HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցի համար «փակ» ինֆորմացիան ստացվել է ՄԻ պաշտպանի միջամտությամբ

«Հետքը» դիմել էր ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ բարձրաձայնելով, որ պետական տարբեր օղակներ չեն տրամադրում պահանջված ինֆորմացիան, հետևաբար խախտվում է լրատվամիջոցի տեղեկություն ստանալու իրավունքը: Խոսքը վերաբերում էր դատաիրավական ոլորտին: Հարցված ինֆորմացիայի տրամադրումը ստանդարտ ձևակերպումներով մերժվում էր` նման վիճակագրություն չի վարվում:

Անհրաժեշտ ինքնապաշտպանության մասին վիճակագրություն կա

«Հետքը» ցանկանում էր պարզել, թե Հայաստանում տարեկան միջին վիճակագրությամբ քանի անգամ է կիրառվում ՔՕ 42 հոդվածը՝ (անհրաժեշտ պաշտպանություն, որը կիրառվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ) որպես քրեական հետապնդման դադարեցման հիմք: Մենք ուզում էինք պարզել ու հանրությանը ներկայացնել՝ արդյո՞ք Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը Հայաստանում միակ ինքնապաշտպանվողներն են, թե ոչ:

Գրեթե բոլոր համապատասխան պետական մարմիններից «Հետքը» ստանում էր նույնաբովանդակ պատասխան. «Նման վիճակագրություն չենք վարում»:

Սակայն պարզվում է` նման վիճակագրություն կա: Նույն ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հարցմանն ի պատասխան ստացվել է գրություն, ըստ որի 2009-2013թթ. ընթացքում ՔՕ 42-րդ հոդվածի հիմքով կարճվել է 3 քրեական գործի վարույթ (2009, 2010, 2012 թվականներին): «Մի դեպքում անձը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, 2 դեպքում՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցմամբ»,- գրված է Կարեն Անդրեասյանին տրամադրված գրության մեջ, որը նա հասցեագրել է «Հետքին»:

Վիճակագրություն կա նաև պայմանական վաղաժամկետ ազատման մասին

«Հետքը» դիմել էր ՄԻ պաշտպանին նաև պայմանական վաղաժամկետ ազատման կիրառման վերաբերյալ (ըստ ՔՕ մի շարք հոդվածների) ինֆորմացիա ստանալու նպատակով (հաշվի առնելով խմբագրությանն ուղղված` դատապարտյալների բողոքները պայմանական վաղաժամկետ ազատման չկիրառման վերաբերյալ): Համեմատական վերլուծություն կատարելու համար նշել էինք 2 տարեթիվ՝ 2006 (երբ նոր էր հիմնվել անկախ հանձնաժողովների ինստիտուտը) և 2013 թվականները: Նշենք, որ մինչ այդ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն «Հետքին» պատասխանել էր, որ պայմանական վաղաժամկետ ազատվածների վերաբերյալ, ըստ ՔՕ հոդվածների, վիճակագրություն չի վարվում:

Սակայն Արդարադատության նախարարությունից Կարեն Անդրեասյանին հայտնել են, որ, օրինակ, 2006թ. ՔՕ 104 հոդվածով (սպանություն) դատապարտվածներից 43-ը պայմանական ազատություն են վերադարձել, իսկ 2013-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է սպանության հոդվածով դատապարտված ընդամենը 1 անձ: 

Ցմահ դատապարտյալների մասին տեղեկատվությունը ևս հասանելի դարձավ

Պաշտպանի միջոցով մենք ստացել ենք նաև Հայաստանում պատիժը կրող 102 ցմահ դատապարտյալների մասին ինֆորմացիան: Մասնավորապես՝ ո՞ր թվականին է անձը դատապարտվել, ո՞ր դատարանի կողմից, ե՞րբ է սահմանված պատժի սկիզբը, նախկինում դատապարտված եղե՞լ է անձը, թե՞ ոչ: Այս ինֆորմացիան ևս փակ էր լրատվամիջոցի համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter