
Սիրիահայ ընտանիքի մի մասը հարմարվել է Բերձորին, մյուս մասը` վերադարձել Սիրիա
«Դժվար էր, բայց սովորեցանք: Սկզբում չէի հասկանար, սկիզբը դժվար էր: Հետո արդեն հարմարվեցա: Ինձի օգնեցին շատ», - ասում է սիրիահայ Լուսին:
Վարդան Լուսին (անձնագրով` Լուսվարդ) ամուսնու` Վարդան Պողոսի և 3-ամյա աղջկա հետ Սիրիայի Ղամշլի քաղաքից Հայաստան է եկել 2012 թ.-ի հոկտեմբերին: Սիրիահայ երիտասարդ ընտանիքն ապրում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:
«Որ մենք եկանք, շատ լավ էր, օդանավ կար, բայց հիմա չկա, - պատմում է Լուսին: - Վարդանն ըսավ` հիմա երթանք ավելի լավ է, որ վաղն ավելի վատ ըլլա, չպիտի կըրնանք ելնենք քաղաքեն: Տենց ալ եղավ: Հիմա չեն կըրնա ելել»:
Այժմ Սիրիայում են մնացել Լուսիի և Վարդանի ընտանիքները: Լուսին ասում է, որ իրենց քաղաքում համեմատաբար ապահով էր, բայց վերջին շրջանում այնտեղ ևս իրավիճակը վատթարացել է:
«Մի քանի պայթյունն կըլլա մեր քաղաքը, կսկսան վախնալ, եկեղեցիները կվառեն, կսպանեն, - ասում է Լուսին: - Բայց կապրին, ի՞նչ ընին»:
2012 թ.-ի դեկտեմբերին Սիրիայից Հայաստան էր եկել նաև Լուսիի ընտանիքը բացի ավագ եղբորից: Քույրը՝ Կարինեն, ընդունվում է սովորելու Ստեփանակերտի համալսարան, փոքր եղբայրը՝ դպրոց: Կարինեն նաև որպես գանձապահ աշխատանքի է անցնում Բերձորի մանկապարտեզում: Սակայն Լուսին պատմում է, որ Կարինեն չէր հարմարվում, նաև խնդիր ուներ հայերենի հետ: Լուսիի խոսքով՝ քույրը գալիս լացում էր, նեղվում, որ չի հասկանում հայերենը: Լուսին և Կարինեն, ով 3 տարով փոքր է քրոջից, մինչև 9-րդ դասարանը Ղամշլիում գնացել են հայկական դպրոց: Գալով Հայաստան՝ Լուսիի համար ավելի հեշտ էր վարժվել հայերենին, արագ սովորում է նաև տեղացիների խոսքը: Իսկ մայրը և քույրը նեղվում էին իրենց իրավիճակից, շատ չէին շփվում մյուսների հետ: Արդյունքում, իրենց գալուց մի քանի ամիս անց Լուսիի մայրը, քույրը և փոքր եղբայրը վերադառնում են Սիրիա: Չնայած, Լուսիի խոսքով՝ փոքր եղբայրը արագ հարմարվել և սիրել էր Բերձորը: Սակայն այժմ եղբայրը կռիվների պատճառով այնտեղ չի կարողանում դասի գնալ:
Վարդանի ընտանիքում 4 եղբայր և 2 քույր են: Եղբայրներից մեկը Սիրիայում զինվոր է, մասնակցում է կռիվներին, եղբայրներից մյուսը` Սերոբը, նույնպես հաստատվել է Բերձորում:
Իսկ Լուսիի հայրը` Արթին Վարդանը, հետ չի գնացել Սիրիա: Այժմ նա ապրում է աղջկա ընտանիքի հետ սիրիահայերի համար կառուցված վանատանը, և աշխատում է փեսայի՝ Վարդանի հետ: Լուսիի խոսքով՝ Սիրիայից գալիս հայրն արդեն թողել էր գործը, և վերադառանալու դեպքում չէր կարողանա աշխատանքի անցնել: Վարդանն էլ սկզբնական շրջանում աշխատում էր Քաշաթաղի վարչակազմում, սակայն վերջերս դուրս է եկել այնտեղից: Այժմ Վարդանն ու աները աշխատում են Կովսականում: Մեր այցելության պահին չհաջողվեց հանդիպել Վարդանին և Արթինին, քանի որ իրենց գործի բերումով Կովսականում էին: Այն հարցին, թե գուցե իրենք էլ տեղափոխվեն Կովսական, Լուսին ժպտում է և պատասխանում. «Չգիտեմ, շատ դժվար է, այստեղ հարմարվեր ենք: Հոն հեռու է, ամեն ինչեն հեռու, մի տարի հազիվ հոս հարմարվեր ենք»:
Լուսինեն և Վարդանը 4 տարվա ամուսիններ են, ծանոթացել են Ղամշլիի հայկական ակումբում: Երկուսն էլ մասնագիտությամբ տնտեսագետ են: Աղջկա` Բարիքի անունը միասին են որոշել: Չնայած Սիրիայում օգտագործում են այս անունը, բայց այնտեղ նույնպես հազվադեպ է հանդիպում:
Մոտ մեկ տարի է, Լուսին աշխատում է Բերձորի մանկապարտեզում որպես հաշվապահ: Այն հարցին, թե արդյոք սխալ հաշվարկներ չի արել, Լուսին ծիծաղում ու ասում է, որ այդպես էլ է պատահել, բայց հետո ուղղել է և արդեն հարմարվել է իր աշխատանքին: Բերձորի կյանքից չի դժգոհում, միայն անհանգստանում է, որ չի կարողանում նորմալ կապ պահել Սիրիայում մնացած հարազատների հետ: Այն ժամանակ օդանավակայանը դեռևս աշխատում էր, սակայն այժմ Սիրիայից հեռացողները պետք է գնան Լիբանան, այնտեղից էլ այլ երկիր: Լուսիի ավագ եղբայրն էլ ուսանող է Սիրիայի Լատակիա քաղաքում, և մայրը հաճախ չի կարողանում կապ պահել որդու հետ:
Լուսանկարում` Լուսի Վարդան, հեղինակ` Էրիկ Գրիգորյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել