
«Եթե տղադ խոսի, ապրելու շանս չունեք» - մաս 3
19 տարեկանում մահապատժի դատապարտված նախկին շարքային զինվոր Արթուր Մկրտչյանի գործը միակը չէ, որտեղ դատավճռում կարդում եմ «Հանուն Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» ձևակերպումը: 1990-ականների դատավճիռներում հիմնականում այդպես է: Անշուշտ, սա դատարանների գործողությունների ձևական կողմին առնչվող հարց է, իսկ ի՞նչ է կատարվել բովանդակային հարցերում մահապատժի դատավճիռ կայացնելուց առաջ:
Այսպես՝ նախաքննության փուլում Արթուր Մկրտչյանի փաստաբան է ներկայացել նախ ոմն Պահլավունի, ով ծեծի-ջարդի ժամանակ համոզել է Արթուրին իր վրա վերցնել սպանությունները՝ խոստանալով. «8-10 տարի կդատեն ու քեզ հանգիստ կթողնեն»: Սակայն հետո Արթուրի հայրը, իմանալով Պահլավունու մասին, դիմել է նախաքննության մարմին. «Ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքը չենք հրավիրել Պահլավունուն, խնդրում ենք, որ Արթուրի շահերը ներկայացնի փաստաբան Համլետ Մաթևոսյանը»:
«Հետքը» փորձեց գտնել նաև փաստաբան Համլետ Մաթևոսյանին, սակայն պարզեցինք, որ նա ողջ չէ: Քրեական գործում առկա են նրա բացարկի միջնորդությունները, որ հայտնել է քննիչին: Փաստաբանը նշել է, որ քննիչը թույլ չի տալիս իր պաշտպանյալի հետ առանձին պայմաններում հանդիպում ունենալ (նախկինում մեկուսարանում պաշտպանյալների հետ փաստաբանի առանձին հանդիպումներ տրամադրվում էին քննիչի կողմից: Այսօր դա նորմ է. փաստաբանները կարող են կալանավայրում անարգել ու առանձին հանդիպել իրենց պաշտպանյալներին): Սակայն այդ բացարկները մերժվել են: Ահա այն ժամանակ Զինդատախազի 1-ին տեղակալ Վլադիմիր Գասպարյանի գրությունը փաստաբանին: Բացարկի մերժումից հետո մեկ անգամ թույլատրվել է փաստաբան Մաթևոսյանին առանձին տեսակցել Արթուրին, այնուհետև քննիչ Թարվերդյանի հարցմանն ի պատասխան՝ «Նուբարաշենի» մեկուսարանից հայտնել են փաստաբանի ու Արթուրի առանձին հանդիպման մասին:
Անգամ փաստաբան Մաթևոսյանը դատավարության փուլում միջնորդել է որպես վկա հրավիրել հենց քննիչ Սուրեն Թարվերդյանին (այսօր քննիչ Թարվերդյանը վաստակած հանգստի է անցել), ում աշխատասենյակից կորել է սպանված զինվորներից Մխիթարյանի՝ իրեղեն ապացույց հանդիսացող հագուստը:
Արթուրը դատարանում ասել է, որ 5 զինվորների սպանության հետ որևէ առնչություն չունի, որ իրեն անծանոթ մարդիկ են կատարել սպանությունը, իսկ ՌՈ-ում բռնվելուց 3-4 օր անց նրանցից մեկը հանդիպել է իրեն ու ասել, որ իր վրա վերցնի սպանությունները, այլապես իրեն էլ կվերացնեն: Զինվոր Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը, երբ համոզվել է, որ տղայի գլխին են փորձում շրջել 5 զինվորների սպանությունը՝ Զինվորական ոստիկանությունում ծեծելով ու բռնության ենթարկելով իր երկու զինվոր որդիներին, սկսել է սեփական նախաձեռնությամբ հետաքննություն վարել: Համբարձումը պարզել է դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը, «Նիվա» մակնիշի պետական համարներով մեքենայի ու սպանության կապը, 18 պահակակետից զենքի առևտրի գաղտնիքը: Այս մասին սկսել է նամակներ գրել տարբեր պետական մարմիններ, այդ թվում և՝ հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Նախագահին ուղղված նամակում Արթուրի հայրը պատմել է նաև սպառնալիքի մասին. «Մի անծանոթ տղամարդ օրեր առաջ զանգահարել է մեր տուն ու ասել. «Եթե տղադ բերանը շաղ տա, չանի այն, ինչպես ասված է, ո՛չ նա, ո՛չ էլ դու ապրելու շանս չեք ունենա»: Փոխարենը դատախազությունում իմ հայտարարություն-դիմումի կապակցությամբ քննություն սկսվեր, քննվեր նաև այս վարկածը, մի քանի օրից ինձ մեղադրանք առաջադրեցին, թե տղայիս՝ Արթուրի համար արձակուրդ ձևակերպելու համար հրամանատարին ձայնագրիչ եմ կաշառք տվել: Սա հետո հաստատված փաստ համարեց դատարանը ու ինձ դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման»,- «Հետքին» պատմեց Համբարձում Մկրտչյանը: Քրեական գործում բազմաթիվ են դեպքերը, երբ մեղադրյալներ հայր և որդի Մկրտչյաններին քննիչները հարցաքննել են առանց փաստաբան Համլետ Մաթևոսյանի: Ահա. լուսանկարի վերևի մասում քննիչ Թարվերդյանի ձեռագիրն է, ով վկաների, մեղադրյալների ցուցմունքներն իր ձեռքով է գրել: Սակայն այդ ձեռագիրը չեն կարողացել կարդալ անգամ դատարանում. «Քննիչին կանչում էին դատարան, որ կարդա իր իսկ գրածները»,- պատմեց Արթուրի հայրը:
Հարցականների մի ամբողջ շարք բացահայտեցի ինձ համար այս գործի հատորները կարդալիս: Օրինակ՝ այդպես էլ չի պարզվել, թե քանի պարկուճ է հայտնաբերվել: Դեպքի զննության արձանագրության մեջ նշած է յոթ, իսկ արձանագրության վերջում՝ հինգ պարկուճ: Գուգարքի կայազորի զինդատախազությունից գործը ՀՀ զինդատախազություն ուղարկելու մասին գրության մեջ դարձյալ նշված է հինգ պարկուճ: Զինվոր Էմիլ Մաթևոսյանի ձախ ազդրին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, կրակված չի եղել փորձաքննության ներկայացված 6 ավտոմատներից և ոչ մեկից: Եվ վերջապես. ինչպե՞ս կարող է կրակված լինել քնած մարդու վրա և պարկուճը հայտնվել նրա մարմնի տակ: Արթուրը նախաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք տալիս ասել է, որ բլինդաժում Մաթևոսյանին ու Մխիթարյանին կրակել է մեկական կրակոցով, բայց բլինդաժի բրեզենտի վրա հայտնաբերվել է 8 անցք: Սպանված զինվորներից երեքի հագուստի վրա նախ չի հայտնաբերվում որևէ վնասվածք, իսկ հունիսի 21-ին լրացուցիչ փորձաքննության ժամանակ վնասվածքներ են նշվում զինվոր Մխիթարյանի բուշլատի վրա:
Սակայն, արդյո՞ք դատարանը չի տեսել այս բոլոր հարցականները, երբ հաստատված է համարել Արթուր Մկրտչյանի մեղադրանքը՝ դատապարտելով 19-ամյա զինվորին մահապատժի՝ գնդակահարության միջոցով (մահապատժի դատավճիռները կայացվում էին, բայց ի կատար չէին ածվում 1991թ.-ից, Հայաստանը հայտարարել էր մորատորիում: 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Դատարանը քննության նյութ չի դարձրել Արթուրի կողմից ներկայացված ցուցմունքները սպանության այլ կատարողների մասին: Դատավճռում նշված է, որ Արթուրը անծանոթների մասը պարզապես հորինել է: Այս գործով դատապարտվել է ևս երեք անձ՝ Արթուրի հայրը (3.5 տարի), հրամանատար Բաբլումյանը կաշառք վերցնելու մեղադրանքով (3 տարի) և կապիտան Մելիք Մելիքյանը՝ դեպքից 2 ամիս առաջ մեկ այլ զինվորի ծեծելու մեղադրանքով (1 տարի պայմանական):
Իսկ վերջում դարձյալ ոչնչացված իրեղեն ապացույցների մասին, որոնք Արթուրի գործով ևս չեն պահպանվել: Դատավճռի վերջում կարդում եմ ինձ ծանոթ արտահայտությունը. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել»:
Այս հանգամանքը փակում է գիտության զարգացմամբ ԴՆԹ թեսթ կատարելու հիմքերը: Իսկ հայտնի է, որ այդ հիմքով ԱՄՆ-ում ու աշխարհի այլ երկրներում անգամ տասնյակ տարիներ անց մարդիկ ճանաչվում են անմեղ ու վերադառնում հասարակություն:
Հ.Գ. «Հետքը» դիմել է ԱՆ Քրեակատարողական վարչություն և ստացել թույլտվություն՝ հանդիպելու ցմահ դատապարտյալ, 18 տարի անազատության մեջ գտնվող նախկին շարքային զինվոր, այսօր արդեն 37-ամյա Արթուր Մկրտչյանի հետ: Հարցազրույցը նրա հետ՝ շուտով:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել