
«Նորաշեն 2007»-ի գործով հանդես են գալու գլխավոր մեղադրյալները
Վաղը Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեր տեղեկությունների, ցուցմունք է տալու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի տեղակալ Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը: Հիշեցնենք, որ 2012-ի հունվարից այս դատարանում քննվում է «Նորաշեն 2007» ՍԿ-ի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի գործը, որոնք մեղադրվում են քաղաքացիներին խաբելու եւ նրանց վճարած գումարների դիմաց բնակարաններով չապահովելու մեջ: Եվս 4 մեղադրյալի մասով գործն անջատվել է եւ քննվում է առանձին:
Մինչեւ 2013-ի նոյեմբեր ամիսը գործը քննում էր դատավոր Վազգեն Ռշտունին, որը հետագայում նշանակվեց Կոտայքի դատախազ, ինչն անակնկալ էր հատկապես տուժած բնակիչների համար, որոնք մեծ ակնկալիքներ ունեին նրանից: Ըստ տուժողների՝ Ռշտունին ձգտում էր դատավարությունը տանել նորմալ եւ արդար հունով: 2013-ի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել կազմի փոփոխություն. Ռշտունուն փոխարինել է դատավոր Մարինե Մելքոնյանը, որի վարույթ գործն ընդունվել է օրեր անց՝ դեկտեմբերի 3-ին: Մելքոնյանը նշանակվել է նաեւ մեղադրյալներ Ցոլակ Պետրոսյանի, Արտակ Մարտիրոսյանի, Վարդան Օհանյանի եւ Դավիթ Երեմյանի գործով դատավոր: Այս անձինք մեղադրվում են խարդախության եւ վաշխառության հիմքով:
«Հետքը» «Նորաշեն 2007»-ի վերաբերյալ հոդվածներում անդրադարձել է նաեւ պատմությունների, որոնցում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, այս քրգործին առնչվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, նախկին ու ներկա պատգամավորների, հայտնի գործարարների ու բարձրաստիճան սպաների անուններ:
Լուսանկարում՝ դատավոր Մարինե Մելքոնյանը
Մեկնաբանել