HY RU EN

Խոստացած 2 տարին դարձել է 19 տարի. հարցազրույց հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ

 ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ «Հետքը» եղավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու քննչական սենյակներից մեկում հարցազրույց վարեց պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 1995 թ-ին մահապատժի դատապարտված (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում), 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ:

Հիշեցնեմ, որ «Հետքը» դատարանների արխիվում ուսումնասիրել էր Սողոմոն Քոչարյանի քրեական գործը:

- Սողոմոն, խնդրում եմ մի քիչ պատմեք Ձեր մասին, ինչպե՞ս եկաք Գորիս, ինչպե՞ս մասնակցեցիք պատերազմին:

- Ծնվել եմ 1966 թ.-ին, Բաքվում, էնտեղ էլ մեծացել եմ: 4-րդ դասարանից մեջս սեր է առաջացել դեպի զենքը, զինվորական գործը: Ես մտել եմ զինվորական գործով ուսուցչի մոտ, խնդրել եմ, որ ինձ սովորացնի: Նա ինձ հարց է տվել՝ ինչո՞ւ: Ասել եմ՝ մի քանի պատմություն եմ կարդացել հայկական պատմությունից, ուզում եմ ապագայում դառնամ զինվոր, որ իմ ազգին պաշտպանեմ: 4-րդ օրը ուսուցիչը զարմացած մնաց. 12 վայրկյանում քանդում-հավաքում էի ավտոմատը: Հայրս «Դավիթ Բեկը» դրեց առաջս, ասաց կարդա, հետո կարդացի «Վերք Հայաստանի», «Մխիթար Սպարապետ», արդեն ատելություն կար մեջս դեպի թուրքերը: Հայրս ասում էր, որ ապրում ենք կոմունիստական դարաշրջանում, ու ազգասիրական տրամադրությունները չեն ողջունվում: Ասում էր՝ պիտի իմանաս մեր պատմությունը, քանի որ էն ազգը, որ մոռանում է իր պատմությունը, այն կկրկնվի... հետո սկսվեց ոչ բացահայտ հակահայկական քարոզչություն գնալ Բաքվում:

- Ո՞ր թվերն էին...

- 1983 թվականն էր, հայրս ասում էր, որ մենք ապրում ենք թշնամիների շրջապատում: Հա՛, ադրբեջանցի ընկերներ ունեմ, ժպտում են, ծիծաղում, բայց միշտ պիտի իմանաս, որ ջեբում մի հատ «դանակ» են պահում: Ամեն պահի կխրեն սիրտդ:

- Ե՞րբ տեղափոխվեցիք Հայաստան:

- 1988 թ-ի նոյեմբերին: Եկել եմ մտնեմ ջոկատ, ասում են՝ դու բաքվեցի ես, մենք բաքվեցիներին չենք ընդունում:

- Ինչպե՞ս մտաք հետախուզական ջոկատ, մի քիչ պատերազմի մասին պատմեք:

- «Մխիթար Սպարապետ» ջոկատի հրամանատարը Լերմենտ Սարգսյանն էր: Ինձ ասեցին՝ գնա հետազոտի Շուռնուխը: Տվել էին մի հատ տոզի հրացան: Ինչ զենք ուզում է լինի, պիտի իմ ձեռքով ստուգեմ: Ստուգեցի տեսա մեջը գյուլա կա մտցրած, չես կարա թազա գյուլա մտցնես, որ կրակես: Ջղայնացա, ասեցի՝ էդ ի՞նչ եք անում, ես գիշերը պիտի հերթապահեմ, հանկարծ չկարողանա՞մ կրակեմ: Ես հեչ, բայց կնանիք, էրեխեք կան գյուղում: Պիտի մորթե՞ն բոլորին: Պատասխանեցին, թուրքը, որ գա, չես էլ հասցնի կրակես: Ասեցի՝ դուք ինձ չեք ճանաչում՝ ինչ ձևի եմ կրակում:

- Որտեղի՞ մարտերին էիք մասնակցում:

- Սկզբում Շուռնուխի...

-Հետո վիրավորվել եք, կանտուզիա եք տարել:

- Առաջին անգամ վիրավորվել եմ հենց Շուռնուխում, առաջին կանտուզիան Կոռնիձորում է եղել: 14 հայ տղերքով մտանք փակեցինք Լաչին, Կուբաթլի ճանապարհը: Առաջին գործողություններն էին, որ ցույց տվեցինք, թե ինչի ենք ունակ: Մի սուտկա ճանապարհը պահել ենք փակ: Լաչինը գրավելուց առաջ:

- Սողոմոն, Ձեր ջոկատից ո՞ւմ եք հիշում:   

- Լերմենտ Սարգսյանը մահացել է, Արսենը, Ստյոպը... ինչքան գիտեմ երկապահների մոտ են: Անձամբ Կոմանդոսին եմ ճանաչում, քանի որ ենթարկվել եմ իր հրամաններին, որ ուղղությունն ուղարկել է, էնտեղ էլ գնացել ենք-կռվել: Ինքը ավելի մանրամասն կարա բացատրի՝ ինչ գործողություն ենք արել:

- Դուք հետախուզական ջոկատո՞ւմ էիք:

- Այո՛, Գորիսում:  

- Մինչև 1994 թ-ի զինադադարը Դուք մասնակցե՞լ եք պատերազմին:

- Այո՛, 93-ին, որ դուրս գրվեցի հիվանդանոցից, եկա Գորիսի գունդ հետախուզական վաշտ: Ինձ ասացին՝ լավացի, պատրաստվի, որ սրանից հետո հավաքելու ես քո հետախույզներին:

- Զինադադարից հետո՞ ընտանիք կազմեցիք:

- Կռվի ժամանակ էր: Ընկերոջս հետ նստել-խոսում էինք, ասեց՝ աղջիկ չունե՞ս, որ ամուսնանաս: Ասեցի՝ ունեմ: Ասեց՝ նայի ինձ, ես մեռնելու եմ, չեմ մտածում, տղերք ունեմ, դու մեռնես, քո անունը ո՞վ պիտի կրի: Դե՛, չգիտեմ ոնց սեր բացատրեմ, էնքան չեմ շփվել աղջիկների հետ... հաջորդ օրը գնացի, իմ ընտրած աղջկան հարցրեցի՝ մենա՞կ ես ապրելու, ասեց՝ դե՛, մինչև մի լավ տղա գտնեմ-ամուսնանամ: Ասեցի՝ ես ի՞նչ պակաս տղա եմ: Մյուս օրը գնացինք զագս, դիմում տվեցինք (Սողոմոն Քոչարյանի կինը մահացել է 2 տարի առաջ ծանր հիվանդությունից, այս տարվա գարնանը ինքնասպան է եղել աղջիկը՝ Սյուզի Քոչարյանը- հեղ.):


-Զինադադարից հետո ինչպե՞ս էիք ընտանիք պահում, աշխատանք ունեի՞ք: 

- Երբ դիրքերից դուրս ենք եկել, ես սկսել եմ զինվորներ պատրաստել: Դա իմ աշխատանքն էր, ծառայության մեջ էի:

- Մոտենանք 95 թ.-ին: Քրեական գործում գրված է Ձեր ծանր սոցիալական վիճակի մասին, որ աշխատում էիք Սպայի տանը:

- Ես եկել եմ Երևան Արկադի Իվանովիչ Տեր-Թադևոյանի խնդրանքով: Պիտի մտնեի հետախուզական գումարտակ: Ասաց՝ հետո կմտնես, հիմա քո օգնության կարիքը կա: Զրույցը գնաց պարսիկների մասին: Ասաց, որ պարսիկները հիմնելու են շուկա, ասաց, որ անվտանգության հարցերը պիտի վերցնեմ իմ վրա: Ես էլ ինֆորմացիա ունեի, որ պարսիկները դեղ են մտցնում ու թունավորված սննդամթերք, որը ազդում է կանանց վրա: Դառնում են անպտուղ կամ էրեխեքը մեռած են ծնվում: Երբ եկա Երևան, սկսեցի հետազոտել էդ վաճառակետերը: Շատ տեղերում ադրբեջանցիներ էին աշխատում: Ես էդ մասին տեղյակ պահեցի անվտանգության նախարարությանը:

-Ի՞նչ քայլեր եղան դրանից հետո:

- Ոչ մի քայլ էլ չեղավ:

- Ինչո՞ւ  հայտնվեցիք Երևան – Գորիս ավտոճանապարհի վրա:

- Ես բոլոր տվյալները տվել եմ անվտանգության նախարարությանը: Գրել եմ զեկուցագիր, նկարագրել եմ՝ ով ինչ ապրանք են բերում Պարսկաստանից: Նախարարությունն ասում էր՝ պիտի բռնես-բերես վարորդին: Ես չէի ուզում խառնվեի: Ասում էի՝ ամեն օր ապրանքը գալիս ա, պետք ա կանգնացնել-ստուգել մեքենաները: Ասում էին՝ չենք կարող, քանի որ Պարսկաստանի հետ հարաբերությունները կարող ա վատանան: Ասում էին՝ պիտի անօրինական ձևով գործողությունը սկսվի, որ բացահայտվի:

-Սողոմոն, կպատմե՞ք ավելի մանրամասն: 

- Երևանում էինք՝ Սպայի տանը: Ընկերս գնացել-մտել էր «Էրեբունի» հյուրանոց տակ պարսիկների խանութը: Ասեց՝ գիտես ում եմ հանդիպել, ադրբեջանցու: Ասում եմ՝ ուրեմն մենակ չի, ո՞նց ա մտել Հայաստան: Մինչև գնացինք, փախավ: Մենակ հասցրեցի գրել ֆուռի համարները: Ասեցի՝ Սաքո, պիտի բռնենք, ինչ ուզում ա լինի, Հայաստանից գնալու ա: Փախնելու միակ ճանապարհը Գորիսն ա: Ինձնից էլ ապացույց էին ուզում, ասում էին՝ բռնի- բեր, ես պիտի մենակ գնայի, որ տղերքին կրակը չգցեի:

-Այսինքն՝ Դուք եկել էիք այդտեղ, որ Իրաջին տանեիք-հանձնեիք անվտանգությա՞նը:

-Այո՛... Էդ օրը մեքենան՝ ֆուռը, որ եկավ, ես մի հատ կրակեցի անիվին: Գործի մեջ կարծեմ կա նշված պատյանով դանակի մասին: Դա իրենն էր: Նա հանեց դանակը, ես կրակեցի ձեռքին՝ արմունկին: Ձեռքի վիրավորվելը պատահական չէր, բայց պատահականություն էր, որ ընկավ:

- Կանխամտածված, շահադիտական սպանություն է դրվել Ձեզ վրա: Սակայն գործում կա դատաբժշկական փորձաքննությունը, ըստ որի Իրաջ Փուր Միրզաբեկը մահացել է գլխի վնասվածքից, որն առաջացել է վայր ընկնելուց:

- Ես եթե ուզենայի սպանել, մի հատ կրակոցով կսպանեի նրան:

-Քրեական գործում մի նամակ կա, որը Դուք դատավորին եք գրել: Այնտեղ Դուք նշել եք, որ ադրբեջանցիները զվարճանքով խոսում էին, թե Հայաստանում քնում են 18 տարեկան հայ աղջիկների հետ...

-13, 14 տարեկան... բացի էդ, ես տեսել եմ, ոնց են հայ աղջկերքի հետ գնում թուրքերը: Նրանց ասում էի՝ մեր ծեր տատիկները նախկինում, որ թուրքը ձեռ չտա, իրենց գցում էին ձորից, իսկ դուք գնում-մտնում եք թուրքի ծոցը՞...

- Ձեր կարծիքով, դեպքից հետո ինչո՞ւ համակարգը հետախույզին, այսպես ասեմ, տեր չկանգնեց:

- Դեպքից հետո 1-2 հոգի եկան իմ մոտ: Զրույցը գնաց նրա վրա, որ ես ցուցմունք չտամ, չասեմ իրական պատճառը: Ասեցին, եթե դու պատմես իրական պատճառը, վիճակը Պարսկաստանի հետ կվատանա, իսկ մենք էլ ուրիշ ճանապարհ չունենք, բլոկադայի մեջ ենք: Մեր պայմանն էն էր, որ երկու տարի հետո ինձ ազատելու էին:

-Իրենց խոստացած 2 տարին արդեն դարձել է 19 տարի...

- Բայց 3 տարի անց ես սկսեցի գրել դեպքի իրական պատճառի մասին:

- Ո՞նց ապրեցինք 19 տարի բանտում:

- Ոնց-որ դժոխքում.. Իմ համար ամենադժվարը փակ վիճակն ա, տարածություն չկա: 5 տարի արևի լույսը չեմ տեսել: Հացը տալիս էին 2 օրը մեկ: Ճաշի մեջ 5 հատ ցորեն էր, 10 հատ որդ: Ամեն ցորենի հատիկի վրա 2 հատ մեծ-չալաղաջ որդ: Կարտոշկան էփում էին՝ ցեխը վրեն:

- Սպասո՞ւմ էիք, որ մահապատիժը կիրագործվի, ու երբ դուռը բացում էին, մտածո՞ւմ էիք, որ տանում են գնդակահարության:   

- Շատերն էին տղերքից էդպես մտածում, բայց ես անտարբեր էի: Կռվի ժամանակ էնքան եմ նայել մահվան աչքերին, անտարբեր եմ դարձել: Մահից վախ չունեմ: Մահն ինձ համար ազատություն ա, տենց ասեմ, ամեն ինչից կազատվեմ:

-2 տարի հետո համակարգից եկա՞ն Ձեզ տեսնելու իրենց խոստացածի պես:

- Ո՛չ...

-Դա՞ էր պատճառը, որ ստիպված դիմեցիք փախուստի 2004 թ.-ին:

- Մեզ Գորիսի բերդ բերելուն պես, ինձ մոտ եկան անվտանգության նախարարությունից,  2 հոգի էին: Ասեցի՝ ո՞ւր ա ձեր խոսք տվածը, որ 2 տարի հետո ինձ պիտի հանեիք: Ասեցին՝ դե՛, դու արդեն չափից շատ ես նստել, ցույց տուր՝ ինչի ես ընդունակ: Այսինքն՝ դեռ ինձ պիտի ցո՞ւյց տամ, թե կարամ էս վիճակից, էստեղից դուրս գամ, թե չէ: Ասեցի՝ կարամ դուրս գամ: Եկա խուց, Մհերին պատմեցի (խոսքը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի մասին է-հեղ.): Ասեցի՝ Մհեր ջան, կանենք, որովհետև, երբ մտել եմ խուց, արդեն իմացել եմ՝ ոնց պիտի դուրս գանք: Բայց իրենց ասածով որ դուրս գանք, մեզ սպասելու են, բերդի աշխատաղը չի սպասելու, բայց անվտանգության աշխատողը նստելու ա սպասի, հենց դուրս գանք, սպանի: Մենք դուրս եկանք լրիվ անսպասելի:

- 2 անգամ (2004-ին ու 2009-ին) Ձեզ հաջողվել է փախչել և չվնասել որևէ մեկին:

-Էդ պայմանով ենք դուրս եկել, հայ արյունով մեր հոգին չէինք պղտորի:

- Դրսում մնում էիք 1 ամիս, 20 օր, մաքուր օդ էիք շնչում, չէիք կատարում որևէ զանցանք: Դատարանում հայտարարեցիք, որ փախուստները ակցիաներ են, որ իշխանությունը դեմքով շրջվի դեպի Ձեր գործեր, որ դրանք վերանայվեն: Այդպե՞ս է:

- Այո՛, ակցիա էր, մենք ուզում էինք ցույց տայինք, որ մենք մարդ ենք, մարդակեր չենք ու ուզում ենք ապրել մարդկության մեջ... Միշտ մեր գործերը, մեզ ներկայացրել են որպես մարդակերներ, գազաններ, մարդասպաններ, որ սնունդի ու շորի համար մարդ կսպանեն: Բայց Հայաստանում ինչքան մարդ կա, բոլորի համար կյանք կտամ, սոված կմեռնեմ, բայց վնաս չեմ տա: Եթե ինձ հաց ա պետք, ես կարամ մոտենամ, չեմ ամաչի: Կամաչեմ գողություն անեմ, բայց խնդրել չեմ ամաչի: Դավիթաշենում այգում նստած էի, չէի կարում քայլեի, ոտքերս ուռել էին: Առաջինը ինձ մոտեցողները եղան էրեխեքը: Մի 10-11 տարեկան երեխա հազիվ քայլելով եկավ, ձեռքերը դրեց ծնկներիս, նայեց աչքերիս մեջ, ոնց որ էդ պահին  ինձ ուժ էր տալիս ու մխիթարում: Մեկ էլ մի տարիքով մարդ եկավ, նստեց կողքիս, ասեց՝ առավոտվանից նստել ես այգում, ինչի՞ չես շարժվում: Ասեցի՝ հոպար ջան, ոտներս ուռել են, ցավում են: Մեկ էլ ասեց՝ գիտեմ՝ ով ես, ասեց՝ զարմանում եմ՝ քո մասին էնքան վատ լուրեր են տարածել, բայց ես կյանքը տեսած մարդ եմ, քո հետ խոսալով էլ տեսնում եմ, որ սուտ են տարածում, վատ մարդուն էրեխեքը էդ ձևի չեն ձգվի: Հանեց ինձ 5 հազար դրամ տվեց, ասեցի՝ չէ՛, ես ունեմ փող...

- Ինչո՞ւ էիք 2 անգամ էլ Մհեր Ենոքյանի հետ փախչում: Մհերն իր գրքերում գրում է դրա մասին, ասելով. «Սողոմոնի հետ փախչում էի, որովհետև նա հանցագործ չէ»:

- Ես էլ եմ իրեն էդպես ընկալում, քանի որ տեսել եմ ինչ ձևի ա ինքը էստեղ ապրել: Ինքը պատ ա կառուցում իր ու շրջապատի միջև: Ում հետ պատ ա կառուցել, նայում եմ, իրոք, հանցագործներ են: Ինքը ստիպված նստել ա, բայց չի տվել-առել նրանց հետ: Առաջին մարդն եմ, որ իրար հասկացել ենք: Շատ ժամանակ չէինք շփվում, բայց որ մի բառ ասում էինք, իրար հասկանում էինք: Հոգևոր եղբայրություն կա մեր մեջ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Շարունակելի