
Արցունքաբեր գազից առողջական խնդիր էին ունեցել Զավարյան փողոցի բնակիչները
Երեկ երեկոյան Խորենացի փողոցում կատարված բախումների ժամանակ ոստիկանների կողմից արցունքաբեր գազ օգտագործվեց: Արդյունքում Խորենացի փողոցին կից՝ Զավարյան փողոցում, բնակիչները առողջական խնդիր են ունեցել: Մասնավորապես Զավարյան 10 հասցեից «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց էր տեղափոխվել երկու ամսական Ստեփանը:
«Բոլորս էլ վատ զգացինք էդ գազի հոտից, աչքներիցս արցունք եկավ, բայց ամենաշատը վախեցնաք նորածնի համար: Ճիշտ է, կարծես երեխան չէր տուժել այդ գազից, սակայն ապահովության համար տեղափոխեցինք հիվանդանոց: Թթվածինն էին ստուգել, ասել էին՝ արյան մեջ թթվածինը մի քիչ պակաս է, դրա համար թթվածին էին տվել, ստուգումներ արել: Անվտանգության համար ողջ գիշեր երեխային պահել էին հիվանդանոցում ու առավոտյան արդեն դուրս գրել: Հիմա արդեն երեխան տանն է, իրեն լավ է զգում»,- ասում է Ստեփանի մորաքույրը` Սոնա Փայտյանը:
Արցունքաբեր գազից նաև առողջական խնդիր էին ունեցել Զավարյան փողոցում բնակվող Կարինեի ընտանիքի անդամները:
«22:00-ից անց էր, երբ թոռնիկիս հետ դրսում էինք ու լսեցինք գմփոցի ձայներ: Մտածեցի՝ հաստատ սա ոչ թե հրավառության, այլ բաց թողված հրթիռների ձայներ են: Վախեցա,որ հեսա գլխներիս մի բան կընկնի ու երեխային վերցրեցի, բարձրացանք վերև: Մի հինգ րոպե էր անցել, աղջիկս երեխաներին ուզում էր լվացացներ, ասեցի՝ ես լավ չեմ. աչքերս մրմռաց, սիրտս խառնեց: Ահավոր վիճակ էր:
Հետո արագ երեխեքին մտցրեցինք բաղնիք, դուռը փակեցինք վրաները, պահուհանները արագ ծածկեցինք: Էդ ձեներից մեր 8 ամսական պուճուրն էլ վեր թռավ քնած տեղից: Խառնվեցինք իրար, մածուն, ձմերուկ կերանք, բայց միառժամանակ աչքներիս մրմռոցը չէր անցնում: 82 տարեկան մայր ունենք, ով էդ ընթացքում տան պատշգամբում էր նստած ու էդ գազի հոտից ինքն էլ էր վատացել, մինչ այս պահը սրտխառնոց ունի: Փառք Աստծո, հիմա արդեն լավ ենք: Լավ է, կարողացանք երեխաներին «փրկել»: Աղջիկս թոռներիս հետ Գերմանիայից երկորդ անգամ էր հյուր եկել, մի անգամ եկան, ապրիլյան պատերազմն էր, էս անգամ եկան, էս բախումներն են: Խեղճերը չկարողացանա նորմալ հագնստանալ. չեն կարողանում տանից դուրս գալ»,- պատմում է Կարինեն:
Մեկնաբանել