
«Միտում ենք տեսնում». «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը՝ ՎՊ հաշվետվության մասին
Վերահսկիչ պալատի վերջերս հրապարակված հաշվետվությունը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) գործունեության մասին, ըստ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտին, հատկապես՝ օտարեկրյա ներդրումների առումով։ Նա կարծում է, որ դա վնաս է ոչ միայն «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի»-ի համբավին, այլև՝ երկրի ՏՏ ոլորտին ընդհանրապես։ «Գործ ունենք ՀՀ-ի համար կարեւոր և իմիջ ստեղծող ոլորտի հետ»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց Բ. Ենգիբարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը (ՀՀ ՎՊ) վերահսկողություն է իրականացրել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում։ Ուսումնասիրվել է 2006-2016թթ. ժամանակահատվածի գործունեությունը։ Շեշտադրվել են հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործարքները, հիմնադրամի կողմից տրված փոխառությունների տրամադրումը ու Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ կապված հիմնադրամի գործունեությունը։ Երեքի կապակցությամբ էլ մի շարք խախտումներ է մատնանշել ՎՊ-ն։ ՁԻՀ-ը, սակայն, առարկում է՝ չի ընդունում ՎՊ-ի դիտարկումները։ Բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ առարկություններին առավել մանրամասն անդրադարձել ենք։
Օրեր առաջ էլ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՎՊ-ի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
«Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- գրված է դատազախության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Մենք ուրախ ենք, որ քննություն կլինի և ամեն ինչ կպարզվի։ Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ այս ամենը լուրջ հարված է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտին։ Որովհետև այն դաշտն ու մթոնլորտը, որը ստեղծվել է մեր և մյուս կազմակերպությունների կողմից, վտանգվում է այս ամենով»,- ասաց Բ. Ենգիբարյանը։
Նա ընդգծեց, որ ՎՊ-ն հաշվետվությունը հրապարակելուց առաջ իրենց հետ քննարկում չի անցկացրել։ ՎՊ-ից ընթացիկ զեկույցներ են ներկայացրել իրենց, որոնց վերաբերյալ հիմնադրամն առարկություններ է ներկայացրել, սակայն վերջնական զեկույցն ու եզրակացությունն իրենց չի ներկայացվել։
«Նախ՝ չհասկացանք՝ ինչո՞ւ ՎՊ-ն ստուգում սկսեց հիմնադրամում։ Մենք պետական միջոցների ուղղակիորեն շահառու չենք։ Բայց դա խնդրի մյուս կողմն է։ Երբ սեպտեմբերին տեսանք, որ եզրակացություն է եղել, սպասում էինք, որ կլինի մեզ հետ քննարկում։ Քննարկում տեղի չունեցավ։ Երբ առանց քննարկման հրապարակվեց ՎՊ-ի հաշվետվությունը, մենք այդ ժամանակ ստիպված էինք մեր կայքում հրապարակել մեր առարկությունները, որոնք պատրաստել էինք քննարկման համար, որպեսզի մասնագետները կարողանան համեմատել և տեսնել։ Մեզ համար էլ հասկանալի չէր, թե ինչու քննարկում չեղավ»,- նշեց հիմնադրամի տնօրենը։
Հարցին՝ ինչո՞ւ ՎՊ-ն հիմա որոշեց ուսումնասիրություն իրականացնել, և արդյոք դրանում միտումնավորություն տեսնու՞մ է, Բ. Ենգիբարյանը պատասխանեց. «Միտում տեսնում ենք»։ Բայց այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ դիտավորության մասին է խոսքը։
Ըստ նրա՝ ընթացքը ցույց կտա՝ իրենք այս հարցով դատարան կդիմե՞ն, թե՞ ոչ։
Բ. Ենգիբարյանը նաև ներկայացրեց ՏՏ ոլորտի այս տարվա իրենց վիճակագրության նախնական պատկերը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել