
Սիրիահայ ընտանիքը նախատեսել էր տեղափոխվել Հայաստան, ոչ թե պատերազմի պատճառով փախչել
«Երդվյալ դաշնակցականից առավել դաշնակցական է»,- իր զոքանչի մասին ասում է Ժիրայրը:
Նազիկի մայրը` տիկին Խաթունը, անցյալ տարվա դեկտեմբերին է Սիրիայի Ղամշլի քաղաքից եկել Կովսական: Ասում է` կուսակցական տոմս չունի, բայց ամբողջությամբ հարում է դաշնակցականների գաղափարախոսությանը: Տիկին Խաթունն ամեն օր հետևում է բոլոր թե տեղական, թե արտասահմանյան նորություններին: Լուրերից բացի՝ նա ամեն օր Նոր կտակարանն է կարդում, որը դրված է անկողնու մոտ: Տղան անգամ կատակ է անում, թե այնքան է կարդացել Ավետարանը, որ երբ բացում է գիրքը, ոչ թե կարդում, այլ անգիր է ասում:
71-ամյա տիկին Խաթունը Սիրիայում մինչև վեցերորդ դասարանը գնացել է հայկական դպրոց, հայերեն գրել և կարդալ գիտի: Հետո, երբ տեղի հայկական դպրոցը փակել են, հայերը հրաժարվել են իրենց երեխաներին արաբական դպրոց ուղարկելուց ` համարելով դա մեղք:
Տիկին Խաթունն ունի 4 երեխա` երեք աղջիկ և մեկ տղա: 24 տարեկանում նա այրիացել է (ամուսինն ավտովթարի է ենթարկվել), որից հետո այլևս չի ամուսնացել: Ասում է` նման դեպքերում օրենքը չի արգելում ամուսնանալ, բայց իրենց մոտ ընդունված չէր, որ հայ կինն այրիանալուց հետո կրկին ամուսնանա: Հայ կինը պետք է «իր երեխաների գլխին կանգնի», իսկ տեղի հայկական համայնքն էլ աջակցում է նման ընտանիքներին:
Այժմ տիկին Խաթունն իր տղայի` Վիգենի ընտանիքի հետ ապրում է սիրիահայերին հատկացված շենքի բնակարաններից մեկում: Վիգեն Օհանն ու կինը` Թամար Մելքոնը, չորս երեխա ունեն` Սամվելը, Բարդին, Մարալը և Բեկորը: Բացի 3-ամյա Բեկորից՝ մյուսները դպրոցական են: Վիգենն ասում է, որ իրենք Սիրիայում իրենց երեխաներին միայն հայկական անուններ են դնում: Սամվելի անունը դրել են Վիգենի հոր անունով: Սիրիահայերի համար դա շատ կարևոր է, քանի որ արաբները դիմացինին դիմում են որպես այսինչ մարդու հայր: Օրինակ, Վիգենին պետք է դիմեն` Սամվելի հայր:
Վիգենի խոսքով` սկզբնական շրջանում դժվարությամբ են հարմարվել: Երեխաները դժվարություններ ունեին հատկապես դպրոցում, ռուսերեն չէին հասկանում, բազմաթիվ տերմիններ հայերեն չգիտեին: Այժմ աստիճանաբար հունի մեջ են ընկնում:
Սիրիայում Վիգենը զիվորական ծառայություն չի անցել: Բայց ոչ թե խուսափել է, այլ ըստ արաբական օրենքի, եթե մայրը միայն մի տղա զավակ ունի, վերջինս զինվորական ծառայություն չի անցնում: Եթե օրինակ, ամուսինը 10 կին ունի ու 10 կնոջից յուրաքանչյուրը միայն մեկ տղա ունի, նրանցից ոչ մեկ չի ծառայում:
Վիգենը խոստովանում է, որ կարոտում է Սիրիան: Ղամշլիում նա աշխատել է որպես խառատ, բացի այդ, ուներ իր սեփական հողատարածքը, որը մշակում էր վարձկանների միջոցով, գործերը հաջող էին ընթանում: Վիգենը պատմում է, որ 2005 և 2010 թթ.-ին եղել է Հայաստանում և նախատեսում էր տեղափոխվել այստեղ: Սակայն նախքան տեղափոխվելը ցանկանում էր հարմար գնով վաճառել իր ունեցածը, նոր գալ Հայաստան և այստեղ իր գործը հիմնել: Սակայն պատերազմի պատճառով ստիպված է եղել այնտեղ թողնել է իր հողատարածքը, պապենական տունը, ինչպես նաև իր ձեռքերով կառուցած տունը: Երբ պատերազմն սկսվել է, ստիպված էին ամենը թողնել և գալ Հայաստան:
Վիգենն ասում է, որ հասցրել է վաճառել միայն մեքենան: Հայաստանում նա չի կարողանում իր մասնագիտությամբ գործ ճարել: Եվ քանի որ այլ աշխատանք չունի, զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կովսականում 50 հա հող է մշակում, ցանում է ցորեն և գարի: Այժմ Վիգենն ու իր ընտանիքը սպասում են, որ տեղափոխվեն Կովսականում սիրիահայերի համար կառուցվող նոր շենքում իրենց հատկացված բնակարանը:
Առաջին լուսանկարում՝ Վիգենը եւ մայրը՝ տիկին Խաթունը, երկրորդում՝ երեխաները՝ Մարալը, Բարդին եւ Բեկորը
Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի
Մեկնաբանել