
«Ես էլ չեմ ուզում, որ իմ խմբում տղա պարի»,- ասում է զոհված սերժանտ Նորիկ Գասպարյանի պարուսույցը
Մարինե Մարտիրոսյան
Զոհված տղերքի մասին նյութեր գրելը հեշտ չէ: Առանց էմոցիաների հնարավոր չէ տողը կառուցել, նույնիսկ եթե տարեթիվ ու վայր ես նշում: Թվերի ու վայրերի միջով այդ տղերքի կենսագրությունն է անցնում:
Կապանի մշակույթի կենտրոնի շենք ենք բարձրանում կապանցի պարուսույց Էրիկ Քոչարյանի հետ: Պարի դասասենյակի դուռն է բացվում, Նորոյի՝ Նորիկ Գասպարյանի (1996-2016 թթ.) լուսանկարն է պահարանում: Նորոն խաղաղ նայում է, ժպիտ կա դեմքին: Նրա ընկերներն են դասասենյակում: Էրիկը նստում է պահարանի մոտ: Պահարանում «Պարի աստղեր» խմբի մրցանակներն են՝ Նորոյի լուսանկարի մոտ, պատվոգրեր ու փոքրիկ օձ արձանիկ: Բանակ գնալուց առաջ Նորոն խնդրել է, որ այդ օձը դնեն պահարանում, ասել է՝ այդ օձի միջոցով բանակից կիմանա, թե ընկերներն ինչ են անում:
Պատին փակցված է «Պարի աստղեր»-ի մեծ պաստառը, որտեղ կա նաև Նորոն: Նայում ենք, ընկերներն ասում են՝ այդ ժամանակ խմբում երեք տղա էին:
Հասկանում եմ, որ խոսակցությունը դժվար է լինելու: Էրիկը հաճախ թեքում է հայացքը: Մինչ օրս չի հաշտվում ապրիլի 2-ի լույս 3-ին լսած լուրին: Ասում է՝ Նորոն հիմա էլ մեզ հետ է, Նորոյին հնարավոր չէ մոռանալ:
Կապանի «պարի աստղը». Նորոն
2007 թ.-ին Էրիկը պարի խումբ ստեղծելու համար մասնակիցներ էր փնտրում: Հայտարարություն էր տվել դրա համար: Առաջին արձագանքողը Նորոն էր: Էրիկը հիշում է, որ Նորոն հայրիկի հետ եկավ ստուդիա: Հայրն ասաց՝ թեև չի ուզում, որ տղան պարող դառնա, բայց Նորոն շատ է սիրում պար: Նորոն ընդունվեց «Պարի աստղեր» ստուդիա: 5 տարի ուսանելուց հետո ինքն էր արդեն պար սովորեցնում երեխաներին:
Ընկերները պատմում են, որ երբեք չէր վիճում իրենց հետ, հակառակը՝ հարթեցնում էր խմբի տարաձայնությունները: Ասում են՝ որտեղ Նորոն էր, այդտեղ ուրախություն էր:
Էրիկի խոսքով՝ տղաներն ուղղակի գալիս էին պարելու, իսկ Նորոն արմատներ էր գցում, ու երբ ինքը դասասենյակից բացակայում էր, Նորոն նոր բեմադրությամբ էր զբաղվում: Ամեն միջոցառման Էրիկին պիտի անակնկալ մատուցեր:
Ընկերները հիշում են, որ դասերից հետո պարի էին գալիս, և հաճախ էր պատահում, որ ընկեր Էրիկին էլ ճանապարհում էին տուն, ու իրենք խմբով շարունակում էին բեմադրությունը: Նորոն ժամանակակից պարեր էր սիրում, ժողվորդական պարերին էլ ժամանակակից շունչ էր հաղորդում:
«Նորոն իր կարճ կյանքում շատ բաներ հասցրեց անել»,- ասում է Էրիկը: Նա խմբում միակն էր, որ պարուսույցին «Քոչ» էր ասում: Երբ մեր զրույցի ժամանակ Թերեզան նրան այդպես դիմեց, Էրիկն արձագանքեց, թե «միայն Նորոն էր այդպես դիմում ինձ»:
Բանակ գնալուց առաջ Նորոն աթոռ ու սեղան էր գնել դասասենյակի համար: Էրիկին ասել էր՝ բանակից կգամ, կվայելեմ: «Էն էլ իր փոխարեն մենք ենք վայելում»,- ասում է պարուսույցը:
Կիսատ թողած երազանքներ
Նորոն բանակ գնալուց առաջ ընդունվել էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին: Ընկերներին, պարուսույցին ասել էր, որ բանակից գալու է ու շարունակելու է պարով զբաղվել:
«Ես որոշել էի, որ Նորոյի բանակից գալուց հետո խումբը հանձնելու եմ իրեն, էն էլ...»,- նախադասությունը կիսատ է մնում, բայց շարունակությունը Էրիկի հայացքում է: Քիչ անց շարունակում է միտքը, ասում է՝ այլևս տղաներ չի ընդգրկելու խմբում:
«Ես էլ չեմ ուզում, որ իմ խմբում տղա պարի: Ավելի լավ ա աղջիկներ լինեն, ամուսնանան, ոչ թե տղա ա, բանակ գնա ու ես դժբախտ դառնամ»,- նշում է պարուսույցը:
Ընկերները հիշում են, որ ամեն Նոր տարի գնում էին Էրիկենց տուն: Այս Ամանորին Նորոն զանգեց, ասաց՝ վերջին անգամ եք գնում առանց ինձ: «Ու, իրոք, վերջին անգամ»,- լրացնում է պարուսույցը:
Երբ ուզում էին հավատալ հեքիաթներին
Նորոն զորակոչվել էր 2014-ին, ծառայում էր տանկային գումարտակում: Սերժանտ էր: Ընկերների հետ միշտ կապի մեջ էր: Էրիկն ասում է՝ ափսոսում է, որ քիչ էր խոսում Նորոյի հետ, բայց կինը լրացնում էր բացը. Նորոն հարազատ էր իրենց ընտանիքին: «Ասում էր՝ Քոչ, գյուդումըմ վըր ժամանակ չոնիս, բայց մին-մին խոսե հետս (գիտեմ, որ ժամանակ չունես, բայց մեկ-մեկ խոսիր հետս»)»,-հիշում է պարուսույցը:
Ծառայությունը, ըստ ընկերների, շատ էր փոխել Նորոյին: Մինչ բանակ գնալը չէր ուզում ծառայել, բայց երբ ծառայության անցավ, ասում էր՝ տարիներով կծառայեմ:
Նորոյի զոհվելու մասին լուրը լսելուց հետո ընկերներն ասում են, թե չէին հավատում: Տարբեր կարծիքներ էին լսում՝ մեկն ասում էր՝ Նորոն հիվանդանոցում է, մյուսը՝ Նորոն առողջ է… Դրանք բնորոշում են «հեքիաթներ» բառով, որոնց այնքան էին ուզում հավատալ:
Մեկ շաբաթ ստուդիայում դասերն ընդհատվել էին: Էրիկն ասում է՝ առավոտյան գալիս էր ստուդիա, ոչ մի բան չէր կարողանում անել: Ու այդ ընթացքում մոմավառություն էր սենյակում Նորոյի հիշատակին:
«Հիմա էլ չեմ ուզում մտածել, որ ինքը չկա, ինքը միշտ կա: էս սենյակի դուռը, որ բացում եմ, ինքն է»,- նվաղում է Էրիկի ձայնը:
Մեր զրույցի ընթացքում Կարենը եկավ. խմբի նախկին անդամներից է, նոր է զորացրվել: Էրիկն ասում է՝ Նորոյից հետո ամեն օր զանգում էր Կարենին, մինչև որ զորացրվեց:
Կարենը մեզ միայն լսում էր: Երբ սենյակից դուրս եկավ, Էրիկն ասաց՝ 4 ընկեր է կորցրել ապրիլին: Ձայնագրիչն անջատելուց հետո խոսեցինք Կարենի հետ: Մեր խոսակցության ընթացքում մտածում էի, որ ապրիլը խորը հետքեր է թողել Կարենի մեջ, ու հիմա շարունակում եմ մտածել՝ կանցնե՞ն այդ հետքերը, նրա կյանքի նախկին ռիմթը կվերականգնվի՞...
Ամեն ամսի 2-ին ընկերներով բարձրանում են Կապանի հուշահամալիր: Էրիկն ասում է՝ ծաղիկներ են դնում, խոսում Նորոյի հետ ու դարձյալ իջնում քաղաք: Քաղաքի ռիթմը նրանց համար այլևս նույնը չէ, ասում են՝ բոլորս զգում ենք Նորոյի պակասը:
Պարի միջազգային խորհրդի կողմից Նորոն հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավորի» կոչմամբ: Էրիկն ասում է՝ Նորոյի հետ կապված այնքան երազանքներ ունեինք, բայց դարձյալ կիսատ է մնում նախադասությունը…
Լուսանկարները՝ Է. Քոչարյանի արխիվից և հեղինակի
Մեկնաբանել