HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Մեր վերջնական նպատակը հոս է»,- ասում է սիրիահայ Սեպուհը

Արհեստանոցի վերածված իր ավտոտնակում Սերոբը վառարան է պատրաստում: Ասում է՝ հիմա վառարանների սեզոնն է, գործը շատ է, օգնական էլ չունի:

Չնայած անձնագրով նրա անունը Կաչիչյան Սիպո է, բայց Բերձորում նրան բոլորը գիտեն որպես սիրիահայ Սեպուհ: Բերձորցիների խոսքով՝ ամենահաջողակ սիրիահայն է, որովհետև այստեղ իր գործն է դրել, աշխատող մարդ է և դժվար թե այլևս հեռանա Բերձորից: Մինչդեռ մյուս սիրիահայերը չգիտեն՝ հետագայում կմնան, թե կգնան:

Սեպուհը պատմում է, որ դեռևս 2004թ. եկել էր Բերձոր, այստեղ տուն և ավտոտնակ գնել, ցանկանում էր Հայաստանում ամուսնանալ և հաստատվել Բերձորում: Սակայն Սեպուհի խոսքով՝ իրեն խաբեցին, գնած տունը ձեռքից հետ վերցրին, որովհետև խնդիր կար նախկին սեփականատերերի հետ: Այդ ժամանակ Սեպուհը հիասթափված վերադառնում է Սիրիա, սակայն երբ պատերազմը սկսվում է, կրկին որոշում է գալ Բերձոր: Այս անգամ վերադառնում է արդեն ընտանիք կազմած: Այստեղ սեփականաշնորհում է տարիներ առաջ գնած ավտոտնակն ու սկսում զբաղվել վառարանների և խողովակների պատրաստմամբ: Տեղացիներն արհեստանոցն անվանել են Սեպուհի եռանկյունի:

Հայաստանից Սիրիա վերադառնալուց որոշ ժամանակ անց Սեպուհն ամուսնանում է Վանո Գեորգոսի հետ: Վերջինս հայ է, հավատքով՝ կաթոլիկ և հայերեն չի կարողանում խոսել: Ղարաբաղ գալուց հետո փորձում է յուրացնել հայերենը:

«Գործով ընկանք, մեզի մոռցուցանք»,- իր ուշ ամուսնությունը բացատրում է 58-ամյա Սեպուհը:

Այժմ Սեպուհն ու Վանոն երկու երեխա ունեն: Տղան՝ Ավոն, 5 տարեկան է, իսկ աղջիկը՝ Թթիանան՝ 2: Ամեն առավոտ ժամը 6-ին Սեպուհը գնում է գործի, 9-ին երեխաներին տանում մանկապարտեզ, երեկոյան 5-ին նրանց մանկապարտեզից տանում է տուն, ընթրում, որից հետո կրկին գնում է գործի՝ աշխատելով մինչև ուշ երեկո: Ասում է՝ պետք է աշխատես, որ ունենաս: Գործի պակասությունից չի դժգոհում, միայն թե նեղվում է, որ հաճախ են գալիս իրենից «նիսյա» ուզում:

«Ասում են` ցավդ տանեմ, տուր, բայց ոչ մեր ցավն են տանում, ոչ գումարն են տալիս»,- զարմացած ասում է Սեպուհը՝ հավելելով, որ այդ գումարն իրեն անհրաժեշտ է, որպեսզի մյուս վառարանների պատրաստման համար նյութեր գնի:

Այդ ժամանակ ներկաներից մեկը ծիծաղելով պատմում է, որ երբ Սեպուհը դեռ «չէր սովորել» տեղի սովորույթները, տեղացիները գալիս ասում էին՝ «նիսյա տուր, անունս էլ գրի պարտքացուցակում», Սեպուհը պատասխանում էր, որ իրենց մոտ դա ընդունված չէ և անունը չեն գրում: Այդ ժամանակ բերձորցիներն ասում էին՝ «եթե չես կարող գրել, հիշի»:

Երեկոյան Սեպուհը գազօջախի մոտ սոխով ու ոսպով ապուր է պատրաստում, Վանոն՝ հավի մսով այլ կերակրատեսակ: Սեպուհի խոսքով՝ ապուրն իր մոտ ավելի լավ է ստացվում: Ավոն լուռ հետևում է ծնողներին ու քրոջը, ով այդ ընթացքում մարզանք է անում: Սեպուհի խոսքով՝ արդեն հարմարվել են տեղի կյանքին, միայն թե ուզում են, որ տան հարցը լուծվի: Սեպուհն ընտանիքի հետ շարունակում է ապրել սիրիահայերի համար կառուցված հյուրատան սենյակներից մեկում: Նրա խոսքով՝ իրեն խոստացել են առաջիկայում առանձին տուն հատկացնել: Հիշում է, որ Սիրիայում իր սեփական տունն ու ագարակն ուներ, որտեղ շուրջ 3 հազար աղավնի էր պահում:

«Բայց մեր վերջնական նպատակը հոս է»,- ասում է Սեպուհը:

 Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter