
«Վերջապես ընթացք տվեցին իմ 7 տարվա պայքարին». ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
Մասիս քաղաքի բնակչուհի, 19-ամյա աղջկան 7 տարի առաջ կորցրած Սաթենիկ Գևորգյանը, ով ամիսներ առաջ դստեր մահվան գաղտնիքը պարզելու ակնկալիքով դիմել էր «Հետքին», մեզ տեղեկացրեց, որ աղջկա մահվան հանգամանքների մասին բարձրաձայնումն արձագանք է գտել Հատուկ քննչական ծառայությունում:
«Վերջապես ընթացք տվեցին իմ 7 տարվա պայքարին, վերջապես իմ ձայնը լսելի դարձավ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տիկին Սաթենիկը:
ՀՔԾ պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն`«քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման` դստեր` Սուսաննա Գ.-ի մահվան դեպքի առթիվ 2007 թվականին հարուցված քրեական գործով վարույթն իրականացրած պաշտոնատար անձինք խեղաթյուրելով իրական փաստերը թաքցրել են դստերը ֆիզիկական և սեռական բռնության ենթարկելու, այնուհետև սպանելու հանգամանքները` վերջինիս մահը ներկայացնելով որպես ավտովթարի հետևանք, որի արդյունքում հիշյալ հանցավոր արարքները կատարած անձը խուսափել է պատժից: Կատարվում է նախաքննություն»:
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը: Իսկ 2-րդ մասի հատկանիշները հետևյալն են՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 7 տարի առաջ` մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է: Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը Արարատ Կաֆյանին մեղավոր էր ճանաչել Քր. օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ կետով՝ դատապարտելով 2 տարվա պայմանական պատժի: Աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ Սաթենիկ Գևորգյանի մոտ կասկած է առաջացել, որ ամենևին էլ վթարի հետևանքով չէ դուստրը զոհվել, որ վթարը պարզապես բեմադրվել է, որպեսզի բռնաբարության ու սպանության հոդվածներից խուսափի Արարատ Կաֆյանը: Բռնության կասկածը մեծացել է այն ժամանակ, երբ քննիչ Կ. Թադևոսյանը տուժողի իրավահաջորդին երկար ժամանակ չի հանձնել աղջկա հագին եղած շորերը, իսկ 1.5 տարի անց հանձնելիս էլ բացակայել են աղջկա ներքնաշորերը: Սաթենիկի համար կասկածելի է եղել այն, որ իրավապահները չափազանց բարեհաճ են գտնվել վարորդ Կաֆյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Պողոսյանն այս գործով երկու էջանոց դատավճռում թույլ էր տվել 2 գրասխալ: Նախ` 2 տեղում սխալ է գրված Սյուզիի՝ Սուսաննա Գևորգյանի ազգանունը (դատավճռում նշված է Գրիգորյան), երկրորդ՝ այլ քրեական գործից copy-paste է արված մեկ ուրիշ մեղադրյալի անուն՝ Արթուր Ռաֆիկի Պետրոսյան:
Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, որտեղ զետեղված է արխիվը, «Հետքը» ծանոթացավ 1 հատորանոց քրեական գործին: 107 էջանոց գործում քննիչը անգամ դիակի լուսանկարներ չի արել: Իսկ զարգացած տեխնոլոգիաներն արդեն հնարավորություն են տալիս լուսանկարների հիման վրա մոդելավորել դեպքի մանրամասները:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել