HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկը զոհաբերել է իր ազատությունը»,- ասում է Հայկ Կյուրեղյանի հայրը

30-ամյա Հայկ Կյուրեղյանն այս տարվա հունիսի 12-ից անազատության մեջ է: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով՝  258-ի մաս 4 և  316-ի մաս 4: Հիշեցնենք, որ նա հունիսի 12-ին «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ էր արձակել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, ուր մեկնարկում էր Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատավարությունը: Նա իր արարքը որակել էր որպես բողոքի ակցիա` ընդդեմ 14 անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու: Գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Արմեն Բեկթաշյան): Դատաքննության օրը դեռ նշանակված չէ:

Ո՞վ է Հայկ Կյուրեղյանը, ի՞նչ ընտանիքում, ինչպիսի՞ արժեքներով է նա մեծացել, ի՞նչ արժեքների կրող է անձամբ, ինչո՞վ է զբաղվում կալանքի տակ:

 

Արմենակ Կյուրեղյանը՝ Հայկ Կյուրեղյանի հայրը

«Հետքը» զրուցեց Հայկի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հետ, ով պատմեց, որ Հայկն իրենց ընտանիքի առաջնեկն է: Նրանից հետո ծնվել են մյուս երկու տղաները: Երեք որդիները մեծացել են մտավորականների ընտանիքում: Ընտանիքի չորս տղամարդիկ՝ հայրը և երեք տղաները սովորել են Հայաստանի պետական ճարտարագիտական համասարանում (Արմենակի ուսանելու տարիներին՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ): Արցախյան պատերազմի տարիներին Արմենակ Կյուրեղյանն ընկերների հետ ընդգրկվել է «Մերգելյան» ջոկատում ու մասնակցել մարտական գործողություններին: Տղաներին մեծացրել են՝ որպես հայրենիքի ապագա պաշտպաններ, որպես գաղափարի քաղաքացիներ: Երեքն էլ ծառայել են բանակում:

Հայկի հայրը՝ Արմենակը պատմեց, որ մամուլից, համացանցից է տեղեկացել այս տարվա հունիսի 12-ին տեղի ունեցած ակցիայի մասին: Նա ասաց, որ որդու ակցիայի գաղափարը հասկանալու համար պետք է կարդալ իր «Գանդիզմ անախրոնիզմ» հոդվածը: «Ես կարդացել էի այդ հոդվածը, գիտեի Հայկի գաղափարների մասին: Ընդհանրապես՝ Հայկը պայքարող, անարդարության ցանկացած դրսևորման հանդեպ անհաշտ տեսակ է: Հայկն իր ակցիայով բողոք է արտահայտել: Կարծում է՝ արժանապատիվ ապրելու համար շատ բան պիտի փոխվի մեր երկրում: Իսկ դրա համար քաղաքացին պետք է կարողանա ինչ-որ բան զոհաբերել: Հայկը զոհաբերել է իր ազատությունը: Նա իր օրինակով ցույց է տալիս, որ մարդ պիտի ոչ արժանապատիվ կյանքով չապրի: Հայկը համոզված է, որ մեր երկրում կա արժեքային համակարգի խաթարում, ինչն էլ բերել է մարդկանց վատ վիճակի: Քաղաքացին իր իրավունքները իրացնելու, պաշտպանելու որևէ միջոց այսօր չունի: Հարցերը լուծվում են կաշառքով, ծանոթով, յուրային լինելով»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արմենակ Կյուրեղյանը՝ նշելով, որ ընտրությունների միջոցով, դատարաններում հարցեր վիճարկելով՝ ոչ մի փոփոխության, արդարության հասնել հնարավոր չէ:

Հայկը ծրագրավորող է, ընկերների հետ աշխատել են սեփական ընկերություն հիմնելու ուղղությամբ: Ստեղծագործում է, տպագրվում ամսագրերում: Հիմա էլ ցանկանում է իր նոր պատմվածքով «Անտարեսի» գրական մրցույթին մասնակցել: Ծնողներն ու եղբայրները սնունդ ու գրքեր են տանում բանտ, իսկ Հայկը կարդում է ու ստեղծագործում: Երկար ժամանակ տեսակցություն թույլ չէին տալիս, հետո թույլատրել են, 15 օրը մեկ անգամ Կյուրեղյանները գնում են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու որդուն:

Հայկ Կյուրեղյանի հայրը կարծում է, որ մեր երկրում իշխանությունների տարանջատում չլինելու հետևանքով է ստեղծվել վարչախումբ. «Գոյություն ունի վարչախումբ, և ով այդ վարչախմբի հենարանը չի դառնում, նրա նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: Եթե չկա ազատ դատարան, չկա իշխանության տարանջատում, չի կարող լինել արդարադատություն: Սրա հետևանքն էլ այն է, որ մեր պետությունը բոլոր առումներով սրընթաց ցած է գլորվում: Երբ զրուցում ենք մարդկանց հետ, նրանց մեծ մասը ասում են, որ այսպես շարունակել այլևս անհնար է: Բայց նրանք չեն հավատում, որ բողոքի ակցիաներով, հավաքվելով որևէ բան կարող են փոխել: Մեր երկրում համակարգային փոփոխություններ պիտի լինեն, ոչ թե անձերի: Կարելի է անվերջ ասել, հարցազրույցներ տալ, բայց արդեն խոսքերից հոգնել ենք: Պիտի գործել: Եթե ամեն օր ոչինչ չենք անում, որ ինչ-որ բան փոխվի դեպի լավը, նշանակում է լուռ համակերպվում ենք: Իսկ ի՞նչ անել: Եթե իմանայի, կդառնայի լիդեր ու կառաջնորդեի մարդկանց: Պետք է ուղղակի բոլոր սրտացավ մարդիկ հավաքվեն, միավորվեն ու ելքեր առաջարկեն մարդկանց»:

Կյուրեղյանների ընտանիքը ոչ մի ակնկալիք չունի դատարանից, չի էլ դիմում իշխանությանը, անիմաստ է համարում, նույնիսկ նամակներ, դիմումներ չեն գրել այս ընթացքում պետական մարմիններին: «Ինչ հրահանգեցին վերևից, այն էլ կլինի: Քաղաքական դատավարություն է լինելու, դատավճիռն էլ` բնականաբար քաղաքական է լինելու: Հեղափոխականի ճանապարհը դժվար է, ինքն էլ, մենք էլ գիտակցում ենք դա: Հայկն այսօր գերության մեջ է, իսկ գերության մեջ ծանր է լինում ու դժվար»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter