
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»:
Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:
Այս տեղեկությունը «Հետքը» ճշտեց վրացի գործընկերների միջոցով Թբիլիսիի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Կատի Տքեշելաշվիլիից:
Ըստ նույն աղբյուրի՝ երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լինեն վրացական կողմի մոտ, ևս մեկ դատական նիստ կկայանա, որտեղ դատարանը կորոշի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հարցը:
Հիշեցնենք, որ գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել:
2013թ. հունիսի 17-ից նախաքննական մարմնի որոշմամբ` Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Լուսանկարը՝ hraparak.am-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել