
«Ոսկե ծիրանը» ներկայացնում է արտամրցութային նոր ծրագրեր
Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում ընդգրկված է 100 ֆիլմ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց փառատոնի արտամրցութային ծրագրերը:
Առաջին անգամ ներկայացվելու է «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը: Այստեղ ընդգրկված են տարբեր տարիների տարբեր երկրներում արտադրված թե́ խաղարկային, թե́ վավերագրական ֆիլմեր: Դրանք ներկայացնում են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխություններն ու դրանց ազդեցությունը տվյալ երկրում, ինչպես նաև` քաղաքացիական ակտիվության դրսևորումները: Բացի ֆիլմերի ցուցադրությունները, նախատեսված են նաև սեմինարներ և քննարկումներ: Ծրագիրը ղեկավարում են լեհ հասարակական գործիչ և լրագրող Ադամ Միխնիկը և Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն, կինոգետ Ռիչարդ Պենյան: Ծրագիրը բացելու է լեհ ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմը, որը 2013թ. Լեհաստանն առաջադրել է «Օսկարի»: Փառատոնի ընթացքում Ռիչարդ Պենյան նաև անց է կացնելու երկու սեմինար:
«Ոսկե ծիրանի» ընթացքում առաջին անգամ ներկայացվելու է նաև «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրը, որը Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մասն է: Ծրագրում ընդգրկված է 10 ֆիլմ:
«Գերմանական նոր կինո» արտամրցութային ծրագրի շրջանակներում ներկայացվելու է 3 ֆիլմ` ցուցադրված Բեռլինի կինոփառատոնում: «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում ավանդաբար ներկայացվելու են Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմերը: Այս տարի ծրագրում ընդգրկված է 16 ֆիլմ: ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի մասն է:
Մեկնաբանել