
Սփյուռքահայ պատմաբան. ինչպիսի՞ երկիր պիտի լինի Հայաստանը
Թալին Սուջյանը պատմաբան է, բնակվում է Մյունխենում, աշխատում է Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի Արևելագիտության ինտիտուտի թրքագիտության ամբիոնում իբրև գիտաշխատող: 2013 թ. դեկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով մասնակցել է խորհրդաժողովի, որին հրավիրված էին Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի արևմտահայ մտավորականներ, քաղաքական գործիչներ: Կային նաև Հայաստանից ներկայացուցիչներ:
-Հեռախոսով ինձ ասել էին, որ խոսվելու է Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները վերանայելու ծրագրի կամ այդպիսի ծրագիր կազմելու փափագի մասին: Հետո խոսակցությունների ընթացքում հայտնի դարձավ, որ մենք տարբեր բաներ ենք հասկանում տարբեր կոնցեպտների շուրջ: Այդ կոնցեպտներից մեկը հայրենիքի մասին էր: Ընդհանուր հասկացություն կար՝ ազգ-պետություն, այդ թվում` Հայաստանը և դրան պատկանող սփյուռքը:
Կա սփյուռք, որը Հայաստանինը չէ, ստեղծվել է Հայաստանի անկախությունից առաջ` մեծամասնությամբ 19-րդ դարի վերջից մինչ 1915 թ. և հետո, որը արևմտահայերի սփյուռքն է: Կա նաև Հայաստանի անկախությունից հետո կազմված հայաստանյան սփյուռք: Այս երկուսին միասին Հայաստանին պատկանող մեկ սփյուռք կոչելու մոտեցումը երևակայական է և կուզե ազգ-պետության գաղափարի շուրջ դասավորել սփյուռքը: Ուրեմն, պետք է տեսնել այդ տարբերությունները, խոսել դրանց մասին, խոսել հայագիտական մտքերի մասին, մեկ կողմ դնելով երևակայական, իդեալականացված, վերացական, «մեկ ազգ, մեկ հայրենիք»-ի մոտեցումը, և դրա համեմատ որոշենք առաջիկա քայլերը: Կարծում եմ, որ այս տարբերությունների ամենակարևոր դրսևորումն էր Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրման շուրջ տեղի ունեցած հակազդեցությունը սփյուռքի համայնքներում: Պետք է դասեր քաղել կատարվածից:
-Ի՞նչ է ենթադրում քո ասածը, Թալին: Կմանրամասնե՞ս:
-Նախաևառաջ, ինչպես բացատրեցի, անմիջական պատկանելիություն չկա, և երկրորդ, որ շատ ավելի կարևոր է, ներկայացուցչության որևէ մեխանիզմ չկա, մանավանդ, արևմտահայ սփյուռքի համար: Այսինքն` սփյուռքի նախարարը պետության կամ կառավարության կողմից որոշվում է, ըստ այդմ` այս կառավարությունը պետք է լինի Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչը Հայաստանում, բայց` ոչ արևմտահայերի: Երրորդ` Հայաստանը, հարկավ, հոգեհարազատ է բոլոր հայերի համար, այսինքն` կան հայեր, որոնք ընդհանրապես չեն եղել Հայաստանում, բայց Հայաստանի գաղափարը երջանկություն է նրանց համար կամ մտածում են, որ կա երկիր, որտեղ հայերեն են խոսում:
Կան հայեր, որոնք տարին մեկ անգամ գալիս են Հայաստան, 15 օր մնում, և դա նույնպես կապ է նրանց համար, կան նաև սփյուռքահայեր, որոնք հաստատվել են Հայաստանում: Հայաստանը կարևոր է բոլորի համար, բայց երբ ենթադրենք, որ բոլորի համար էլ Հայաստանը հայրենիք է, դա ուրիշ բան է, որովհետև Հայաստանը կարող է լինել մեկի ծննդավայրը, մյուսի համար` իր պապերի ծննդավայրը,: Այդ առումով Գլենդելում ապրող տիգրանակերտցու համար որտե՞ղ է հայրենիքը:
Ուրիշ իրողություն կա, որ Հայաստանի մեջ ապրող հայի առօրյան չի ապրում սփյուռքահայը, և դա բնական է: Եվ կարծեմ, առօրյան շատ կարևոր է, քանի որ այն մեր կյանքն է:
-Ի՞նչ ես սպասում սփյուռքի նախարարությունից:
-Կարող է ասվել, որ եթե սփյուռքի հայերի թիվը երեք անգամ շատ է Հայաստանում ապրողներից, ուրեմն սփյուռքի նախարարությունը պետք է: Ըստ իս՝ նախևառաջ սփյուռքի նախարարության գործը Հայաստանի մեջ է: Հայաստանի և սփյուռքի միջև կան մշակութային, սոցիալական, քաղաքական, մտածելակերպերի բավական կարևոր տարբերություններ: Այդ տարբերությունների հետ միասին ապրելու, իրար հետ կապեր հաստատելու և մշակելու վայրեր պետք է ստեղծվեն:
-Հաջողվո՞ւմ է դա: Կա՞ այդ գործընթացը:
-Անահիտ Մկրտչյանի հետազոտությունը բավական լավ բացատրություններ է տալիս մշակութային տարբերությունների և դրանցից ծագող մարտահրավերների մասին: Ըստ իս` Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ արևելահայերենն ու արևմտահայերենը միասին խոսվեն և հասկացվեն: Առօրյա կյանքում Հայաստանը լինի երկիր, որը արևմտահայ մտավորականության համար ստեղծի վայրեր, որ այդ մարդիկ հաճախ գան Հայաստան, իրենց ուսումնասիրություններն անեն, դասավանդեն համալսարաններում, համալսարանի ուսանողները կապեր ստեղծեն նաև արևմտահայ աշխարհի հետ:
Վերջին տարիներին ջանք կա գրականության մեջ, որ արևմտահայերենով գրքեր են տպում Հայաստանում: Սիրիայից, Լիբանանից, Իրաքից գաղթող հայեր, շատերը տխուր առիթներով եկան և հաստատվեցին, բայց այսօր Հայաստանի փողոցներում արևմտահայերեն կարող ենք լսել: Նույնը կատարվեց 40-ական թթ., երբ ներգաղթ կազմակերպվեց Հայաստան, բայց այդ մարդիկ չկարողացան մնալ, քանի որ արևմտահայ և արևելահայ աշխարհների տարբերությունները սովետական իրականության մեջ չկարողացան ապրել միասին: Եթե մեր հիշողությունը մի քիչ էլ հետ տանենք, 1915 թ.-ը վերապրած եւ Հայաստան եկած արևմտահայ մտավորականներին հիշենք, օրինակ, Զաբել Եսայանի մասին, որ 43-ին անհետացավ, շատ քիչ է խոսվում նրա մասին: Չարենցի մասին հարկավ խոսվում է, բայց Զաբել Եսայանի մասին այդքան հաճախ չէ, որ խոսվում է, իսկ երբ խոսվում է` շատ սահմանափակ համատեքստում:
-Լավ, դու ի՞նչ ես առաջարկում: Ի՞նչ անել:
-Հայաստանում սփյուռքի նախարարությունը պետք է աշխատի ստեղծել այս վայրերը, որ Հայաստանը լինի արևմտահայերի համար այն երկիրը, որի մեջ հանգիստ ապրելու հնարավորություն կա: Սա ասելով հանդերձ` գիտեմ, որ Հայաստանի հասարակությունը գտնվում է լուրջ դժվարությունների, մարտահրավերների առաջ` քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ, ինչու չէ, անվերջ արտագաղթի: Սփյուռքի մեջ ներկայացուցիչ կազմակերպություններ մինչ օրս չունենք, չունենք այդպիսի համակարգ: Ուզում եմ Բոխումի համալսարանի Ցեղասպանության եւ սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Միհրան Դաբաղի մտքերին անդրադառնալ համայնքի կարևորության մասին: Նա ուժեղ համայնքներ ունենալու կարևորության մասին է խոսում: Կարծում եմ, որ շատ կարևոր կետ է: Համայնքային կյանքը ենթադրում է, օրինակ, այն, որ երբ երեխա ունենաս, կարող ես ուղարկել նրան հայկական դպրոց, երբ աղքատ ես, կդիմես համայնքին, որը բյուջեից կարող է օգնել, երբ ուզում ես համերգների գնալ, համայնքը նաև ունենա այդ կազմակերպվածությունը: Այսինքն` ինքնին կյանք է դա, որի կարիքը հարկավ ունեն այն մարդիկ, ովքեր խոսում են այդ լեզվով, այդ մշակույթի մեջ և ինչ-որ բան են արտադրում:
Այսինքն` առօրյան և համայնքը պետք է անմիջական կապ ունենան իրար հետ, ունենան վերարտադրման մեխանիզմ, որպեսզի համայնք ստեղծվի, իսկ եթե համայնք ունենաս, այդ ժամանակ կարող ես մտածել ներկայացուցչության մասին:
Լուս.՝ haigazian.edu.lb-ի
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել