Թեղուտի օֆշորային թնջուկը և Վալերի Մեջլումյանի բիզնես-կայսրությունը
Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան
Թեղուտի ընդերքից շահույթ ստանալու են Կիպրոսի 3 քաղաքացի և գործարար Վալերի Մեջլումյանը: Սա, սակայն, միայն փաստացի կամ տեսականորեն: Վալերի Մեջլումյանն ամեն ինչ այնպես է խճճել, որ որևէ մեկը չկարողանա պարզել, թե իրականում ում հետ է նա «կիսում» Թեղուտի ընդերքը:
Թեղուտի համար բնապահպան ակտիվիստների պայքարը ոչ մի արդյունք չտվեց: Արդեն հատվել է 140 հա անտառ: 2013թ. փետրվարին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրեց ընդերքօգտագործման իրավունք պղինձ-մոլիբդենի արդյունահանման համար: Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցումը նախատեսվում է ավարտել և պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանումն ու ապրանքային խտանյութերի արտադրությունը սկսել 2014թ. երրորդ եռամսյակում, այսինքն՝ այս տարվա ամռանից:
Ո՞վ կամ ովքե՞ր են թաքնվում Թեղուտի հետևում
Կիպրոսյան օֆշոր
Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2006-ին: 100% բաժնետերը մայր ընկերություն համարվող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (ACP) է եղել: 2008թ. խումբը վարկային պայմանագիր է կնքել «ՎՏԲ բանկ»-ի հետ՝ Թեղուտի հանքը շահագործելու համար ավելի քան 283 մլն դոլար ստանալու նպատակով:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 2011թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ 2011թ. նոյեմբերին, որպես «ՎՏԲ» խմբի հետ կնքված ֆինանսավորման պայմանագրի մաս, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է Կիպրոսում գրանցված «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ՍՊԸ-ին (Teghout Investments Limited): Այժմ կիպրոսյան ընկերության բաժնետոմսերի 50.05 %-ը պատկանում է «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին, իսկ մնացածը` «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի կողմից ղեկավարվող «ՎՏԲ» խմբին: Այդպես, համենայնդեպս, «Վալլեքսն» է ասում:
Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման պաշտոնական ռեգիստրի`«Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ»-ը երկու բաժնետեր ունի` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (50.05 %) և Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերություն` Nairi Infrastructure Capital Limited (49.95 %): Nairi Infrastructure Capital Limited-ի բաժնետերը կիպրոսյան մեկ այլ ընկերություն է` A.T.S. Nominees Limited, որի բաժնետերերը երեք հույներ են` նույն ազգանունով, գրանցված են նույն հասցեում (տես գծագրում):
Թե ինչ կապ ունեն կիպրոսյան այս ընկերությունները Թեղուտի հանքավայրի և «ՎՏԲ բանկ»-ի հետ, փորձեցինք ճշտել անձամբ Վալերի Մեջլումյանից: Սակայն վերջինս հրաժարվեց մեզ բանավոր հարցազրույց տալուց: «Թեղուտ» ՓԲԸ-ի հանրային կապերի գրասենյակից տեղեկացրին, որ Վալերի Մեջլումյանը երկրում չէ, և մեր հարցերին իրենք կարող են գրավոր պատասխանել: Մինչդեռ երկու օր հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լոռու մարզ, և Վալերի Մեջլումյանը նրա հետ շրջում էր Թեղուտի հանքավայրում:
««Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի մնացած մասի բաժնետերը «Վալլեքս» խմբի ընկերություն չէ, և մենք որևէ իրավասություն չունենք այդ ընկերության մասին որևէ տեղեկատվություն հրապարակելու: Այդուհանդերձ, հայտնում ենք, որ Nairi Infrastructure Capital Limited ընկերությունը ստեղծվել է «ՎՏԲ խմբի» կողմից բացառապես Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով համատեղ ձեռնարկության պայմանագրի կնքման ու դրա կենսագործման համար, և վարկային պայմանագրերի գործողության ընթացքում տիրապետում է «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերության միայն «Բ» կարգի (չքվեարկող) բաժնետոմսերին»,- նշել է «Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը` պատասխանելով մեր հարցմանը:
««ՎՏԲ-ն ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի տնօրինում «Թեղուտ» ՓԲԸ-ն: ՎՏԲ Բանկը կնքել է միջոցներ տրամադրելու մասին վարկային համաձայնագիր «Թեղուտ» ՓԲԸ հետ 2011թ. Հայաստանի կառավարության աջակցությամբ»,- այսպիսի պատասխան ստացանք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից: Իսկ մենք հարցրել էինք, թե ինչպես է բանկը ստեղծել այդ ընկերությունը, եթե դրա հիմնադիրների կամ բաժնետերերի մեջ բանկը չկա, ի՞նչ առնչություն ունի Nairi Infrastructure Capital Limited-ը «ՎՏԲ» խմբի հետ, ովքե՞ր են ընկերության բաժնետերերը, ինչո՞ւ է այն ստեղծվել Կիպրոսում, այլ ոչ թե, ասենք, Հայաստանում կամ Ռուսաստանի Դաշնությունում»:
Բանկի պատասխանը հակասում է «Թեղուտի» տեղեկություններին, և ստացվում է, որ բանկը կապ չունի կիպրոսյան ընկերության հետ, իսկ համաձայնագիրը կնքվել է Հայաստանի կառավարության աջակցությամբ: Իսկ գուցե Հայաստանի կառավարությունը գիտի՞, թե ում է պատկանում Nairi Infrastructure Capital Limited-ի 49.95 բաժնեմասը:
Լիխտեյնշտեյնյան օֆշոր
Վալերի Մեջլումյան Լուս.՝ ACP-ի կայքից |
«Թեղուտ» ՓԲԸ-ն «Վալլեքս գրուպ»-ի ընկերություններից մեկն է, իսկ խումբը բաղկացած է բազմաթիվ ընկերություններից: Դրանց հիմնադիրների և բաժնետերերի մեջ կան նաև օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ: Գրեթե բոլոր ընկերությունների հետ կապն ապահովում է գործարար Վալերի Մեջլումյանը:
Ընդհանրապես, «Վալլեքս» խումբը, բացի հանքարդյունաբերությունից, մի շարք բիզնես-նախագծեր է իրականացնում և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալում, օրինակ` տուրիստական («Վալլեքս Տուր»), տեխնոլոգիական («Վալլեքս Այ-Թի», որը Dell-ի հայաստանյան ներկայացուցչությունն է), բժշկական, կոսմետոլոգիական, առևտրային և այլ տիպի: Խմբի ընկերությունների մայրը համարվում է Հայաստանում գրանցված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (ACP): Մինչ 2011թ. ACP-ն ուներ երկու բաժնետեր` 80.7 տոկոսի բաժնետերը Լիխտեյնշտեյնում գրանցված Vallex F.M. Establishment էր, 19.3%-ինը` Վալերի Մեջլումյանը: «Արմենիա Քափր Փրոգրամ»-ի բաժնետերերի մեջ եղել է նաև «ԷԼԵԿՈՄ ԷՅՋԻ» (ներկայումս կոչվում է Marano Besitz- & Verwaltungs AG) ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում: Որոշ ժամանակ հետո այս ընկերությունը դուրս է եկել բաժնետերերի ցանկից և այժմ լուծարման փուլում է: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետերը այժմ Վալերի Մեջլումյանն է:
Vallex F.M. Establishment-ը, սակայն, առանցքային դերակատարություն ունի այս ցանցում: Այն կապում է Վալերի Մեջլումյանի հայաստանյան բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում ունեցած բիզնեսին:
Vallex F.M. Establishment ընկերությունը բաժնետեր չունի (Լիխտեյնշտենյան օրենսդրությունը դա թույլ է տալիս), ընկերության միակ և վերջնական շահառուն, ինչպես նաև տնօրենը, Վալերի Մեջլումյանն է: Մեր ձեռք բերած փաստաթղթում երևում է, որ այս ընկերությունը, ACP-ից բացի, ունի այլ դուստր ընկերություններ: Դրանցից մեկը Ռուսաստանում գրանցված M.K.V. ընկերությունն է (գրանցման հասցեն` Старокалужское шоссе, д. 62):
Ռուսաստանյան բիզնես
Մոսկովյան վերոնշյալ հասցեում, բացի M.K.V. ընկերությունից, գործում է նույնանուն, բայց ՌԴ-ում գրանցված «Валлекс Ф.М.Эст» ընկերությունը: Ընկերության կապիտալում թեկուզ չնչին (0,0001), բայց մասնաբաժին ունեն Թեղուտի հանքավայրը շահագործող կիպրոսյան «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ընկերությունը և «Վալլեքս» խմբի մեկ այլ՝ «Քեյ-Էս-Էմ-Էյ» ընկերությունը (99.9999%):
«ՎՏԲ բանկ»-ից ստացված վարկն ապահովված է «Валлекс Ф.М.Эст» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 99.9999% բաժնեմասի գրավով: Բացի այդ, գրավադրված են ընկերության շարժական ու անշարժ գույքը: Թեղուտի հանքը շահագործեու նպատակով «ՎՏԲ բանկ»-ից ստացված հիմնական գումարի և տոկոսների մարումը սկսվելու է 2015 թվականից:
Ստարոկալուժսկոյե 62 տուն (Старокалужское шоссе, д. 62) հասցեում տեղակայված է նաև ատամնաբուժական կլինիկա, կրթամեթոդական կենտրոն, ինչպես նաև կոսմետոլոգիական գործունեությամբ զբաղվող ընկերությունը՝ VallexM ՍՊԸ-ն (ստեղծվել է 2008-ին, տնօրենը հայազգի Հրաչ Ռաֆիկի Պողոսյանն է): Հիմնադիր և մասնակիցներ են Հայաստանում գրանցված «Էլ-Էմ-Այ Կապիտալ» ՓԲԸ-ն (51%) և տնօրեն Հրաչ Պողոսյանը (49%): «Էլ-Էմ-Այ Կապիտալ» ՓԲԸ-ն գրանցված է «Վալլեքս խմբի» ընկերությունների` Խանջյան 19 հասցեում: Սրա հիմնադիրն էլ խմբի մեկ այլ ընկերություն է՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն: Եվ սա դեռ ամենը չէ: «Վալլեքսի» հետ առնչվող մեկ տասնյակից ավելի ընկերություններ կան Ռուսաստանում:
Արցախյան բիզնես
«Վալլեքսը» գործունեություն է ծավալում նաև Արցախում: «Բեյզ Մեթըլս» ընկերությունը շահագործում է Արցախի Դրմբոնի պղնձ-ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Ստեփանակերտում խոյանում է «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրը:
««Վալլեքս» խմբում ոչ ֆորմալ հիմքերով միավորված են ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և այլ պետություններում գործող միավորներ: Ի լրումն սեփականատիրոջ ընդհանրության՝ այդ ընկերություններին միավորում է տնտեսական գործունեության հիմնարար սկզբունքների, գործարար էթիկայի կանոնների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության և արժեհամակարգային այլ հարցերում ընդհանրությունը»,- նշել է «Վալլեքսի» խմբի մամուլի պատասխանատուն:
Չնայած Թեղուտի հանքավայրի հումքի արդյունահանումը դեռևս չի սկսվել, սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների 2013թ. ցուցակում զբաղեցրել է 66-րդ տեղը՝ վճարելով ավելի քան 107 մլն դրամ: ACP-ն 77-րդ տեղում է, վճարել է ավելի քան 8 մլն դրամ: «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն 155-րդ հորիզոնականում է, վճարել է ավելի քան 48 մլն դրամ հարկ: Հարկ վճարողների վերջին 100 հարկատուների ցանկում տեղ է գտել նաև «Վալլեքս Այ-Թի»-ն՝ 1.5 մլն դրամ հարկով:
2012թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների հասույթը, ըստ հրապարակված վերջին հաշվետվությանը, կազմել է 43.4 մլն դրամ, որից շուրջ 43 մլն-ը՝ սև պղնձի վաճառքից, մնացյալը կազմել են այլ արտադրանքի վաճառքը և մատուցված ծառայությունները:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել