաշտում) ու հարակից վաշտերի շարքայիններին գիշերով տարել են ռազմական ոստիկանություն, այնտեղ նրանց ծեծի, բռնության են ենթարկել, ստիպել գրել ինքնախոստովանական ցուցմունքներ: 4 զինվորներն էլ ՌՈ-ում տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Ի դեպ, վկայի հարցաքննության արձանագրության մեջ որպես հարցաքննության վայր նշված է միայն «ք.Երևան» ձևակերպումը՝ առանց որևէ հասցեի: Եվ միայն զինվորների՝ դատարանում տված ցուցմունքներից է պարզ դառնում, որ նրանք 5 օր շարունակ պահվել են ռազմական ոստիկանությունում: Այս մասին են վկայում զինվորների՝ գործում առկա ցուցմունքները, նաև զինվորներից Մանվել Բոյաջյանի հոր՝ Հունան Բոյաջյանի՝ զինդատախազ Ջհանգիրյանին գրված նամակը, որտեղ զինվորի հայրը հայտնում է, որ երբ տղային եկել է տեսնելու, ասել են, որ նրան ՌՈ են տարել, իսկ ռազմական ոստիկանությունում նախ խաբել են, թե Ղարաբաղ են տարել տղային, ապա հայտնել ճշմարտությունը, որ զինվորն իրենց մոտ է, որ զորամասում տեղի ունեցած դեպքի հետ կապված որպես վկա է ներգրավված:
ՌՈ-ում տեղի ունեցած ծեծ ու ջարդի մասին քրեական գործի նյութերում բազմաթիվ են զինվորների հայտարարությունները: Հատուկ կարևորության գործերով քննիչ Փիլոսյանը նախ հանձնարարել է բժշկական փորձաքննություն նշանակել զինվորների հայտարարությունների հիման վրա, սակայն 4 հատորանոց քրեական գործի նյութերում որևէ տեղ այդպես էլ չգտա այդ փորձաքննության արդյունքները: Բացի այդ, փորձաքննության են ուղարկվել զինվորական փոքր աթոռակները (ըստ մի քանի ցուցմունքների` նաև աթոռակով է հարվածներ հասցվել Կարենին): Սակայն դարձյալ աթոռակների վերաբերյալ որևէ եզրակացություն չգտա գործում: Աթոռակ կա նաև հենց տանիքում (որտեղ և կատարվել է դեպքը), որը նույնիսկ չի ճանաչվել իրեղեն ապացույց:
Իրեղեն ապացույց է ճանաչվել միայն զինվորական գոտին, որից կախված են գտել շարքային զինծառայողին, նաև նրա ձեռքում հայտնաբերված 80 սմ-անոց հոսանքալարը: Քրեական գործի լուսանկարներում, որոնք հասկանալի պատճառներով չենք հրապարակում կայքում, կախված զինծառայողը զինվորական հագուստով է: Այնինչ նրա հագուստը ևս չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց: Գործում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ դին ստացվել է մերկ վիճակում:
Այս գործը միակը չէ, որտեղ դիակի վրայից անհետացել են զինվորական հագուստները: Բանակում խաղաղ պայմաններում զոհված ծառայողների գործերով հագուստների անհետանալը կարծես ձեռագիր դարձած լինի:
Մեկ այլ ցմահ դատապարտյալ`19-րդ տարին բանտում գտնվող Արթուր Մկրտչյանի գործով ևս սպանված զինվորների հագուստները անհետացել են հենց քննիչի սենյակից (շուտով «Հետքը» կներկայացնի 1996 թ-ի այս գործը ևս:
Իսկ մինչ այդ շարունակաբար կներկայացնենք ցմահ դատապարտյալ Ցոլակ Պողոսյանի գործը):
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել