
Դատարանը մերժեց երկու ցմահ բանտարկյալների գործով բողոքները
Ըստ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 20 տարի առաջ նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործով արդարադատության դեմ ուղղված հանցագործություն տեղի չի ունեցել:
Նույն դատարանը նախկին զինդատախազի հայտնած օպերատիվ տվյալները համարել է ենթադրություններ: Համաձայն դատարանի որոշման՝ «նախկին զինդատախազի կողմից լրատվական միջոցներին տված հարցազրույցում կատարված ենթադրությունները չեն կարող հանդիսանալ նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու հիմք»: Խոսքը 19 տարի առաջ դատապարտված Արթուր Մկրտչյանի գործի մասին է, իսկ նախկին զինդատախազը Գագիկ Ջահանգիրյանն է, ով հարցազրույց է տվել ոչ թե լրատվական միջոցներին, ինչպես նշված է դատարանի որոշման մեջ, այլ «Հետք» ինտերնետային թերթին՝ հայտնելով ոչ թե ենթադրություննե, այլ օպերատիվ տվյալներ:
Այսպիսով՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը երկու դեպքում էլ մերժեց ցմահ բանտարկյալներ Սողոմոն Քոչարյանի ու Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքները:
Հիշեցնենք, որ երկու քրեական գործերով էլ նախկին դատախազները 19 տարի անց բացահայտել են նախորդ դարի 90-ականներին քննված գործերով նոր հանգամանքներ: Սողոմոն Քոչարյանի գործով Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանն իր ինքնակենսագրականում հայտնել է, որ Սողոմոն Քոչարյանի մահվան դատավճռի պահանջը եղել է մեկ այլ պետության՝ Իրանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Իսկ Արթուր Մկրտչյանի գործով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը 19 տարի անց հայտնել է օպերատիվ տեղեկություններ, որոնք քննության նյութ չեն դարձել 19 տարի առաջ:
Երկու դեպքերում էլ նախ «Հետքը», ապա Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ ի դեմս փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթներ հարուցել 19 տարի անց՝ հիմք ընդունելով «Հետքի» լուսաբանումները: Սակայն թե՛ Սողոմոն Քոչարյանի, թե՛ Արթուր Մկրտչյանի գործերով մերժվել է վերանայման վարույթի հարուցումը: Հենց այս մերժումներն էլ բողոքարկվում էին դատարանում:
Փաստաբան Ռևազյանը «Հետքին» հայտնեց, որ պատրաստվում է երկու գործով որոշումները բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել