HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Չհարմարված կյանքեր. սիրիահայերից ոմանք երազում են գնալ այլ երկիր

Սիրիահայ Մարալ Նալբանդյանը Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում ապաստանելուց առաջ մոտ մեկ տարի չէր լողացել:

«Էն տանը որ մնում էինք, բաղնիքը բակում էր ու դռան փոխարեն վարագույր էր քաշած,- «Հետքին» պատմում է նա,- ձմռանը ցուրտ էր, ամռանն էլ՝ ախր գոց չէր, անհանգիստ էի, դուն կրնաս հանգիստ ըլլա՞լ»:

56-ամյա Մարալը Հալեպից է, քաղաքացիական պատերազմի հետևանքով դեգերումների ելած հերթական սիրիահայը, որ մոտավորապես մեկ տարի է, ինչ Հայաստանում է: Այգեստանում վարձած սենյակում, որին վճարում էր ամսական 45 հազար դրամ, սանհանգույց չի եղել: Դրսում էր, լոգարանն էլ վարագույրով ծածկած: Ու ամբողջ այդ ընթացքում տիկին Մարալը մարմնի հիգիենան հոգացել է սենյակում՝ տաշտում անջատ-անջատ լվանալով գլուխը, հետո մարմնի այլ մասերը:

«Ալեք Մանուկյանը երեք ամիս օգնեց վարձի համար, երեք ամիս էլ Ավետարանչականն օգնեց, վերջը Անի Չալյանին ազգականը կա՝ Անի Պլքյանն է անիկա, մեզի շատ օգտակար եղավ. Անահիտ Հայրապետյանին ծանոթացրեց ու մարտի ամսին մեզի մի սենյակ են տվել, կաթոլիկ եկեղեցի կմնանք»,- պատմում է նա:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կա մոտ 11 000 սիրիահայ, որոնք հիմնականում կենտրոնացած են Երևանում: Նրանց մի փոքր խումբ էլ ապաստանել է Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում` խորհրդային նախկին մի մանկապարտեզ, որ ծվարել է Թբիլիսյան խճուղու վրա գտնվող հսկայական շամպայնի շշից մի քանի մետր այն կողմ գտնվող սլացիկ բարձրահարկերի շուքում:

Մանկապարտեզն այլևս 15 տարի Հայ Կաթողիկե եկեղեցու նստավայրն է, որը գնել է Մխիթարյան միաբանությունը: Երբ սիրիահայերի ներգաղթը սկսվեց, թեմի առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի որոշմամբ և «Հայկական Կարիտաս» ՀԿ աջակցությամբ, որի նախագահը հենց արքեպիսկոպոսն է, մանկապարտեզի մի թևը նորոգվեց ու բաժանվեց 13 փոքրիկ սենյակների, որտեղ 2012-ից ապաստանել է մոտ 80 սիրիահայ:

Սենյակները շատ փոքր են՝ հազիվ մահճակալի ու ոտքի տեղ է, փոխարենը առանձին սանհանգույց կա ու տաք ջուր: Օրական մեկ անգամ անվճար կերակուր է տրվում:

Այստեղ գերակշռում են Սիրիայի գավառական քաղաքներից եկած հայերը՝ Ղամիշլի, Հասակե, Հոմս: Նրանց այստեղ ուղղորդել են իրենց համայնքների կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները: Միայն տիկին Մարալի ընտանիքն է Հալեպից: Նա այստեղ եկել է ՄԱԿ ՓԳՀ ուղղորդմամբ:

Սիրիահայերի այս փոքրիկ օջախում հուսահատ տրամադրություններ էին: Բացի հայաստանյան իրականության խութերին հարմարվելուց ու դիմակայելուց՝ այս մարդիկ նաև հաղորդակցվելու խնդիր ունեն: Նրանցից շատերը հայերեն չգիտեն: Հասակեում, օրինակ, մոտ 30 հայ ընտանիք է եղել: Բացի Հալեպից ու Դամասկոսից՝ սիրիական այլ քաղաքներում թեպետ հայկական դպրոցներ կան, սակայն հայոց լեզուն անցնում են մինչև 6-րդ դասարան, և քանի որ միջավայրում գերակշռում են արաբները, նրանք չեն կարողացել պահել լեզուն և, մեծամասնաբար, հայերեն չգիտեն:

Եկեղեցու դպիր Հակոբ Մովսեսյանն ասում է, որ հայերեն սովորելն իրենց համար խնդիր է. «Նրանք կվախենան դուրս գալ քաղաք ու շփվել մարդկանց մեջ, լեզվի պատճառով քիչ մը վախ ունին շփվելու, բայց այստեղի մթերքի խանութները կմտնեն ու կփորձեն հասկցնել ուզածները»:

Այս մարդկանցից շատերը մտածում են Եվրոպա կամ նույնիսկ հետ գնալու մասին:

«Հայաստան շատ լավն է, ջուրը, օդը լավն է, բայց երիտասարդներն ահա նստած են,- հուսահատված ասում է տիկին Մարալը,- մեծ տղաս կսե Ամերիկա, փոքրս՝ Եվրոպա: Ամեն Աստծո օրը ադ կըսե: Գիտեմ` այնտեղ էլ հեշտ չէ, բայց մարդկային օրենքներ կան, տարբեր է այնտեղ: Եվրոպա թոշակ կտան, այնտեղ ավելի ուրիշ է»:

Տիկին Մարալը պարզ հոգի ունի և ամբողջ ժամանակ ժպտում է՝ փորձելով թաքցնել խորն անհանգստությունը, որ ունի երկու որդիների ապագայի հանդեպ:

«Ես քաջ կին եմ, ամեն նեղությանը կդիմանամ, բայց աս Եվրոպային հարցը չեմ կրնար լուծել՝ ի՞նչ պիտի անեմ՝ չեմ գիտնար,- լացը զսպելով` ասում է նա,- Աստված ինձի ուժ և կորով տա: Երբեմն կնստեմ տունն ու կուլամ»:

Տիկին Մարալի որդիները չեն կարողանում հարմարվել Հայաստանում, իրենք էլ երիտասարդ են՝ 21 և 15 տարեկան: Այստեղ ապագա չեն տեսնում:

«Անցած օրը այնպես նեղվեցա՝ ամբողջ մարմինս կարմրեց, ես գիտնայի, տունս այնտեղ կծախեի, կուգայի՝ կերթայինք Եվրոպա,- լացակումած ասում է տիկին Մարալը,- մենք չգիտցանք այսպես ահավոր կըլլա, կձգեի ու Եվրոպա կերթայի, անցած օրը մազերս կքաշեի, որովհետև ձեռդ ճար չկա, այսպես կապված ենք, կուզենք Եվրոպա երթանք` չենք կրնա, ճամփան ինչպե՞ս է»:

Կաթողիկե թեմի առաջնորդ, Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն ասում է, որ նրանց խնդիրների պատճառը միայն լեզվի չիմացությունը չէ:

 «Այս մարդիկ աղքատ մարդիկ չէին, ունեին իրենց գործն ու տեղը, վարժված չեն փոքր աշխատանքի մեջ,- մեկնաբանում է նա,-  բացի այդ` պետք է ընդունել, որ Հայաստանում գործը քիչ է, ու հեռանկարներն ու գործելակերպը լրիվ տարբեր են դրսի հոգեբանությունից»:

Նրանցից ոմանք գործ գտել են. տիկին Մարալի ավագ որդին պահեստանոցում ամսական 80 հազար դրամ է վաստակում: Փոքր որդին տղա երեխաների վարսավիր է, սակայն չի կարողանում գործ գտնել:

Դպիր Հակոբն ասում է, որ անգամ եթե նրանք աշխատանք են գտնում, շատ կարճ ժամանակ հետո նրանց դուրս են հանում. «Ահա նե Վարուժին մեկ շաբաթ աշխատելուց հետո գործից հանեցին»:

«Հայկական կարիտաս» կազմակերպության սիրիահայերի աջակցության ծրագրի սոցաշխատող Արմինե Եփրեմյանն էլ ավելացնում է, որ Սիրիայում աշխատաժամանակը քիչ էր ու աշխատավարձը՝ բարձր, իսկ այստեղ հակառակն է:

«Նրանց նաև այստեղ խաբում են ու դրանից հիասթափվում են, բայց շատերը կարողանում են իրենց գտնել, ու կգա ժամանակ, որ իրենք կհասկանան, որ իրենք էլ պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի հարմարվեն այս իրականությանը»,- ասում է նա:

Իրենց ուժերով մի փոքրիկ անկյուն են սարքել, որտեղ երեկոները նստում ու նարգիլե ծխելով՝ խոսք ու զրույց են կապում: Բակում մանղալ են դրել, որտեղ Նոր Տարուն խորոված են արել: Բայց ոչինչ նրանց չի կարողանում մոռանալ տալ իրենց կյանքն ու տունն այնտեղ՝ Սիրիայում: 80-ամյա Հաննա Բաղդոն միայն այդ մտքի մասին հիշողություններից աչքերն է լցնում:

Բակում մի փոքր հողակտոր կա, որն առայժմ անմշակ է: Թեպետ դպիր Հակոբն ասում է, որ նախորդ տարի մշակել ու բանջարեղեն են աճեցրել: Տիկին Մարալի փոքր որդին՝ Դանիելը, ասում է, որ իրենք Հալեպից են, սովոր չեն հող մշակելուն:


«Ասում են, թե սա էլ ժամանակավոր պիտի ըլլա, մաս մը Եվրոպա կերթան, այլև ինչ պիտի ըլլա, չգիտեմ, մեզի ասացին, թե Ղարաբաղ պիտի ղրկեն, բայց ես Ղարաբաղ չեմ կարող գնալ, մեզի ասացին` կով կուտանք, բայց ես գյուղի կյանքին վարժված չեմ, ես կով ու շուն տեսնեմ կվախենամ, գիտցա՞ր,- ասում է տիկին Մարալը,- Քեսաբեն, Ղամիշլիեն եկածները գյուղի կյանքին վարժված են, կրնան ապրել, ես չեմ կրնար հոն ապրել, հող մշակել»:

Տիկին Մարալն ապրել է Հալեպի Բոստան Բաշա թաղամասում, խանութ են ունեցել, որը ամուսնու մահից հետո՝ 2004թ., վարձով էր տվել ու այդ գումարով էլ ապրում էին. «Հիմա այն գոց է»:

Երբ առաջին անգամ կրակահերթ է հնչեց, տիկին Մարալը տանն էր, ու թեպետ գիտեր, որ պատերազմ է սկսվել, մտածել է, թե այն իրենց չի դիպչելու:

«Զարկ եղավ այնտեղեն, մեր տունեն պատուհանը թռավ, դուռը պատուհանից կտրվեցավ, ամեն տունն ու սենյակը փոշի էր, փախեցանք մենք տնեն, մեր թաղեն բոլոր փախեցան: Ատկե ետքը մեր տունը գացած չեմ ես,- հիշում է նա,- դրանից ետքը կերթայինք կհարցնեինք, բայց ռիսկ չունեինք գնալու, որովհետև կսեին, թե այնտեղ զարկ կա: Բան մը չկարողացանք մեր տնեն վերցնել, միայն մեր հոգիներն ազատեցինք՝ եկանք»:

Տիկին Մարալը մինչև պատերազմի սկսվելը անձնագիր չի ունեցել: Ասում է, որ երբևէ չի էլ մտածել, թե Սիրիայից դուրս կարող է գալ: Միայն ավագ որդին է անձնագիր ունեցել, որովհետև Դուբայ է գնացել մի քանի տարի առաջ: 

«Այդ զարկերու մեջ պասպորտ հանեցինք ու զարկեն մի քանի օր առաջ տունին վկայականը, մեր պասպորտներն ու սուրիական մի քիչ փող՝ ատի վերցրինք ու եկանք,- պատմում է նա,-շատերը փողով ու իրենց տան ոսկով եկան, բայց մենք նույնիսկ փողով էլ չեկանք, որովհետև ամուսինս մահացել էր, տղաս գնաց բանակ, ես էլ չկարեցա ատկե ետքը շատ դրամ շահել, գիտցար ինչպե՞ս: Մի քիչ ունեինք քովերներս, ճամփան պետք եկավ՝ ծախսեցինք, հոս ալ պետք եկավ»:

Նա առաջին անգամ նաև ձյուն է տեսել այստեղ ու սովոր չէ այս պայմաններում ապրել:

«Մենք ձյունին վարժված չենք, չենք կարողանում ձյունին վրա քայել, տղաս ընկավ, ես ընկա, մի հատ սնղչի կա՝ մի ամիս էր կերթայինք-կուգայինք»,- ասում է նա:

Հիմա տիկին Մարալը շաբաթը մեկ անգամ մի վարսավիրանոց է մաքրում ու ամեն այցին 3500 դրամ են տալիս: Ասում է, որ դա լուծում չէ, սակայն լուծումը չի գտնում:

«Մեկ մեկ էլ գնում՝ տուն եմ մաքրում,- ասում է նա,- ես հոս ծխել սկսեցա, չեմ կրնար ձգել ծխելը, ջղայնություն կուգա վրես»:

Մեկնաբանություններ (5)

Stephen Bagdoo
My family name is Bagdoo ( maybe Baghdo) .I live in Montreal --Canada. My Parents wewe born iin Mardin--Turkey in 1911. Is the family name Bagdhdo Armenian ??? If somebody knows --let me know.
Vahram
Hello Stephen....the name Bagdoo sounds more Assyrian than Armenian.
Սամվել Հովասափյան
Մենք արդեն սկսում ենք նույնիսկ չզարմանալ, կարդալով բոլոր այն բացասական երևույթների մասին, որ գոյություն ունեն Հայաստանում: Բայյց այստեղ մեզ մոտ օրինական հարց է առաջանում, այլևս ի՞նչ իմաստ ունեն տիկին Հրանուշ Հակոբյանի՝ «արի տուն» կոչերը, ի՞նչ իմաստ ունեն նրա՝ սփյուռք այցելությունների ժամանակ «հայրենասիրական» ճառերն ու հավաստիացումները, պարզվում է, որ ոչինչ, միայն ավելորդ անգամ մեզ փաստվում է, որ հայ ժողովուրդը երբեք արժանի չի եղել և չէ, անկախ ապրել, քանի ուշ չէ, պետք է դա խոստովանել: Հետո՞, հետո պետք է ազգովին Պուտինի մոտ գնանք, նրա ոտտքերը ընկնենք, նրանից խնդրենք, որ Հայաստանը միացնի Ռուսաստանին և հայ ժողովրդին փրկի նման ապիկար և անկարող իշխանություններից:
Herepta
Պարոն Հովասափյանի կարծիքը ճիշդ իմ կարծիքիս կը համապատասխանէ: Մեծ դժբախտութիւն է որ երկրին իշխանութիւնը գող աւազակ մարդոց ձեռքն է, որոնք միայն իրենց գրպանը կը մտածեն և երկիրը դէպի կործանման կը տանին: Հայաստան ապագայ չունի: Եթէ Րուսը չմիջամտէ, ներկայ հողամասն ալ պատմական Հայաստանի պէս թուրքին և ազէրիին ձեռքը պիտի անցնի:
Krikor
hetq your news you report are always depressing. Propose solutions or help in introducing solutions. Raise funds, do something do not just wail. Armenia is a landlocked country that is blockaded and is at war with two of its four neighbors. however, it is still a breathtaking country. the last time i checked Syria was no heaven before the war. the Wages were as law as in Armenia and people were barely making ends meet.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter