
Ինչո՞ւ են արտասահմանցի հանքարդյունաբերողները գալիս Հայաստան
Մարինե Բաղդասարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ է, ով հետազոտություն է արել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին: Նա այդ հետազոտության համահեղինակներից է: Մարտի 25-26-ին Երևանում տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովում «Բիտեա» ՀԿ-ի նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել էր այս հետազոտության մասին զեկույցը: Այն վերնագրված էր «Բնապահապանական և բնօգտագործման վճարները հանքարդյունաբերության ոլորտում»:
Մարինեն ասում է, որ իրեն հետաքրքիր էր հատկապես ոլորտի շղթան ուսումնասիրելը՝ խտանյութի ստացումից մինչև արտահանում, և իր համար ուշագրավ էր այն, որ բոլոր օղակների սեփականատերերն իրար կապված են: Այնուհետ նա սկսել է ուսումնասիրել հանքարդյունաբերող ընկերությունների՝ բնությանը հասցված վնասի ֆինանսական արտահայտությունը՝ ռոյալթիների, բնապահապանական, բնօգտագործման վճարների տեսակետից:
Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերության ոլորտը համեմատել են այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի հանքարդյունաբերությամբ: Մասնավորապես, համեմատել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հարկային դաշտերը: Որպես օրինակ Մարինեն նշում է ռոյալթիի դրույքաչափը մետաղական հանածոների համար, որը մի շարք երկրներում կիրառվում է բնօգտագործման վճարի հետ համատեղ: Ռոյալթին գերշահույթ ապահովող ոլորտից վճարվող լրացուցիչ հարկատեսակ է: «Հայաստանում գործում է միայն ռոյալթի, որը չի խրախուսում ռացիոնալ օգտագործումը, էական չէ՝ ինչքան ռեսուրս են արդյունահանում, էական է հասույթը»,- ասվում է Մ. Բաղդասարյանի և Է. Գրիգորյանի համատեղ զեկույցում:
Ըստ այդ զեկույցի՝ ռոյալթիի դրույքաչափը Կանադայում կազմում է 25 %, Գերմանիայում՝ 15,8 %, Միացյալ Թագավարությունում՝ 20 %, ԱՄՆ-ում՝ 30 %, Չինաստանում 10 %, իսկ Հայաստանում` 4+ % (սա ոչ ռեզիդենտ ընկերությունների եկամտահարկում ռոյալթիների տոկոսային չափն է): Զրուցակիցս նաև նկատում է, որ այլ երկրներում հանքարդյունաբերող ընկերությունները հարկ են վճարում թափոնների համար, իսկ Հայաստանում թափոնները չեն հարկվում:
«Համեմատականը բերեց նրան, որ մյուս երկրներում բավականին լուրջ հարկային մեխանիզմներ են գործում, և պատասխանատու հանքարդյունաբերություն է գործում, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին, այսինքն՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը միանգամայն արտոնյալ դաշտում է, ինչն էլ ներդրումային գրավիչ միջավայր է ստեղծում արտասահմանյան ներդրողների համար՝ այստեղ շահավետ բիզնես ծավելելու համար»,- ընդգծում է Մ. Բաղդասարյանը:
«Եթե վերցնենք մեր 1000 հարկատուների ցուցակը, որտեղ առաջին հորիզանականում Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատն է, 2013 թ. վերջինս 37,8 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել, բայց այդ գումարի մեջ շատ փոքր մաս են կազմում բնապահպանական և բնօգտագործման վճարները, այսինքն՝ շրջակա միջավայրն աղտոտելու տեսանկյունից փոխհատուցումն այնքան էլ մեծ չէ»,- նշում է նա:
Մարինեի խոսքով՝ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է պետությանը, բայց այն պետք է լինի հարկային ճշգրիտ օրենսդրական դաշտում: «Ոչ մի երկրում այդպիսի պրակտիկա չկա, որ թափոնները չհարկվեն: Ո՞նց կարող է թափոնը չհարկվել: Մի փոքր աբսուրդային ժանրից է: Դա գալիս է նրանից, որ նախկինում հանքերը եղել էին պետական, և դրույքաչափերի ինչ-որ փոփոխություն կա: Այդ իմաստով համապարփակ հետազոտություն պետք է կատարել, որպեսզի կոնկրետ թվերի, արդյունքների հասնել»,- ասում է նա:
Նրա համահեղինակած զեկույցում կան մի քանի առաջարկներ ոլորտի հարկային օրենսդրության մասին, ինչպես օրինակ.
. Ընդունել լեռնամետալուրգիայի թափոնների դասակարգում և մտցնել հարկման դաշտ՝ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ և հանդիսանալով ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գործիք
. Ռոյալթիները պետք է ոչ թե փոխարինեն բնօգտագործման վճարներին, այլ լրացնեն
. Բնօգտագործման վճարների դրույքաչափերը պետք է հիմնված լինեն ռեսուրսների շուկայական գների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ էկոլոգատնտեսական հաշվարկների հիման վրա:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել