HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» գործով դատավորը նկատողություն հայտարարեց բնապահպանության նախարարության ներկայացուցչին

Այսօր ՀՀ վարչական դատարանում ավարտվեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ բնապահպանության նախարարության` տեղեկություններ տրամադրելու պահանջի մասին: Դատավոր Սամվել Հովակիմյանը վճիռը կհրապարակի դեկտեմբերի 8-ին: 

Հիշեցնենք, որ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետաքննության շրջանակներում «Հետքը» ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել էր տրամադրել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայով ներկրված եւ արտահանված կենդանիների թույլտվությունների (CITES-ների) պատճենները՝ 2010 թ.-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 9-ը: Նշված տեղեկատվությունը նախարարությունը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան և տրամադրել էր միայն Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը:

Այսօրվա նիստում դատարանը հետազոտեց գործում եղած ապացույցները, իսկ կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, դատաիրավական բաժնի պետ Լևոն Գևորգյանը դարձյալ պնդեց, որ թույլտվությունները պարունակում են առեւտրային եւ անձնական գաղտնիք, իսկ որպես այդպիսին ներկայացրեց կենդանիներ ներկրող եւ արտահանող ընկերությունների անվանումները:

Հետազոտվեց նաեւ գործում առկա այն տեսանյութը, որտեղ երեւում է, թե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի պահանջած տեղեկություններն ինչպես են տրամադրվում օտարերկրացի լրագրողներին: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ այդ թույլտվությունները ստանալու համար իրենց ոչ մի կազմակերպություն չի դիմել, սակայն ընդունեց, որ այդ տեղեկությունները տրամադրվել են օտարերկրացի լրագրողներին: 

«Այդ տեղեկատվությունը տրամադրվել է նախարարության աշխատակցի թյուրիմացության արդյունքում`ոչ պաշտոնական միջավայրում»,-ասաց Լ. Գեւորգյանը: Դատավոր Սամվել Հովակիմյանը նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ արդյոք այդ աշխատակցին ենթարկե՞լ են որեւէ պատասխանատվության: 

«Զիրոյանին ով կարող է պատասխանատվության ենթարկել»,-պատասխանեց Լ.Գեւորգյանը: «Ինչ է նշանակում, թե Զիրոյանին ով կարող է պատասխանատվության ենթարկել»,-հետաքրքրվեց դատավարոը: «Դե ակադեմիկ մարդ է»,-պատասխանեց նախարարության ներկայացուցիչը` նկատի ունենալով նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանին: 

Լեւոն Գեւորգյանը նմանատիպ պատասխաններ էր տալիս նաեւ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանի հարցերին: Երբ փաստաբանը հետաքրքրվեց, թե արդյոք լրատվամիջոցի նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը հանրային հնչեղություն չի հաղորդել թեմային եւ այն չի հետաքրքրում լայն զանգվածներին, Լեւոն Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ, կապիկները ինչի պիտի հետաքրքրեն, այնքան թեմաներ կան, դրանցով զբաղվեք»: 

Դատավոր Սամվել Հովակիմյանը նկատողություն հայտարարեց բնապահպանության նախարարության ներկայացուցչին` ոչ կոռեկտ պատասխանների եւ անլուրջ վերաբերմունքի համար:

Լուսանկարում՝ ձախից՝ ԲՆ ներկայացուցիչ Լևոն Գևորգյանը և դատավոր Սամվել Հովակիմյանը

Մեկնաբանություններ (1)

Բուլկի
Զիրոյան են երգ կա որ ասում ա փախցնեմ տանեմ ոտից գլուղ հաքցնեմ, դա լսել ես?:) Հիմա քոնն ա, ոտից գլուխ հաքցրին քեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter