
Երբ վկային բաց են թողել ոստիկանության բաժնից, նա երկու օր արյուն է միզել
21 տարեկանում ձերբակալված Արեն Չատինյանին Սիրակ Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրելու հիմքում սպանվածի հեռախոսից իր քարտով կատարված զանգն է դրվել և Արենի բարեկամ վկայի ցուցմունքն ու առերեսումն է, որտեղ վկան նշել է, որ Արենը սպանության գիշերը եկել է իր մոտ ու ասել, որ մարդ է սպանվել: Սակայն դատավարության ժամանակ նույն վկան (անունը չենք հրապարակում-հեղ.) ցուցմունք է տվել, որ 2 օր իրեն պահել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, ենթարկել բռնության ու կորզել Արենին մեղադրող ցուցմունք: «Հետքի» հետ զրույցում Արենի մայրը պատմեց, որ երբ իրենց բարեկամ վկային բաց են թողել ոստիկանության բաժնից, նրա ընտանիքի պատմելով, երկու օր արյուն է միզել:
Այս գործով կատարված բոլոր փորձաքննությունները հերքել են Արեն Չատինյանի (6 տարի է ցմահ բանտարկյալ է) առնչությունը սպանությանը (քրտինք, արյուն, եղունգների տակից վերցված նմուշներ, մատնահետքեր և այլն):
Այնուամենայնիվ, այս ամենը չի խանգարել, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայքների առաջին ատյանի դատարանը, արդեն թոշակի անցած դատավոր Մհեր Խաչատրյանի նախագահությամբ, կայացնի մեղադրական դատավճիռ՝ ցմահ ազատազրկում պատժատեսակով: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանն առհասարակ քննության չի առել:
Այս գործը թեպետ անցել է ներպետական դատական երեք ատյաններով, հասել ՄԻ Եվրոպական դատարան, սակայն արդար դատաքննության իրավունքի խախտում չի արձանագրվել:
Մինչ օրս էլ Արեն Չատինյանի ու նրա ընտանիքի բոլոր բողոքներին ի պատասխան գալիս է նույնաբովանդակ գրություն այն մասին, որ գործը վերաբացելու համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:
Սպանության այլ վարկած չի քննվել
21 տարեկանում ձերբակալված Արեն Չատինյանի քրեական գործում տաքսու վարորդ, նաև ոսկերիչ Սիրակ Մարտիրոսյանի սպանության գործով այլ վարկածներ չեն ստուգվել: Փաստաբան Վարդան Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ թեև մատնադրոշմային փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ սպանության վայրում հայտնաբերվել են նույն անձի մատնահետքերն, ինչ 2004 թ.-ին Ամիրյան 18Ա շենքից կատարված գողության վայրից, այդուհանդերձ այդ ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Փորձ չի արվել պարզել, թե ինչ գործ ունեն սպանության վայրում ինքնությունը չպարզված անձի մատնահետքերը:
Քրեական գործում հիշատակում կա ևս մեկ գողության մասին, որը տեղի է ունեցել Սիրակ Մարտիրոսյանի սպանությունից 2 տարի առաջ՝ 2006 թ.-ին: Այս դեպքում էլ կողոպտել են սպանված տաքսիստի հոր հորեղբոր (ոսկերիչ է եղել) բնակարանը (Արամ Խաչատրյան 64 շենք)՝ պատճառելով ավելի քան 15 մլն դրամի նյութական վնաս:
Գողը դարձյալ հափշտակել է հիմնականում ոսկյա ու արծաթյա զարդեր՝ ավելի քան 15 մլն դրամի (Ամիրյան 18Ա շենքի գողության նույն ձեռագրով):
Այս գործով 2006-ին վկայություն է տվել նաև տաքսիստ Սիրակը՝ նշելով, որ ոսկերչություն սովորելու ժամանակ մնացել է հոր հորեղբոր տանը (որտեղից էլ կատարվել է գողությունը), սակայն պատկերացում չունի, թե ովքեր կարող է գողություն կատարեին նրա տնից:
Քննիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ուշագրավն այն է, որ այս գողության գործով քննիչը եղել է նույն Բաբկեն Մարտոյանը, ով 2 տարի անց վարել է նաև Արեն Չատինյանի գործը՝ Սիրակ Մարտիրոսյանի սպանության մասով: Քննիչ Բաբկեն Մարտոյանը այս գողության գործով կայացրել է կասեցման որոշում՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով (2004 թ.-ին Ամիրյան 18Ա շենքի գողության գործը ևս կարճվել է նույն հիմքով): Սակայն քննիչը դարձյալ որևէ կապ չի տեսել 2 գողությունների ու Սիրակ Մարտիրոսյանի սպանության միջև: Չեն քննվել գողությունների, Սիրակի ոսկերչական գործունեության հետ կապված վարկածները:
Քննիչ Մարտոյանը 2009 թ.-ին մեղադրվել է մեկ այլ գործով ապացույցները խեղաթյուրելու մեղադրանքով: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Արենի մայրը՝ տիկին Ալլան, կարծում է, որ նույն կեղծիքներն էլ իր որդու գործում են, թերևս, արվել նույն քննիչի թեթև ձեռքով: Բայց այս ամենը հիմք չի համարվում դատախազության կողմից, որպեսզի գոնե ուսումնասիրվի Արեն Չատինյանի քրեական գործը: Օրինակ, ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ քննիչի կասկածելի գործերով նրանց մյուս գործերը ևս վերաբացելու հարց է բարձրացվում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել