
Արկադի Տեր-Թադևոսյան. «Կարելի է ներում շնորհել հետախույզին»
Լուսանկարում հայր ու դուստր են` Սողոմոն ու Սյուզի Քոչարյանները: Սողոմոնը 19 տարի բանտում է`ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Սյուզին` կդառնար 19 տարեկան: Գարնան առաջին օրը նա ինքնասպանություն գործեց` չգտնելով իմաստ ապրելու առանց հոր և մոր: Մայրը` Ստելլան, մահացել էր ծանր տառապանքներից ու հիվանդությունից:
«Հետքը» հեռախոսով զրուցեց Սյուզի Քոչարյանի տատիկի` Զինա Քոչարյանի հետ, ով պատմեց, որ աղջիկը կարոտում ու սպասում էր հորը, մտքերով անընդհատ մահացած մոր հետ էր:
«Էրեխեն խաբել ա եղբորը, ասել ա` գնում եմ տատիկիս մոտ` Կալինինո, այսինքն` իմ մոտ, բայց գնացել է ձորն ու 25 մետրից գցվել: Սիրուն էրեխից բան չի մնացել: Էսօր թաղումն ա, բայց Սողոմոնիս չեն թողնում գա, իր աղջկան չի տեսել ամբողջ կյանքում, քաղցրությունը չի առել, գոնե թողնեին գար մի ժամով: Ինքը գիտի` ինչ ա եղել Սյուզիի հետ, հիմա իրեն պատեպատ ա տալիս: Ասում են` աշխատողները մոտն են, չեն թողնում մենակ: Ամբողջ ընտանիքը քայքայվեց, կինը մահացավ, աղջիկը ինքնասպան եղավ, ո՞րն էր Սողոմոնիս բանտում էսքան պահելու նպատակը…Սյուզիս ասում էր` պապաս բանտից գա, տատիկիս ու պապայիս հետ եմ ապրելու»,-պատմում էր Զինա Քոչարյանը:
Արդարադատության նախարարության ՔԿՎ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը պարզաբանեց, որ կարճատև մեկնում չի տրամադրվում ցմահ դատապարտյալներին, քանի որ Քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետով սահմանափակվում է այդ իրավունքը առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանց պարագայում: Նա նշեց, որ Սողոմոն Քոչարյանի հետ աշխատում է «Նուբարաշենի» հոգեբանը: Իսկ բանտերում հոգևոր ծառայություն իրականացնող խմբից տեղեկացանք, որ Գորիսում հոգևորական է այցելել աղջկա հոգեհանգստին, իսկ ցմահներին այցելող Տեր Գրիգորը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այսօր գնալու է բանտ Սողոմոնին հանդիպելու համար:
Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի կյանքն ուրիշ էր մինչև Ղարաբաղյան պատերազմը, իսկ հրադադարից հետո երկու անգամ կանտուզիա ստացած, երկու անգամ ռազմի դաշտում վիրավորված հետախույզը ընկնում է ծանր սոցիալական վիճակի մեջ: 1995 թ.-ին պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրված, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի քրեական գործին «Հետքն» անդրադարձել էր մի քանի ամիս առաջ` ներկայացնելով, թե ինչպես են Իրանին սիրաշահելու համար Հայաստանում ազատամարտիկի նկատմամբ կայացրել մահապատժի դատավճիռ (2003 թ.-ից նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում): Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելու ընթացքում իր խցակից Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ դիմել է փախուստի 2004 և 2009թթ.: Ընդհանուր առմամբ մեկ ամսից ավելի մնացել է ազատության մեջ, սակայն որևէ հանցավոր արարք չի կատարել: Ցմահ ազատազրկման մեջ կլանվել է ևս 15 տարվա պատժաչափ: «Հետքը» դեռ դեկտեմբերին դիմել էր ՔԿՎ, որպեսզի ստանա թույլտվություն այցելելու «Նուբարաշենի» բանտ` հարցազրույց անցկացնելու 19 տարի ազատազրկման վայրում գտնվող Սողոմոնի հետ: Սակայն դեռ պատասխան չենք ստացել:
Այս 19 տարիներին ազատամարտիկներ, հասարակական, մշակույթի գործիչներ մի քանի անգամ դիմել են ՀՀ նախագահներին Սողոմոն Քոչարյանին լրիվ կամ մասնակի (փախուստների համար) ներում շնորհելու խնդրանքով: Սակայն անարդյունք: Վերջին անգամ նման ստորագրահավաք է եղել 2012 թ.-ին, ստորագրել են հանրությանը հայտնի 33 անձինք, սակայն անգամ պատասխան չի ստացվել նախագահական նստավայրից: Իր ստորագրությունը հետախույզ Սողոմոն Քոչարյանին ներում շնորհելու խնդրագրի տակ դրել է նաև գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ով անձամբ շփվել է ցմահ դատապարտած հետախույզի հետ Սպայի տանը, երբ վերջինը կարճ ժամանակ զինադադարից հետո աշխատելիս է եղել այնտեղ: «Հետքի» հետ հեռախոսազրույցում գեներալ-մայորն ասաց. «Ցավում եմ, Ձեզնից եմ լսում, որ հետախույզի աղջիկը ինքնասպանություն է գործել, կինն էլ մահացել է: Դրանից մեծ պատիժ դժվար կարելի է պատկերացնել: Ինչով կարող եմ օգնել, պատրաստ եմ: Կարծում եմ, որ կարելի է ներում շնորհել հետախույզին»:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել