HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետապնդվում են Թոսունյան ընտանիքի տղամարդիկ

Սպանություն Քաջարանում

Քրեական հետապնդում է իրականացվում Քաջարան քաղաքում ապրող Թոսունյան ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Այս պատմությունը սկսվել է 4 տարի առաջ՝ 2010 թ.-ի օգոստոսի 28-ին, երբ Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա մասում տեղի է ունեցել ծեծկռտուք: Իսկ ծեծկռտուքի հետևանքով մահացել է ընկերոջ հարսանիքին հրավիրված Գրիգոր Պապյանը: Ըստ գործի վեճը ծագել է հանրային վայրում արված բարձր հայհոյանքներից: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Քաջարանի բնակիչ (հաշվառված է Արմավիր քաղաքում) Սահակ Սահակյանը, ով հետագայում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Սահակյանները բողոքներ են գրել տարբեր պետական ատյաններ՝ պնդելով, որ դեպքի բոլոր մասնակիցները չէ, որ պատժվել են, որ սրճարանում եղել ու Գրիգոր Պապյանի հետ վիճել են նաև այլ անձինք, որոնց մեջ է եղել նաև Գևորգ Թոսունյանը: Սակայն այս պատմությունը, ըստ Սահակյանների, կոծկվել է Թոսունյանների կողմից իրավապահներին տված 100.000 ԱՄՆ դոլարի կաշառքի դիմաց:

Հակոբ Թոսունյանը

Սա ծառայել է որպես նոր երևան եկած հանգամանք գործը վերաբացելու համար: Նախաքննական մարմինը որոշում է Հակոբ Թոսունյանին հրավիրել ոստիկանություն: Նամակը փոստային բաժանմունք մուտքագրվել է 2012-ի սեպտեմբերի 6-ին: Սակայն նույն մարմինը շտապել է ու նամակը հասցեատիրոջը դեռ չհասած՝ որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին: Նույն սեպտեմբերի 6-ին Թոսունյան ընտանիքի հայրը՝ Հակոբ Թոսունյանը իր որդիների՝ Գևորգի և Կարապետի հետ բերման է ենթարկվել Երևանի կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչություն: Նրա պաշտպան Վահագն Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ թեպետ ժամը 14-ի մոտ հասել են քաղաք, այդուհանդերձ մինչև 22:00 որևէ քննչական գործողություն չի կատարվել. «Սա վկայում է այն մասին, որ իմ պաշտպանյալները ապօրինի զրկված են եղել ազատությունից: Միայն 22:00-ին որպես վկա հարցաքննվել են, ապա ձերբակալվել: Հակոբ Թոսունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Քաջարանի սրճարանի մատուցողուհի Նոնա Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է Նոնային տալ սուտ ցուցմունք և օժանդակել է պաշտոնատար անձանց Գրիգոր Պապյանի սպանության գործով կեղծ ապացույց ստեղծելուն:

2013-ին ձերբակալվում է նաև Հակոբի երրորդ որդին՝ Ջորջ Թոսունյանը: Այժմ կալանքի տակ են Հակոբ և Գևորգ Թոսունյանները: Ջորջ Թոսունյանի խափանման միջոցը փոխարինվել է հրամանատարության հսկողության հանձնումով, Կարապետի հանդեպ կիրառվել է համաներում, սակայն վերջինը հրաժարվել է համաներումից՝ պնդելով, որ ուզում է հասնել արդարացման:: Գևորգին առաջադրվել է սպանության մասնակցի մեղադրանք, իսկ մյուս եղբայրներին՝ խուլիգանության:

Թոսունյանների քրեական գործը

4 տարվա ընթացքում կազմվել է 21 հատորանոց գործ: Գործի նյութերին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ Հակոբ Թոսունյանի գործի մասին, որն ընթանում է առանձնացված, որին «Հետքի» Գորիսի թղթակիցը հետևում է նաև դատարանում:

Վկան չի կարողանում ասել, թե որոնք են գարնան ամիսները

«Հակոբին ձերբակալելու միակ հիմքը եղել է դեպքի վայր դարձած սրճարանի մատուցողուհի Նոնա Հարությունյանի՝ 35-40 անգամ փոփոխված ու լրացված ցուցմունքներից մեկը, ըստ որի փետրվարին Հակոբ Թոսունյանը զանգահարել է իրեն ու կանչել իր խանութի «բիրիքնոց», ինչպես գրել է Նոնան, ու ասել, որ Նոնան պիտի քննիչներին հայտնի, որ իր որդին՝ Գևորգը Թոսունյանը այդ օրը սրճարանում չի եղել, եղել է միայն Սահակը, այլապես սպառնացել, թե Նոնայի տղայի նկատմամբ զորամասում կկիրառվի բռնություն: Հարց է առաջանում, թե ինչու այս կինը 2010 –ից մինչև 2012 թ-ը Թոսունյանների մասին ցուցմունքներում չի խոսել: Այդ ամենը սկսվել է, երբ Սահակյանների ընտանիքի հարազատները սկսել են բողոքել»,-նշեց պաշտպանը:

Նոնա Հարությունյանի ցուցմունքը

 Փաստաբանը պահանջել է Հակոբի բջջային հեռախոսի մուտքային ու ելքային զանգերի վերծանումը: Պարզվել է, որ Հակոբ Թոսունյանի հեռախոսից զանգ չի եղել Նոնայի բջջայինին: Երբ դատարանում պաշտպանը հարց է տվել, թե ինչպես կբացատրեք այս հակասությունը, Նոնային օգնության է հասել շտապ օգնությունը: «Նա ամեն անգամ վկան վատանում է, երբ հարցերով պարզվում են իր տված ցուցմունքների հակասությունները»,-ասաց Մանուկյանը:

Հետաքրքիր է, որ նախաքննական մարմինը ևս կասկածի տակ է առել Նոնա Հարությունյանի ցուցմունքների արժանահավատությունը և նշանակել փորձաքննություն:  «Թեպետ փորձաքննությունը նշել է, որ վկան ադեկվատ է, այդուհանդերձ նրա պահվածքը դատարանում շարունակում է մնալ անհասկանալի: Օրինակ՝ դատավորի հարցին, թե որոնք են գարնան ամիսները, վկա Նոնան չի կարողանում պատասխանել: Ուղղակի ասում է՝ չգիտեմ: Եթե վկան չի կարողանում ասել՝ մարտ, ապրիլ, մայիս, ապա ինչպես կարող է հիշել, որ ֆետրվարի կեսերին Հակոբ Թոսունյանը զանգել, կանչել է իրեն: Մենք 8 դատական նիստ է՝ չենք կարողանում ավարտել նրա հարցաքննությունը»,-ընդգծեց Մանուկյանը:

«100.000 դոլար կաշառքը ո՞ւմ ես տվել»

Ըստ փաստաբանի, սա մի թելի կծիկ է, որը թելվել է գլխավոր քննչական վարչությունից՝ հորինված, շինծու մեղադրանքով, քանի որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղակատվություն է հաղորդել պատկան մարմիններին, որ Սյունիքի մարզում 100.000 դոլար կաշառք է տրվել:   

Հակոբ Թոսունյանը մինչև դատավարության սկսվելը գտնվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ժողովրդական խոսքով ասած՝ ԿԳԲ-ի պադվալում:

«Նպատակը եղել է սոսկ քաղաքացուն ճնշելը, թե 100.000 դոլարը ո՞ւմ ես տվել: Սակայն Հակոբը պնդում է, որ  ոչ մի կաշառք էլ չի տվել: Ի դեպ, նախաքննական մարմինը տարբեր տեղերում տարբեր թվեր է նշում՝ 80.000 դոլար, 70.000 դոլար, 100.000 դոլար»,-ասաց Մանուկյանը:   

Նշենք, որ սպանության գործով ապացույցներ կոծկելու գործով մեղադրվում են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը:

Առաջին լուսանկարում՝ փաստաբան Վահագն Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter