
Սողոմոն Քոչարյանին դարձյալ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Երեկ երեկոյան «Դատապարտյալների հիվանդանոցից» զանգահարել են ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի մորն ու հայտնել, որ տղային տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Շատ ուրախացա, որ Սողոմոնիս տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, ապրեն վարչության ու «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավարները, որ հասան Սողոմոնիս»,- ասաց տիկին Զինան, ում այսօր հանդիպեցինք «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` վերակենդանացման բաժանմունքի դիմաց:
Քրեակատարողական վարչության արձագանքը
Քրեակատարողական վարչությունից «Հետքին» տեղեկացրեցին, որ Սողոմոն Քոչարյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց հետագա բուժման ու հավելյալ հետազոտություններ անելու նպատակով:
Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց, որ իր ու պաշտպանյալի մոր անունից երեկ գրավոր դիմել են ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին՝ բարձրացնելով երկու հարց՝ Քոչարյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և հնարավորիս արագացնել պատժի հետագա կրումից ազատելու գործընթացը:
«Ուրախությամբ եմ նշում, որ ՔԿ վարչությունն արագ արձագանքեց և մի քանի ժամ անց Սողոմոնը տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց: Սրտի իշեմիկ հիվանդություն, անբավարարություն ունեցող Սողոմոն Քոչարյանի համար «Դատապարտյալների հիվանդանոցում» պայմանները բավարար չէին: Հաշվի առնելով այն, որ Սողոմոն Քոչարյանը ցմահ դատապարտյալ է, և ըստ գործող կարգի` նրան պահում էին փակ ռեժիմում, այդ պայմաններում հնարավոր չէր կազմակերպել նրա բուժումը: Գրության մեջ նույնպես նշեցինք, որ նրա հիվանդությունն ու պայմանները, որտեղ գտնվում էր, անհամատեղելի էին, և նրա կյանքին վտանգ էր սպառնում»,- ասաց փաստաբանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը
Գրիշա Բալասանյանն ու Զինա Քոչարյանը երեկ գրավոր դիմել էին նաև Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Կարեն Անդրեասյանին: ՄԻ գրասենյակի ներկայացուցիչը երեկ առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոցում» տեսակցել էր Սողոմոն Քոչարյանին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց օմբուդսմենի խոսնակ Շուշան Դանիելյանը` նշելով, որ հրատապ գրություն են արդեն ուղարկել ԱՆ: «Ցմահ դատապարտյալի մայրն ու փաստաբանը բարձրացրել էին երկու խնդիր, սակայն այսօր փաստաբանից տեղեկացանք, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը լուծվել է: Ուստի խնդրել ենք հայտնել` արդյոք ցմահ դատապարտյալի մոտ ախտորոշված հիվանդությամբ պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխանելիության հարցը ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, եթե այո, ապա խնդրել ենք տրամադրել համապատասխան եզրակացությունները, եթե ոչ, ապա հանձնարարել ապահովել գործընթացի պատշաճ կատարումը»,- նշեց Շուշան Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ հնգօրյա ժամկետում կստացվի պատասխան արդարադատության նախարարությունից:
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի արձագանքը
Նման հրատապ գրություն ԱՆ-ին ուղարկել է նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խումբը: Խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ այցելել են Սողոմոն Քոչարյանին «Դատապարտյալների հիվանդանոցում», խոսել նաև բժշկական անձնակազմի ու ադիմինիստրացիայի հետ:
«Գրությամբ նշել ենք, որ Սողոմոն Քոչարյանի ախտորոշումները համապատասխանում են Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին մի քանի կետերով: Առաջարկել ենք պատժի հետագա կրումից ազատելու գործընթաց սկսել և տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Բարեբախտաբար, նրան ավելի շուտ են տեղափոխել հիվանդանոց»,- նշեց Ռուբեն Սարգսյանը:
Օրվա երկրորդ կեսին Սողոմոն Քոչարյանին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեցին սրտաբանական բաժանմունք, որտեղ նա անցավ անհրաժեշտ բոլոր ստուգումներն ու հետազոտությունները: Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
«Հուսով եմ, որ Սողոմոնը լիարժեք բուժում կստանա բազմապրոֆիլ քաղաքացիական հիվանդանոցում, այլ պայմաններում անհնար է այն իրականացնել»,- ընդգծեց Սողոմոնի փաստաբանը:
Զինա Քոչարյանը հատուկ շեշտեց, որ թե՛ տղան, թե՛ ինքը գոհ են բուժանձնակազմի ու ՔԿՎ աշխատակիցների վերաբերմունքի: «Սողոմոնս հատուկ ինձ ասել ա, որ քրեակատարողականի տղերքը, որ նստած են կողքին գիշեր-ցերեկ, լավ են նայում, գիտեն, որ պատերազմով ա անցել, դարձել պատերազմի հաշմանդամ, գիտեն, որ հետախույզ տղա ա, ափսոս տղա ա: Աստված իրանց առողջություն տա»,- ասաց Զինա Քոչարյանը:
Վերջին 9 օրերին ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը 3 տարբեր հիվանդանոցներում է բուժում ստացել՝ «Էրեբունի» ԲԿ-ում, «Դատապարտյալների հիվանդանոցում» և այժմ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել