
Դատախազն ու դատավորը կարծում են, որ «Վարդան Պետրոսյանը փախուստի կդիմի, ճնշում կգործադրի վկաների վրա»
«Մենք ճանապարհային վթար ենք քննարկում, ոչ թե մարդասպանության գործ»
Վարդան Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. այսօրվա դատական նիստին դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց պաշտպան Մարի Լոռ Դոզեի միջնորդությունը խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հրապարակեց միջորդությունը մերժելու մասին որոշման եզրափակիչ մասը:
![]() |
![]() |
Մարի Լոռ Դոզեն, ում խոսքը դատարանում թարգմանում էր ֆրանսերեն բանավոր ու գրավոր թարգմանության արտոնագիր ունեցող նոր թարգման Անահիտ Մեսրոպյանը, ներկայացրեց իր միջնորդությունը, որն անցյալ նիստին չկարողացավ ներկայացնել նախկին թարգմանչի ոչ լիարժեք թարգմանության պատճառով:
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը նշեց. «Վարդան Պետրոսյանը, լինելով երկքաղաքացի, գտնվում է մի դատարանում, որտեղ օրենքների լեզուն նույնն է, ինչ մեր դատարանում: Կարելի է ասել, որ հայկական օրենսդրությունը ֆրանսիականի copy-paste տարբերակն է: Կալանքը ինչպես մեր, այնպես էլ ձեր օրենսդրությամբ պիտի լինի բացառիկ, իսկ ազատությունը՝ կանոն: Առանց հիմքերի կալանքի տակ շուրջ 7 ամիս գտնվելը իմ պաշտպանյալի անմեղության կանխավարկածն է խախտում: Երբ առաջին անգամ եկա դատարան, լսեցի տուժողների խոսքերն ուղղված Վարդան Պետրոսյանին՝ «Թշվա՛ռ հարբեցող, ասա՛, որ խմել ես»: Բանը հասավ նրան, որ թռուցիկներ էին բաժանում, որ Վարդան Պետրոսյանը իր ներկայացումներից մեկի ժամանակ ասել է՝ «Ֆրանսիայում ընկերներով ուտում-խմում էինք»: Պարզ է, որ առանց ալկոհոլի ամեն ինչ դատարկ կերևա: Բայց զարմանալին այն է, որ նման ասեկոսեները դատարանում են տարածվում: Ուղղակի ապշած եմ. Երևանում փողոցում մարդկանց հետ զրուցել եմ այս գործի մասին, ասում են, որ ալկոհոլի հետ կապված խնդիր է: Եթե ոմանք իջնում են այդ մակարդակին, միգուցե նորմալ է, բայց երբ դատարանում է դա արվում, չեմ հասկանում: Դրանով մենք ամրապնդում ենք տուժողների ատելությունը, որը բնական է, բայց այն չպիտի դատարան մտնի»,- նշեց Մարի Լոռ Դոզեն՝ շեշտելով, որ կալանքի որոշման մեջ որպես կալանքի տակ պահելու հիմք նշվել է նաև «բարոյականության տեսանկյունը», քանի որ զոհվել է երկու երեխա: Ըստ ֆրանսիացի փաստաբանի, բարոյականությունը արդարադատության հետ կապել, սխալ է:
Մարի Լոռ Դոզեն անդրադարձավ նաև մեղադրողի ու տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ միմյանց հետ նստելու հարցին. «Ես նրանց նույնիսկ չեմ կարողանում տարբերել: Դատախազը պիտի ներկայացնի պետությունը, հասարակությունը, իսկ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները պիտի ներկայացնեն տուժողների շահերը»,-նշեց փաստաբանը (դատախազն առարկեց, թե տարբերություն չկա՝ ով որտեղ է նստում: Փաստաբանն էլ նշեց, որ այդ դեպքում կարող են նստել նաև նախագահողի կողքին):
Ըստ փաստաբան Դոզեի, կալանքն անօրինական է, քանի որ չի բխում օրենքից, քանի որ չկա փախուստի վտանգ (Վ.Պետրոսյանի անձնագրերը նախաքննության մարմնի մոտ են), չկա հանրային վտանգավորություն (Պետրոսյանի գործունեությունն է դա ապացուցում), չկա դատական անցյալ, վկաների ու տուժողների վրա ճնշում գործադրելու կասկածի հիմք:
«Տուժողների ցանկությունները բավարարելով արդարադատության չենք գնա: Հաճախ լսում եմ նման կարծիք՝ ինչպես նրա ազատել, չէ՞ որ երկու երեխա է զոհվել: Հանրային կարծիքը կարող է լինել հուզումների գերի, բայց՝ ոչ արդարադատությունը: Մարտի 31-ի նիստին Դուք ինձ ստիպեցիք լռել՝ վկայակոչելով քրեական դատավարության 83-րդ հոդվածը, ես ուսումնասիրեցի այն: Ասեմ, որ Դուք չափազանց խստապահանջ եք մոտեցել այդ կետին: Հիմա ես պահանջում եմ, որ նույնպիսի խստապահանջությամբ մոտենաք նույն օրենսգրքի 134-րդ հոդվածին (խափանման միջոցի ընտրության-հեղ.): Արդյո՞ք թարգմանչի մասին դրույթները գերակշռում են Ձեզ մոտ մարդու ազատության իրավունքից»,-ասաց փաստաբանը:
«Ես խոսեցի մասկարադի մասին, բայց, հուսով եմ, այն այլևս չի շարունակվի»
Իր միջնորդությունը Լոռ Դոզեն ավարտեց մասկարադի մասին հիշատակումով. «Նախորդ նիստին ես խոսեցի մասկարադի մասին, բայց, հուսով եմ, այն այլևս չի շարունակվի»: Նա համոզմունք հայտնեց, որ մի քանի տարի անց Հայաստանը ևս մեկ պարտված գործ է ունենալու մարդուն ազատությունից անհիմն զրկելու հիմքով, որը կկոչվի Վարդան Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի:
Միջնորդության ավարտից հետո դահլիճը ծափահարեց: Դատավոր Մկրտչյանը նախազգուշացրեց դահլիճին, որ այլևս նման բան չկրկնվի:
![]() |
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը |
Դատախազ Արթուր Սարգսյանը միջնորդության կապակցությամբ ասաց. «Ինձ համար դեռ մնում է խնդիր այն, որ Վարդան Պետրոսյանը փախուստի կդիմի, ճնշում կգործադրի վկաների վրա»: Այդ հիմքով նա միջնորդեց մերժել պաշտպանի միջնորդությունը:
Վարդան Պետրոսյանն էլ շնորհակալություն հայտնեց դատախազ Սարգսյանին. «Ես առաջին անգամ լսեցի երկու կետ, թե ինչու եմ գտնվում կալանքի տակ: Շնորհակալ եմ, փառք Աստծո: Անձնագրերս Ձեզ մոտ են, կես դար է ապրում եմ այստեղ: Ես փախչող չեմ: Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ ինձ փակելով՝ փակեցին Հակոբյանների հետ մերձեցման հնարավորությունը»,-ասաց Վարդան Պետրոսյանը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ ինքը այդպես էլ չհասկացավ, թե Մարի Դոզեի ելույթն առարկություն էր, միջնորդություն էր, թե պաշտպանական ճառ: «Ես կասեի, որ ավելի շուտ դաստիարակչական բնույթ էր կրում: Պաշտպանը գնահատական տվեց գործով դեռ չհետազոտված ապացույցների: Չեմ գտնում, որ պաշտպանական կողմը դրա իրավունքն ուներ: Կան փաստեր, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել դատաքննությանը: Դրա վառ ապացույցն այն է, որ սթափության մասին արձանագրությունը կազմվել է բազում սխալներով»,- նշեց Ռուբեն Բալոյանը: Տուժող կողմի պաշտպանները դատարանին խնդրեցին մերժել միջնորդությունը, քանի որ ազատության մեջ լինելով, ըստ նրանց, Վարդան Պետրոսյանը կխոչընդոտի դատաքննությանը:
Փաստաբան Մարի Լոռ Դոզեն՝ դիմելով դատարանին ասաց. «Փախուստի վտանգի կասկածը Դուք պիտի հիմնավորեք, ոչ թե պաշտպանական կողմը: Ասել ու անցնել, որ կա փախուստի վտանգ, սխալ է: Դուք պետք է ապացուցեք, որ կան հիմքեր նման կասկած ունենալու համար»: Սակայն դատարանը, դատախազը չներկայացրեցին, թե կան արդյոք նման ապացույցներ, որ Վարդան Պետրոսյանը կարող է փախչել:
Փաստաբանի օգնականը հեռացվեց դահլիճից
Նշենք նաև, որ դատական նիստի սկզբում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի օգնական Սլավիկ Պողոսյանը նստել էր փաստաբանի կողքին: Բաղդասարյանն ու իր օգնականը դատարանին ներկայացրեցին փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Սլավիկ Պողոսյանը Նիկոլայ Բաղդասարյանի օգնականն է և, ըստ ՀՀ Փաստաբանության մասին օրենքի, օգնականի կարգավիճակը հանդիսանում է փաստաբանին հավասարեցված, սակայն դատարանը թույլ չտվեց նրան նստել փաստաբանի կողքին: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մինչ այդ Սլավիկ Պողոսյանը մասնակցել է տարբեր նիստերի ու նաև նստել իր կողքին, որևէ դատավոր չի խոչընդոտել: Սլավիկ Պողոսյանը չցանկացավ նստել դահլիճում, ինչպես կարգադրում էր դատավորը, այլ ասաց, որ դատարանը կարող է սանկցիա կիրառել իր նկատմամբ: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դահլիճից հեռացրեց Սլավիկ Պողոսյանին՝ փաստաբան Բաղդասարյանի դիտարկումից հետո, ըստ օրենքի պահանջի նշելով նաև սանկցիայի տարածման ժամկետը՝ 4 ժամ:
Նիստը հետաձգվեց մինչև մայիսի 30-ը
Դատարանի որոշումից հետո ընթերցվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների՝ Ռուբեն Բալոյանի ու Զարուհի Վարդանյանի դիմումը դատարանին, որով նրանք խնդրում էին հետաձգել նիստը, քանի որ այլ գործով մասնակցելու էին քննչական գործողության: «Ես կիլոմետրեր եմ կտրել-հասել Հայաստան, որ ներկա լինեմ այս նիստին, իսկ իմ կոլեգաները այլ գործով գնացին: Ես այդպես չէի վարվի, եթե իրենք նման խնդիր ունենային»,-ասաց Մարի Լոռ Դոզեն: Իսկ Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հիշեց առաջին դատական նիստը, երբ ինքն այլ նիստի էր եղել, իսկ իր բացակայությունը մեկնաբանվել էր իբրև դատական նիստի անհարկի ձգձգում: Դատավոր Վաղինակ Մկրտչյանն էլ շեշտեց, որ այս նիստը նշանակվել էր՝ հարմարվելով Մարի Լոռ Դոզեի հետ, որպեսզի նրան հնարավորություն տրվի ներկայացնել իր միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 30-ը:
Հ.Գ. Դատական նիստին չէին ներկայացել տուժող Հակոբյանները: Նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց դատարանին, որ պատճառը երկու տղաների մահվան 7 ամիսն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել