
15.000 դրամի համար հաշմանդամություն ունեցողը 1 տարի 7 ամիս կալանքի տակ է
49-ամյա Տիգրան Հարությունյանը 1 տարի 7 ամիս կալանավորված է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ. մասում: Տիգրանը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, սակայն դա չի խանգարել դատարանին, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանքը: Նա մեղադրվում է 2-3 գրամ մարիխուանա իր տան դիմաց 15.000 դրամով վաճառելու մեջ:
Տիգրան Հարությունյանի կալանավորմանն ու քրեական գործին «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է՝ գրելով, որ կալանավորին դատական նիստերի դահլիճ են բերում սայլակով:
Դատարանը մեկ տարի ու կես քննում է այս գործը
Դատարանում գործի քննությունը սկսվել է դեռևս 2015-ի մայիսից, սակայն մինչ օրս դատավճիռ չկա: Ավելին՝ «Հետքին» ահազանգեց Տիգրան Հարությունյանի եղբայրը՝ Իշխան Հարությունյանը՝ ասելով, որ հուլիս ամսից դատավարություն չի եղել: «Իմ եղբայրը ծանր վիճակում է, սայլակի վրա, չի կարողանում ինքնուրույն շարժվել, տարբեր հիվանդություններ ունի, գոնե արագացնեն փորձաքննությունը, դատերը անեն»,- ասաց հիվանդ կալանավորի եղբայրը:
Այս տարվա հուլիսի 8-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը, բավարարելով Տիգրան Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը, նշանակել է դատաբժշկական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» կազմակերպությանը` միջգերատեսչական բժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմով։
Մեկ փորձաքննությունը տևում է շուրջ 4 ամիս. ինչո՞ւ
«Անցել է շուրջ 4 ամիս, բայց ոչ մի փորձաքննություն չեն արել»,- ասաց Իշխան Հարությունյանը՝ նշելով, որ օրեր առաջ անձամբ է գնացել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն», խոսել բաժնի վարիչներից Գագիկ Հարությունյանի հետ, ով նշել է, որ շատ ծանրաբեռնված են աշխատում: Նույն պատասխանը ստացավ «Հետքը»՝ հեռախոսազրույց ունենալով կենտրոնի մեկ այլ բաժնի վարիչի հետ, ով չցանկացավ նշել անունը:
Ըստ բժշկական փաստաթղթերի` Տիգրան Հարությունյանն ունի տուբերկուլոզ՝ աջ թոքի քայքայումով, շաքարային դիաբետ, օրական ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող դեղամիջոց Լանտուս տեսակի, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, ուռուցքային գոյացություն կոկորդում, էպիլեպսիա:
Էպիկրիզը՝ 2015 թ-ի մարտի դրությամբ
Տիգրան Հարությունյանը էպիլեպսիա հիվանդություն ունի 20 տարեկանից, սակայն նախաքննության ժամանակ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու արդյոք նա ի վիճակի՞ է ցուցմունքներ տալ, կամ որքանով են արժանահավատ նրա ցուցմունքները: «Դատախազն ասաց՝ մենք որտեղից իմանայինք, որ Հարությունյանն ունի էպիլեպսիա: Սակայն գործում կա էպիկրիզ, որտեղ գրված է էպիլեպսիայի մասին»,- մեզ հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը:
Հաստատվել են նաև հեպատիտ C և լյարդի ցերոզ հիվանդությունները
«Ունեցած հիվանդությունները հերիք չէին, հիմա էլ հեպատիտ C-ն է հաստատվել: Լյարդի ցերոզն է ավելացել: Անցած հոկտեմբերին քրեակատարողականից չհաստատեցին, բայց էս տարվա հոկտեմբերին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հաստատել են նորից, որ հեպատիտ C ունի»,- ասաց կալանավորի եղբայրը:
Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 26-ին Տիգրան Հարությունյանը սուր ցավեր էր ունեցել բանտում, շտապօգնություն էր կանչվել: «Շտապօգնություն» ՊՈԱԿ-ից փաստաբանը ստացել էր պատասխան, որ հետազոտությամբ պարզվել է՝ կալանավորը հիվանդ է նաև հեպատիտ C-ով: Ըստ փաստաբանի, կարելի է եզրակացնել, որ հեպատիտով նա վարակվել է քրեակատարողական հիմնարկում: «Գոնե դեղերը տան, Էսենցյալը իր դեղն է, գոնե մի երկու ժամ քնի»,- ասում է Իշխանը:
Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։
2015 թ-ի հոկտեմբերի 26-ի և 2016 թ-ի հոկտեմբերի 6-ի բժշկական փաստաթղթերը
Այս պարագայում, երբ դեռ չկա դատավճիռ, չի կարող կիրառվել կառավարության կարգը, որը վերաբերում է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններին: Հիշեցնենք, որ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 9 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:
Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կալանավորը չի ստանում թոշակը
Հիվանդություններից զատ, Տիգրան Հարությունյանն ունի նաև հաշմանդամության թոշակի խնդիր, թոշակը չի ստանում: Իշխան Հարությունյանն ասաց, որ եղբայրը թեև 3-րդ կարգի հաշմանդամ է ճանաչվել, ինչը բողոքարկել են, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել, չի ստանում նաև թոշակը: «Մարդը չի կարողանում քայլի, 10 հիվանդություն ունի, գրում են 3-րդ կարգ, բայց, լա՛վ, գոնե թոշակը տան, գոնե դեղերի փող կլինի, դա էլ չեն տալիս»,- ասաց կալանավորի եղբայրը: Իշխանը պատմեց, որ գնացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Էրեբունու տարածքային գրասենյակ, ուր և «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղարկել են նրա փաստաթղթերը: Սակայն այնտեղ կալանավորի եղբորը պատասխանել են՝ քանի որ Տիգրան Հարությունյանը հետադարձ հասցե չունի, չեն կարող թոշակ տալ. «Ասեցին՝ երբ դատապարտեն, իրեն կգրանցեն բերդի վրա, նոր կթոշակավորենք»:
Իշխան Հարությունյանը «Հետքի» միջոցով դիմում է մի քանի պետական կառույցների.
- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որպեսզի ողջամիտ ժամկետներում կատարվի գործի քննությունը, ոչ թե տևի տարիուկես
- «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որպեսզի վերջապես կատարվի եղբոր դատաբժշկական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը, տրվի համապատասխան եզրակացություն
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի պաշտպանվեն եղբոր առողջության, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու իրավունքը
- Սոցիալական ապահովության պետական ծառայությանը, որպեսզի կարգավորեն եղբոր թոշակավորման հարցը
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել