
«Մազերիցս քաշելով տարան դեպի մեքենան»
Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ: «Հետքը» զրուցեց ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում գտնվող Անի Խաչատրյանի հետ, ով պատմեց, որ պարզապես խմբով կանգնած են եղել Մաշտոցի պուրակում, որևէ գործողություն չեն կատարել:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ բերման են ենթարկվել Դվին Իսանյանսը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյան:
«Սպասում էինք Ֆրանսիայի նախագահի ժամանելուն, հանկարծ մոտեցան ոստիկաններն ու առանց որևէ հիմք ներկայացնելու մի քանի քաղաքացու քաշքշելով տարան դեպի ոստիկանական մեքենաները: Մազերիցս քաշելով, վատ խոսքերով մտցրեցին մեքենան, ինձ հետ մի տղա էլ կար, բայց իրեն հետո տեղափոխեցին ուրիշ տեղ»,-«Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց Անի Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաբան չկա իրենց մոտ:
Բերման ենթարկված Անի Խաչատրյանն ահազանգել է ՄԻՊ գրասենյակ:
Հիշեցնենք, որ երեկ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ էին հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նամակում նրանք կոչ էին արել նախագահին ու դեսպանին չմասնակցել Մաշտոցի պուրակի անվանափոխմանը մասնակցելու միջոցառմանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել