
Բնապահպանության նախարարը՝ Մաքսիմ Հակոբյանին պատկանող ընկերության վթարների մասին
Այսօր հանքարդյունաբերության թեմայով տեղի ունեցող միջազգային համաժողովին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարցրեցինք, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ մեկ տարվա ընթացքում պարբերաբար կրկնվող վթարների ուսումնասիրման ուղղությամբ, փորձաքննության ենթարկո՞ւմ են տեղի ունեցած վթարները:
«Նման դեպքերի վերաբերյալ ոչ միայն Քաջարանի, այլև ցանկացած ընդերք շահագործողական աշխատանքների ժամանակ որևիցե մի վթար, դա կլինի խողովակաշար, դա կլինի պոչամբար, արտանետում, որը կբերի բացասական երևույթների, մեր կողմից շատ վատ է ընդունվում, բնականաբար, օրենքով սահմանված կարգով մենք կազմում ենք արձանագրություն: Տվյալ ձեռնարկությանը ենթարկում ենք պատասխանատվության, տույժերի, տուգանքների, հետագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու: Եթե կունենաք նման դեպքեր, խնդրեմ՝ տրամադրեք մեզ»,- պատասխանեց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ տվյալ պահին ինքը չի հիշում, թե ինչքան է եղել ԶՊՄԿ-ի տուգանքների չափը, սակայն վստահ է, որ ամեն ինչ արվել է օրենքի համաձայն:
Ի գիտություն նախարարի. 2012-ին ԶՊՄԿ-ի վթարի հետևանքով Ողջի գետով 12 ժամից ավելի պոչանքներ էին հոսում, և բնապահպական տեսչության Սյունիքի մարզային բաժինը շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատեց մոտ 400.000 դրամ: 2013 թ. սեպտեմբերի 20-25-ին նույն կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել էր Նորաշենիկ գետը: Հնգօրյա վնասը տեսչության Սյունիքի մարզային բաժինը մոտավորապես հաշվարկել էր «1 միլիոն դրամի կարգի»: Իսկ նույն տարվա դեկտեմբերի 26-ին Նոր Աստղաբերդ (այստեղ են գտնվում Կապանի ջրամատակարարման ակունքները) համայնքում գործող, Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքում վթարի հետևանքով պոչանքները լցվել էին Նոր Աստղաբերդով հոսող Գեղի գետը: Նույն օրը ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերը կրկին թափվել էին Նորաշենիկ գետը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել