HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ դատապարտյալի պայմանական ազատման հարցի լսումը հետաձգվել է երրորդ անգամ

23-րդ տարին անազատության մեջ գտնվող, բանտում հաշմանդամություն ստացած 42-ամյա Վահագն Մարուքյանը «Հետքին» տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մի քանի օր առաջ հետաձգել է իրեն պայմանական ազատելու հարցի քննարկումը: Բանտարկյալը նշեց, որ սա երրորդ անգամ է, ինչ հանձնաժողովը հետաձգում է լսել իր հարցը:

«Չեմ հասկանում՝ ինչի են հետաձգում պայմանականի հարցը՝ ոչ տույժ ունեմ, ոչ խախտում: Ասում են՝ գրեք երկրի նախագահին, բայց քանի՞ անգամ գրենք: Մայրս շատ ա գրել, անգամ գրել ա՝ տվեք մեր մեռելը տանենք-թաղենք: Մահապատժի տարիների սարսափների պատճառով դարձա հաշմանդամ: 6-րդ տարին ա՝ հաշմանդամ եմ, ամեն օր դեղ եմ խմում, որ պատերից բռնվելով քայլեմ: 19 հազար դրամ թոշակ եմ ստանում 2–րդ կարգի հաշմանդամության համար: 3 տարի ա, ասում եմ՝ թող թոշակս փոխանցեն ու «իսկի» իմ մասը (քաղաքացիական հայցը-հեղ.) փակեն, եթե էդ ա հետաձգելու պատճառը: Ասում են՝ եթե նույնիսկ վճարես, ոչ մի բան չի փոխվելու, «վերևից» հրաման չունենք»,- ասաց ցմահ ազատազրկման դատապարտվածը:

Վահագն Մարուքյանը ձերբակալվել է 1993 թ-ին՝ 19 տարեկանում: Մեկ տարի անց նա դատապարտվել է մահապատժի՝ մեղադրվելով Վանաձորում տեղի ունեցած ոստիկանի սպանության մեջ: 2003թ.-ին 42 այլ մահապատժի դատապարտվածների հետ ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազկմամբ: 3-րդ տարին է՝ տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:

«Հետքը» պարբերաբար նամակներ, դժգոհություններ է ստանում դատապարտյալներից, ովքեր բարձրացնում են իրենց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի խոչընդոտների մասին:

Եթե որոշակի տարիների ազատազրկան դատապարտվածների դեպքում պայմանական ազատումը թեկուզ սոսկալի քիչ, այնուամենայնիվ կիրառվում է, այլ է պատկերը ցմահ ազատազրկման պարագայում: Ցմահ դատապարտյալներն, ըստ քրեակատարողական օրենսգրքի, պատիժը կրելուց 20 տարի անց ունեն պայմանական ազատման իրավունք, այդուհանդերձ արդեն 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման իրավունքի 20 տարվա շեմը, սակայն որևէ մեկը պայմանական վաղաժամկետ ազատություն չի վերադարձել: Նրանց պայմանական ազատման հարցի քննարկումը կամ հետաձգվում է ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովների կողմից, կամ ստանում են մերժումներ՝ քաղաքացիական հայցերի չմարման ու խախտումների պատճառաբանություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter