HY RU EN

Նաիրա Հայրապետյան

Ջոն Լենոն. Ռոքնռոլի բուրժուա-բանվոր հերոսը

Ջոն Լենոնի հետբիթլզյան լավագույն ալբոմներից մեկն է համարվում 1970թ. թողարկված «John Lennon/Plastic Ono Band»-ը: Այս ալբոմը շատերը Լենոնի կենսագրության այդ փուլի լավագույն վավերագրությունն են համարում, որն անկեղծորեն արտահայտում է արտիստի մտավոր, հոգևոր, զգացմունքային ողջ դրությունը: Այստեղ նաև երևում է նրա սոցիալական, քաղաքական, հասարակական կեցվածքը, որն առավել ընդգծված արտահայտվում էր դեռևս 60-ականների վերջից: Պատերազմների հակառակորդ, խաղաղության պաշտպան, հասարակության խնդիրներով մտահոգ մարդն ու քաղաքացին արդեն տեսանելի էր նրա բազմաթիվ երգերում՝  «Revolution», «Revolution 1», «Come Together», «Give Peace a Chance» և այլն, իսկ ավելի ուշ հայտնվեց նաև հանրահայտ «Imagine»-ը:

Այս տրամադրությունների շարունակությունը տեղ գտավ նաև «John Lennon/Plastic Ono Band» ալբոմում, բայց ավելի շատ սոցիալական շեշտադրումներով:

Ահա մի երգ՝ «Working Class Heroes». սա Լենոնի  ամենասուր արձագանքներից մեկն է՝ ուղղված բուրժուական կեղծ բարքերին: Ջոնն այստեղ շատ ուղիղ, պարզ և բաց խոսքով ասես շառաչուն ապտակ է հասցնում այս դասի ներկայացուցիչներին և, ընդհանրապես, դասակարգային շերտեր ստեղծող մարդկության այն հատվածին, որի պատճառով առաջանում են սուտ, շինծու, կեղտոտ, դատարկ կյանքեր: Լենոնը ոչ միայն իր մերժողականությունն է այս երգում արտահայտում, այլև ընդգծված հակակրանքը՝ հայհոյախառը  բնորոշումներով «Til you’re so fucking crazy you can’t follow their rules» կամ «But you’re still fucking peasants as far as I can see», մեղադրանքի նման հնչող և կոնկրետ ուղղված խոսքով՝

«… There’s room at the top they’re telling you still

But first you must learn how to smile as you kill

If you want to be like the folks on the hill»

Ի դեպ, հենց այս խոսքերն էլ կարճ ժամանակ անց դարձան քննարկման խնդիր՝ հարձակման ուղղությունն ինչ-որ առումով շրջելով դեպի ինքը՝ Լենոնը: Այս մասին` քիչ հետո, իսկ մինչ այդ, Ջոնը աշխատավոր-բանվոր դասակարգի իրական արժեքն ու դերը ակնարկելով՝ առաջարկում է կուլ չտալ գորշության հաբը, պայքարել արհամարհված և ստորադասված լինելու պիտակի դեմ, կարծրատիպ-կանոնների դեմ, որոնցով սնուցվում և բթանում է մարդու միտքն ու հոգին՝ կորցնելով անհատականությունը: Հեռուստատեսություն, կրոնական գաղափարախոսություն, արդեն նախապես ընտրված մասնագիտություններ… սրանք այն կանոններից են, որոնք ուղորդում են ստեղծելու դասակարգային տարբեր խմբեր՝ մերժելով այն, ինչը դուրս է այս ամենից:

Լենոնն այս կեղծ իրականությանը հակադրում է իրական կյանքի հերոսին՝ աշխատավոր դասակարգից, իսկ բոլոր նրանց, ովքեր կգիտակցեն ստի ու հերոսականի տարբերությունը և կնախընտրեն երկրորդը, առաջարկում է հետևել իրեն: Բայց ու՞ր. հենց սա էր բուռն քննարկման թիվ մեկ թեման:

«… A working class hero is something to be, If you want to be a hero well just follow me»

Երգի հրապարակումից հետո շատերը սկսեցին վիճարկել Լենոնի անկեղծության հարցը, նման կոչ պարունակող երգում ջահակրի դերն իրեն վերագրելու ազնվությունը: Գրեթե նույն պատմությունը եղավ նաև հետո՝ «Imagine»-ի դեպքում: Կարճ ասած՝ ստացվում էր այնպես, որ որոշ մարդիկ Լենոնի կյանքում և երգերում անհամապատասխանություն էին տեսնում: Ուրեմն կարո՞ղ էր աշխատավոր դասակարգի հերոսին զգալ և նրա մեջ իրեն տեսնել մի մարդ, ով միջին դասի բուրժուազիայի ներկայացուցիչ էր և օգտվել ու օգտվում էր այդ կարգավիճակի պտուղներից:

«Rollong Stone» ամսագրի 1970թ. դեկտեմբերյան համարում Ջոնը հարցազրույցում նշել է, որ երգի կոնցեպտն իրականում հեղափոխական է համարում և ուղղված է աշխատավորներին: «Կարծում եմ, որ այս երգը ինձ նման աշխատավոր խավի մարդու համար է, կարևոր չէ՝ այդ խավի բարձր, թե ցածր կարգի ներկայացուցիչ ես:- ասել է Լենոնը,- Նրանց համար է, ում բյուրոկրատական մեքենան ենթադրում է ընդգրկել միջին դասի շարքերը, այդքան բան»: 

Երգի քննարկումների մեջ կապիտալիզմի ու սոցիալիզմի պատերազմն էլ ուրվագծվեց, որտեղ քիչ էր մնում ապագա բոլշևիկ գտնվեր, բայց Լենոնը նրբորեն շրջանցեց այս մեկն էլ: ««Working Class Heroes»-ը բացարձակ կապ չունի սոցիալիզմի հետ ,- ասում էր նա,- ես այն հեղափոխական երգ եմ համարում, ավելի ճիշտ՝ ոչ թե երգն ինքն է հեղափոխական, այլ հեղափոխության համար է, և կարծում եմ, որ սա է ամենաշատը անհանգստացնում մարդկանց »:

«AllMusic»-ի կարծիքով՝ չնայած երգը իր ժամանակին արդեն հզոր շունչ ուներ, այնուամենայնիվ, լույս տեսնելուց հետո մեծ տարածում կամ հնչողություն չունեցավ: «Working Class Heroes»-ը ռադիոկայաններում առանձնապես շատ չէր հնչում և միգուցե պատճառն այն էր, որ խնդրահարույց բնավորություն ուներ: Օրինակ՝  վեոնշյալ «Til you՚re so fucking crazy you can՚t follow their rules» և «But you՚re still fucking peasants as far as I can see» նախադասությունների պատճառով ռադիոկայանների մեծ մասը հրաժարվում էր այն հնչեցնել: Իսկ համարձակներից մեկի տնօրենը դատական քաշքշուկների մեջ ընկավ այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը պատահաբար լսեց այն:

Ոմանց կարծիքով՝ երգի տեքստում հնչող the «folks on the hill» արտահայտությունն ուղղված է ԱՄՆ կոնգրեսին («բլուրի ժողովուրդ» արտահայտությունն ըստ էության համադրելով Կապիտոլիումի բլուրի հետ, որի վրա գտնվող տաճարում տեղի էին ունենում հին հռոմեական սենատի ժողովները) :

Լենոնն իր բողոք-քննադատություն-կոչը ավելի հստակ տեղ հասցնելու համար այս անգամ ընտրել էր երգի ամենապարզ ձևերից մեկը. խաղաղ, վոկալի որևէ առանձնահատուկ վարժությունից դուրս ձայնն ուղեկցվում է միայն ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Շատերը նմանություն են տեսնում Բոբ Դիլընի «Masters of War» երգի հետ, որում նույն տիպի կիթառային ռիֆֆ է հնչում: Դիլընը Լենոնի համար ամենաազդեցիկ երաժիշտներից մեկն էր, սակայն երգերի միջև նմանության հետ համաձայն չէր. «Ես նմանություն չեմ զգում, Դուք իսկապե՞ս զգում եք»,- լրագրողի հարցին հարցով պատասխանում է նա: 

1995թ. «Working Class Heroes»-ի անվամբ ալբոմ ձայնագրվեց՝ նվիրված Ջոն Լենոնի հիշատակին: Իսկ երգը տարբեր մեկնաբանություններով կատարել և իրենց հավաքածուներում են ընդգրկել Դեյվիդ Բոուին, Օզզի Օզբորնը, Սինդի Լոպերը, Ռոջեր Թեյլորը, Մերլին Մենսընը և ուրիշներ: