14 մեղադրական դատավճիռ. 6 տարվա ազատազրկում Շանթ Հարությունյանին
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ կայացրեց 14 մեղադրական դատավճիռ, 12 քաղաքացի պատիժ կկրի ազատազրկման վայրերում: «Նոյեմբերի 5-ի» գործով խուլիգանության հոդվածներով մեղադրվող երկու քաղաքացիներ՝ Միսակ Առաքելյանը պետական գանձարան պիտի մուծի 50.000 դրամ, իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման:
Այս գործով առավելագույն՝ 7 տարվա պատժաչափ ստացավ երկու անչափահաս երեխաների հայր, Արցախյան պատերազմի մասնակից Վահե Մկրտչյանը: Նրան դատարանը մեղավոր ճանաչեց երկու հոդվածներով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու:
Շանթ Հարությունյանն ու Ալբերտ Մարգարյանը դատապարտվեցին 6-ական տարվա ազատազրկման:
Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը դատապարտվեցին 5-ական տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Հայկ Հարությունյանը` 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով. խուլիգանություն և զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելը` առանց իրացնելու նպատակի:
Ալեք Պողոսյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեցին 4-ական տարվա ազատազրկման:
Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Մնացականյանը դատապարտվեցին 1 տարի 6 ամիս ժամկետով:
Հ.Գ. Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել