HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուստրը համաձայն է արտաշիրիմմանը` հոր մահվան իրական պատճառը պարզելու համար

Գայանե Հովհանյանը չի դադարում պնդել, որ հորը՝ Արարատ քաղաքի 65 տարեկան բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահը իրականում սպանության, այլ ոչ թե ինքնասպանության հետևանք է, ինչպես նշվել է մահվան թղթում:

2013թ. հուլիսի 25-ին Գյանջիրով Հովհանյանը տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել: Նրա մարմինը հայտնաբերվել էր մեկ օր անց Արարատ քաղաքից 3 կմ հեռու՝ Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում: Սակայն 2013թ. հուլիսի 24-ին տեղի ունեցածը Հովհանյան ընտանիքին հիմք է տալիս ասելու, որ իրենց ընտանիքի հոր մահվան մեջ դերակատարություն ունեն Արարատի քարի արտադրամասի (ուր մի քանի օր աշխատել է Գյանջիրով Հովհանյանը) սեփականատերեր Նարեկ ու Հովհաննես Ասլանյանները:

Դեպքից մեկ օր առաջ ենթադրյալ գողության կասկածով Ասլանյան եղբայրները, ըստ Հովհաննյանների, սպառնացել են հորը ծեծի ենթարկել նրան: Նրանք վկա են եղել հուլիսի 25-ին նախորդած դեպքերին, երբ հայրը վախեցած եկել է տուն, ապա փախել-թաքնվել հարևանի հողամասում՝ ասելով «Ասլանի տղերքը, եկան, ինձ կսպանեն, խոստացել են»: Սակայն նախաքննական մարմինն ու Արարատի դատախազությունը, քննելով գործը, սպանության, նաև ինքնասպանության հասցնելու հանցակազմ չեն տեսել Ասլանյան եղբայրների արարքներում: 

- Դուք կասկածում եք, որ Ձեր հորը սպանե՞լ են,- դիմելով տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանին հարցրեց Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը: 

- Ես վստահ եմ, հարգելի դատարան,- պատասխանեց Գայանե Հովհանյանը: 

- Եվ ո՞վ է, Ձեր կարծիքով, սպանել Ձեր հորը,- շարունակեց դատավորը: 

- Ասլան Ավետիսյանն այնքան չէ, ինչքան նրա երկու որդիները, ովքեր դեպքի նախորդ օրը հարձակվել են մեր տան վրա, ինչի հետևանքով փակել ենք տան դռները ու փախել հարևանի տուն: 

- Դատարանի նշած խախտումները հնարավո՞ր է քննության ընթացքում վերացնել,- հարցրեց դատավոր Համբարձումյանը Գայանե Հովհանյանի ներկայացուցիչ փաստաբան Գարիկ Մալխասյանին: 

- Գտնում եմ, որ դրանց մի մասը հնարավոր է: Պետք է կատարվի լիարժեք ու օբյեկտիվ քննություն: Գայանե Հովհանյանն ու Հովհանյան ընտանիքը համաձայն են նաև արտաշիրիմման, որպեսզի պարզվի ողջ ճշմարտությունը,- ասաց Գարիկ Մալխասյանը: 

Հիշեցնենք, որ մահացածի դուստրը սկսել է իր սեփական հետաքննությունը, բողոքել տարբեր ատյաններ: Սկզբում նրա բողոքները մերժվել են: Բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել Արարատի մարզի դատախազ Հ.Մելիք-Սարգսյանը: Նախաքննական մարմինն ու դատախազությունը գտել են, որ Գյանջիրովին ո՛չ ինքնասպանության են դրդել, ո՛չ էլ սպանել: Այս որոշումների դեմ Գայանեն բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ մասնակի բավարարվել էր նրա բողոքը: Դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են և պարտավորեցրել վերացնել դրանք: Սակայն, այս որոշմանը համաձայն չլինելով, այս անգամ էլ Արարատի դատախազությունն էր (դատախազ Նիկողոսյան) բողոք բերել Վերաքննիչ դատարան՝ գտնելով, որ քաղաքացի Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, որ կատարվել է օբյեկտիվ քննություն, իսկ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ որպես Գայանե Հովհանյանի իրավունքների խախտում մատնանշված դրվագներն անհիմն են: 

Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը որոշում կայացնելուց առաջ ցանկացավ լսել նաև քննիչ Արթուր Ավետյանի դիրքորոշումը, ով ներկա կլինի հաջորդ նիստին: 

Առաջին լուսանկարում՝ Գայանե Հովհանյանը մոր հետ, երկրորդ լուսանկարում՝ հայրը՝ Գյանջիրով Հովհանյանը

Մեկնաբանություններ (1)

Koriun
Where is the follow-up to this case, now more than 7 months old?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter