
«Սասունը շատ աշխատասեր էր»,- պատմում է զոհված զինծառայողի քույրը
15-ամյա Լիլիթ Մկրտչյանն այսօր առավոտյան հրապարակել էր հորեղբոր` Սասուն Մկրտչյանի լուսանկարը` հայտնելով, որ նա երկու օր առաջ զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Սասունին Լիլիթը եղբայր է անվանում, քանի որ մանկուց միասին են մեծացել:
«Հետքի» հետ զրույցում Լիլիթն ասաց, որ ուզում է բոլորն իմանան իր եղբոր մասին, քանի որ վերջինս հերոսաբար է զոհվել. տեսնելով թշնամուն`առաջինն ինքն է ուղղվել նրանց դիմագրավելու` թիկունքում թողնելով զինվորներին: Սասուն Մկրտչյանը պայմանագրային զինծառայող էր. 2011թ.-ից Զինված ուժերում է` Արաբկիրի զինկոմիսարիատ:
Սասունի պլաններում ապրիլի վերջ նշանվելն էր: Սեփական աշխատանքի շնորհիվ մեքենա էր գնել, պատրաստվում էր ավելի բարեկեցիկ դարձնել կյանքն ու ամուսնանալ: Լիլիթը պատմում է, որ Սասունը երբեք չէր կարողանում անգործ նստել, տանը լինելիս` անընդհատ փորձում էր ինչ-որ բան սարքել, նորոգել:
«Ես հիմա կարծես երազում լինեմ, չեմ հավատում… Ես չգիտեմ, թե ոնց պատմեմ իր մասին, որ իմանաք, թե Սասունն ով էր: Չկար էդպիսի մեկը, որ չսիրեր Սասունին: Հարևանները եթե օգնության կարիք ունեին, Սասունին էին միանգամից խնդրում` իմանալով, որ միանգամից օգնության կգա: Բոլորս ասում էինք, որ Սասունը շատ աշխատասեր է, մի րոպե չէր կարող հանգիստ նստել: Ինքը շատ ուժեղ էր, աշխատանքի հետ զուգահեռ սպորտով էր զբաղվում` մուայ թայ սպորտաձևով: Մեկ-մեկ եթե սպորտում ինչ-որ բան չէր ստացվում, շատ էր նեղվում, բայց չէր հուսալքվում, էլի էր փորձում»,- պատմում է Լիլիթը:
Սասունն ապրում էր ծնողների հետ. նրանք սահմանային լարված օրերին ամեն վայրկյան սպասել են որդու վերադարձին, բայց երեկ ստացել են նրա մահվան լուրը:
Սասունի եղբոր աղջիկը` Լիլիթը, հիշում է, որ հորեղբայրը կռիվներ չէր սիրում, անընդհատ խաղաղեցնում էր լարված իրավիճակները. «Նույնիսկ եթե ես ու եղբայրս երեխայական կռիվ էինք անում, ինքն ասում էր հանգստացեք, կռիվ չի կարելի անել»,- պատմում է Լիլիթ Մկրտչյանը:
Լուսանկարները` Սասուն Մկրտչյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել