
Գյումրու երկրաշարժի և Սիրիայի պատերազմի ականատեսը պատմում է Ղարաբաղի կյանքի մասին
«Մի անգամ կռվող ջահելներից մեկն եկավ ինադու ինձի խփեց, անցավ: Ես էլ, չիմանալով, որ ինքը մուսուլման ա, կռիվների մասնակից, դարձա, իրան հարցրեցի` խի ես խփում: Շատ վատ ձևով հարձակվավ ինձ վրա, ու էդ օրվանից տնից չիջա մինչև Հայաստան գալը», - պատմում է սիրիահայ Հարութը:
2012 թ. սեպտեմբերին Հարութ Հալլաջյանը մոր` Տիրուն Մուրադյանի, եղբոր` Սարգիսի և քրոջ` Լուսինեի հետ եկել են Հայաստան: Տիրունը պատմում է, որ Սիրիայում կռիվները սկսվելուց հետո իմացավ, որ ավագ որդին` Սարգիսը, զինվորական ծառայության հաշվառման մեջ է, և հունվարից այլևս չի կարող անցնել սահմանը: Երբ առաջին անգամ տոմս առան դեպի Հայաստան, օդանավակայանում նրանց արգելեցին հեռանալ երկրից: Այնուհետև Տիրունի ամուսինը` Գևորգ Հալլաջյանը, գրություն է թողնում, ըստ որի` Սիրիա վերադառանալուց հետո իր երկու տղաները պետք է զինվորական ծառայություն անցնեն: Դրանից հետո սիրիահայ ընտանիքը կարողանում է գալ Հայաստան:
«Անկեղծ ասած, Հայաստան վերադառնալու միտք չունեի: Հայաստանը շատ եմ սիրում, բայց հոս ծնողներ չունեմ: Ամուսնուս ընտանիքը, որ հարզատ ընատնիքի պես է, Սիրիայում է. չէի ցանկանա նրանցից բաժանվել», - ասում է Տիրունը:
Այժմ Սիրիայում են մնացել Գևորգի մայրը, եղբայրը և քույրը իրենց ընտանիքների հետ: Սկզբնական շրջանում նրանք չէին ցանկանաում թողնել Սիրիան, բայց այժմ տեղափոխվելու դժվարություններ ունեն: Բացի այդ` Գևորգի եղբայրն այնտեղ մասնակցում է կռիվներին: Ասում է. «Սուրիա ծնվել ենք, Սուրիա մեծացել ենք, Սուրիայի վայելքները վայելել ենք, մեռնիլն էլ Սուրիա պիտի մեռնիմ»:
Այժմ Հալլաջյանների ընտանիքը հաստատվել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում: Ժամանակավոր ապրում են սիրիահայերի համար կառուցված շենքի մի բնակարանում, որն իրենցը չէ: Սպասում են, որ առաջիկայում տեղափոխվեն սիրիահայերի համար կառուցված նոր շենք, որը դեռևս շահագործման չի հանձնվել: Այստեղ նրանք հաշվառման մեջ են, և պետք է ստանան 3 սենյականոց բնակարան: Այժմյան տունը փոքր է, խոնավ, պայմաններն էլ` բարվոք:
Տիրունը պատմում է, որ դեռևս 2000 թ.-ին, երբ Քաշաթաղը վերաբնակեցման կարիք ուներ, իրենք ընտանիքով տեղափոխվում են Դիցմայրի գյուղ: Սակայն 2006 թ.-ին, երբ Գևորգը ողնաշարի հիվանդություն է ձեռք բերում, գնում է Սիրիա բուժման, որից հետո այնտեղ են տեղափոխվում նաև ընտանիքի մյուս անդամները:
«Ամեն ինչ լավ էր, բայց այդ կռիվները մեզ ոտքի հանեցին, բերեցին Հայաստան, - ասում է Տիրունը: - Գալիս որոշել էինք, որ պետք է վերադառնանք Ղարաբաղ, բայց ոչ Դիցմայրի: Դիցմայրիի տանջանքն արդեն գիտեի, այնտեղ ապրելը դժվար է»:
Սարգիսն արդեն 6 ամիս է, ծառայում է Մարտունիում, իսկ 6 ամիս հետո ծառայության պետք է գնա նաև Հարութը: Սպասում են, որ Նոր տարուց առաջ Սարգիսը բանակից արձակուրդ գա:
«Գիտեմ, որ ծառայությունը շատ դժվար բան է, բայց մի օր գանգատ չի անում: Իմ տղաներն էլ են ասում, որ տղա ենք, պիտի ծառայենք, - ասում է Տիրունը: - Ամենաբացասականն այն է, որ հիմա աշխատանք չունեմ: Ընտանիքում 5 հոգի ենք, այսօր դյուրին չէ զինվոր ունենալ դուրսը: Թեկուզ ամենահասարակ գործը էղնի, ես կգնամ, թեկուզ պստիկ ամսականը մտնի իմ տուն»:
Հալլաջյանների ընտանիքը Ղարաբաղ տեղափոխված այն եզակի ընտանիքներից է, որ եկել է Հալեպից: Ասում են, որ իրենք երբևէ գործ չեն ունեցել հողագործության կամ անասնապահության հետ: Բայց քանի որ գործ չունեն, այստեղ գյուղատնտեսությամբ են զբաղվում: Գևորգը, ով մասնագիտությամբ խառատ է, մի քանի ամսով գնացել էր Երևան աշխատելու: Հարութը ևս պարբերաբար մայրաքաղաք է գնում. աշխատում է շինարարության վրա:
Անցյալ տարի Հալլաջյանների ընտանիքը վերցրել էր սիրիահայերին հատկացվող գյուղատնտեսական վարկը, սակայն քանի որ այն ուշացրել և տվել էին միայն դեկտեմբերի վերջին, չեն հասցրել վարուցան անել: Որոշեցին այդ գումարը չվատնելու համար խոզ առնել: Առաջին անգամ էին անասուն պահում. 21 խոզ առան, պահում էին Դիցմայրիում: Բայց գյուղում խոզերի հիվանդության վարակ տարածվեց, և բոլոր խոզերը սատկեցին: Նախատեսել էին խոզերից ստացված հասույթով վարկը փակել, նոր գործի մեջ ներդրում անել, բայց արդյունքում շուրջ 2 մլն-ի վնաս կրեցին: Այժմ ցանկանում են նոր վարկ վերցնել և գարի ցանել: Սակայն դեռևս վարկ չեն տրամարդել, բացի այդ` իրենց ասել էին, որ նախորդ վարկը նպատակային չեն օգտագործել: Բարերարներից մեկն էլ իրենց համար կով է առել. հույս ունեն դրանից որոշակի եկամուտ ունենալ:
«Չեմ բողոքում, ուր էլ էրթաս, սկզբնական շրջանում դժվար է, պիտի հաղթահարենք: Աշխատանք ունենաք, դուրս չենք գա էստեղից, - ասում է Տիրունը, հետո հավելում. ունենանք-չունենանք հետադարձ ոչ մի տեղ չունենք: Էսպես էլ որ մնա, կմնանք, ի՞նչ ընենք»:
![]() |
Տիրունի և Գևորգի աղջիկը` Լուսինեն |
Տիրունը կցանկանար Հայաստանում մնալ, եթե իր ընտանիքն իրենց հետ լիներ: Իսկ Հարութն ու Լուսինեն ասում են, որ կուզենային վերադառնալ Սիրիա և շատ են կարոտում այնտեղի կյանքը: Հիմա էլ լարված հետևում են լուրերին` վախենալով, որ հանկարծ իրենց բարեկամներից մեկի անունը չտան:
«Մենք մի երկիր էինք գնացել, որտեղ ապագա շտկելը հեշտ էր, - ասում է Հարութը: Արհեստը, ուսումը կար, ապագայում էլ գործ կլիներ»:
Սիրիայում տղաները համ սովորում էին, համ արհեստ ուսանում: Մեծը կանանց վարսավիր էր, փոքրը` մեխանիզատոր: Լուսինեն, ով այժմ դպրոցական է, նույնպես ցանկանում է վարսավիր դառնալ:
«Կյանքում չեմ էլ պատկերացրել, որ կարող է իմ ճակատագիրն այնպես լինի, որ ես դուրս գամ, երթամ հասնիմ մինչև Սիրիա, - ասում է Տիրունը: - Լեննականցին խոսք ունի` թախտիցդ կփախնես, բախտիցդ չես կըրնա փախնես: Դժգոհ չեմ եղել, բայց կյանքս էնպես եղավ, որ ֆռացինք, գնացինք, նորից եկանք Ղարաբաղ»:
Տիրունը գյումրեցի է, 1980-ականների վերջին ծանոթացել է ապագա սկեսրոջ հետ, ով եղել է իր և Գևորգի ամուսնության միջնորդը: Տիրունը և Գևորգը նշանվել են Սիրիայում, 1994 թ.-ին Հայաստանում գրանցել իրենց ամուսնությունը, այնուհետև տեղափոխվել Սիրիա: 1995 թ.-ին էլ ծնվել է ավագ որդին: Տիրունը պատմում է, որ երկրաշարժից հետո չէր գնացել Գյումրի, չէր կարողանում մտնել հարազատ քաղաք:
«Գյումրին ընձի շատ ցավ է պատճառել: Ընձի համար Գյումրին անտանելի էր երկրաշարժից հետո: Գալուցս հետո երկու անգամ եղել եմ Գյումրի, բայց իմ ծնված, մեծացած շենքի կողքով չեմ կարողացել անցնել: Չեմ գնացել այդ շենք, - ասում է Տիրունը: - Գյումրին բարեկարգվել, վերանորոգվել է, բայց իմ Գյումրիս չկա: Էնի ուրիշ Գյումրի էր, համով Գյումրի էր»:
Այժմ Տիրունը երազում է, որ Սիրիայում պատերազմն ավարտվի, իրենց բարեկամները ապահով լինեն: Ասում է, որ ականատես եղավ երկրաշարժի, պատերազմի, տեղահան եղան, բայց եթե խաղաղություն լինի, իրենք օրվա հացը կվաստակեն: Չնայած Սիրիայի դեպքերի պատճառով Հայաստան գալն իրենց ընտրությունը չէր, բայց ուրախ է, որ Ղարաբաղում գոնե առաջվա պայմանները չեն: Միաժամանակ, գտնում է, որ այստեղ ոչ մեկի համար` լինի տեղացի, թե սիրիահայ, հեշտ չէ ապրել:
![]() |
Տիրունը և Լուսինեն |
«Էսօր հայրենիքը մեզի անօթևան չի թողնում, բայց ամեն մարդ էլ չէ, որ կուգա այս տարածքներում կապրի», - ասում է Տիրունը:
Միայն անհանգստանում է, որ «աշխատող ձեռքերը տղաներն են, նրանք էլ գնում են բանակ»: Ինքը գործազուրկ է, ամուսինն էլ կայուն աշխատանք չունի, բացի այդ, ողնաշարի հիվանդությունը վերջնական չի բուժվել:
«Զինվոր էղնելը հեշտ չէ, բայց էն, ինչ-որ պարտականություն է, էն ինչ-որ տղա զավակը պիտի անե, նրանք էլ էդ տղա զավակներից մեկն են, - ասում է Տիրունը: - Էսօր իրանք էլ մեր հայրենիքի պաշտպաններից մեկն են: Մենակ երազանքս էդ է` էրեխեքս անփորձանք ծառայություն ընեն, հետ գան»:
Առաջին լուսանկարում` Տիրունը և իր որդին` Հարութը
Լուսանկարները` Էրիկ Գրիգորյանի
Մեկնաբանել