HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական ծխախոտի արտահանումը զգալի ծավալների է հասել. ում ենք վաճառում և ումից գնում

Վերջին տարիներին ծխախոտի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ աճում է նաև արտահանումը։ Սա Հայաստանի արդյունաբերության եզակի ճյուղերից է, որի դեպքում առաջընթացը զգալի է։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, մշակող արդյունաբերության ընդհանուր անկման ֆոնին սիգարետի արտադրության աճը 2015 թվականին չի դադարել: 2014-ի համեմատ այն ավելի քան 49 %-ով աճել է ու կազմել 95 մլրդ դրամ։  

Նկատելի աճ է գրանցել նաև արտահանումը։ Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան 171 մլն դոլարի սիգարետ (սիգար, սիգարիլլա), աճը՝ 47 %։

Այդպիսով, 2015-ին սիգարետը դարձել է Հայաստանից արտահանվող երկրորդ ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքը՝ պղնձից հետո։ Դրանից մեկ տարի առաջ այն զիջում էր նաև կոնյակին ու ադամանդին։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 18,3 մլրդ հատ սիգարետ, իսկ ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ արտահանվել մոտ 16 մլրդ հատ։ Այսինքն՝ արտադրված սիգարետի 87%-ն արտահանվել է։ Զուտ ֆիզիկական ծավալներով արտահանումը մեկ տարում ավելացել է 5,3 մլրդ հատ սիգարետով։

Հայկական սիգարետի խոշորագույն գնորդն Իրաքն է։ Մյուսը՝ Սիրիան։ Մեծ ծավալի ներմուծել են նաև Թուրքմենստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Հորդանանը։ 2014-ին ևս խոշոր ներմուծողներն այս երկրներն են եղել։ Բացի դրանցից, Հայաստանից սիգարետ է ներմուծում ևս մի քանի երկիր, բայց՝ ոչ մեծ քանակությամբ։

Դեպի Իրաք արտահանումը մեկ տարում աճել է 60%-ով, իսկ դեպի Թուրքմենստան՝ ավելի քան կրկնապատկվել։ Հիմնականում դեպի այս երկրներ արտահանման աճի հաշվին էլ բարձրացել է սիգարետի արտահանման ընդհանուր ցուցաիշը։ Այլ խոսքով՝ աճն արձանագրվել է ոչ թե արտահանման աշխարհագրության ընդլայնման հաշվին, այլ երկու խոշոր գնորդների կողմից ներմուծման ծավալների աճի։

Իսկ դեպի ԱՄԷ արտահանումը կտրուկ կրճատվել է մեկ տարում՝ 3,3 մլն դոլարից հասնելով 0,7 մլն դոլարի։

Tobacco, ArmeniaInfographic

Հայաստանը նաև սիգարետ ներմուծող երկիր է։ Ամենամեծ ծավալի ներմուծումը կատարում է Ուկրաինայից և Ռուսաստանից։ 2014-ի համեմատ ներմուծման ցուցանիշը 12,5 %-ով պակասել է՝ հիմնականում պայմանավորված Ուկրաինայից ներմուծման ծավալների անկմամբ (նվազումը՝ 33,3 %): Ու չնայած, որ Ռուսաստանից սիգարետի ներմուծումը 70 %-ով ավելացել է, սակայն ընդհանուր ցուցանիշը, միևնույն է, նվազել է։

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, հինգ տարի առաջ Հայաստանը 3,5 անգամ ավելի շատ ծխախոտ է ներմուծել, քան արտահանել։ 2012 թվականին այդ տարբերությունը կճատվել է։ Իսկ, ահա, 2013-ից արտահանումը սկսել է գերազանցել ներմուծմանը։

ԱՎԾ-ի հաշվարկներով՝ նախորդ տարի Հայաստանում սիգարետի ընդամենը ռեսուրսները կազմել են մոտ 252 մլն տուփ (արտադրություն + ներմուծում-արտահանում): 1 տուփի միջին գինը՝ շուրջ 380 դրամ։ Սակայն չկան կոնկրետ հաշվարկներ, թե ծխախոտի առկա ռեսուրսները տարվա ընթացքում ամբողջությամբ սպառվե՞լ են, թե՞ ոչ։

Հայաստանում ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող երեք խոշոր ընկերություն կա` «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն և «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն: Երեքն էլ պատկանում են  «Գրանդ Հոլդինգ» կոորպորացիային։ Շուկայում ամենամեծ մասնաբաժինը «Գրանդ Տոբակո»-ինն է:

Հիշեցնենք, որ անդրադարձել ենք նաև Հայաստանից մոլիբդենի, ադամանդի և ոսկերչական իրերի, պղնձի, ոսկու և թանկարժեք մետաղների հանքանյութի արտահանմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter