HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութ: Տող: Կատարո

Իտալացի Մարիոյին բերել են Տող, որ գինին դեգուստացիայի ենթարկի: Ենթարկել է: Իտալական նրբաճաշակությամբ ու ընդունված կարգով բռնել է ապակե, երկար ոտքով բաժակը, տարուբերել գինին բաժակի մեջ, սահեցրել է աջից ձախ ու ձախից աջ, գինին պահել է բերանում, հետո ողողել բերանը, որ քիմքը բռնի կարմիրի բոլոր երանգները, ու թափել է հողին, հետո նորից է կրկնել նույնը, նորից ողողել ու թափել գինին հողին:

-Պո՞, - զարմացել է Արմոն՝ գինեգործ եղբայրներից մեկը:

Մարիոն դեգուստացիայի ընդունված կարգը էլի է կրկնել, ու Արմոն արդեն քթի տակ հայհոյել է, ու Մարիոյի ամեն ողողելուց ու գինին հողին թափելուց հետո Արմոն ավելի կոշտ է հայհոյել ու գնալով ավելի բարձր:

-Արմո, ախպեր ջան, սա կարգ է, այսպես պիտի հասկանա գինին լավն է, թե վատ,- հանգստացրել է գինեգործների սփյուռքահայ գործընկեր Վահե Քուշգերյանը, ինչին տողեցի Արմոն պատասխանել է.

-Արա, էտ մունք 7-8 ստաքան խմում ընք հետո ընք հասկանում լավնա, թա վատ, սա պերանը օղող տալյավ պիտի հասկանա՞:

Հադրութի Տող գյուղ տանող ճանապարհին, մի կոկիկ օրիորդ ոտքով դեպի գյուղ է բարձրանում: Շոգ է, ու ճանապարհը՝ երկար: Առաջարկում ենք մեզ հետ մեքենայով բարձրանալ: Մեքենայի մեջ պատմում է, որ ինքը Ստեփանակերտից է ու Տողի արվեստի դպրոցում խմբավար է աշխատում, գնում է դասի: Տողում արվեստի դպրոց կա:

Տողում գինի կա: Գինեգործ Ավետիսյանների ընտանիքն արտադրում է «Կատարո» սքանչելի գինին: Մենք իրենց հյուրն ենք:

Սկզբում գյուղական տան ընդարձակ բակ է: Մի քանի րոպեից գյուղական ընդարձակ բակում հայտնաբերում ենք ամենաժամանակակից գինու փոքր գործարան՝ փայլուն արծաթագույն, փայտե փոքր ու մեծ տակառներով, խաղողի լվացման ավազաններով ու դեռ առանց պիտակների, ձեռք չկպած շշերի պահեստով: Ունեն տասը մշտական աշխատող և քառասուն աշխատող` բերքահավաքի ժամանակ:

Գինեգործները Ավետիսյան ընտանիքի հայրն ու եղբայրներն են: Գրիգոր Ավետիսյանը գինեգործի խառնվածքին բնորոշ արվեստով է պատմում գինու ամեն տեսակի մասին:

Գինի փորձելու իրենց բաժակները միանգամյա թղթե կամ պլաստմասե բաժակներ չեն, իսկական, երկար ոտքով ապակե բաժակներ են: Գրիգորը լցնում է ամեն տակառից ու սպասում մեր արձագանքին: Ամեն հաջորդ տակառի մոտ մեր արձագանքներն ավելի աշխուժանում են:

Գինին ավելի համով է դառնում: Գրիգորը պատմում է՝ ինչպես սկսեցին գինու գործը:

Խորհրդավոր պատմություն չկա. նրանք, առհասարակ մեծ-մեծ պատմություններ չեն անում, ամեն ինչ պարզ է. ասում է, որ հողը պարապ չմնա, այգի տնկեցին: Պատմում է, որ իրենք խաղողի այգիներ չեն ունեցել. մի հին լուսանկար ունեն տանը՝ Գրիգորի հոր պապը իրենց բակի խաղողի փոքրիկ այգում: Ընդամենն այդքան բան: Ուղարկում են` լուսանկարը բերելու: Իրոք արժեքավոր լուսանկար է. ծերունին իր խաղողի վազերի մեջ: Շատ հին լուսանկար է: Սա է եղել նախապատմությունը, ու մեկ էլ որոշել են այգի տնկել, որ հողը պարապ չմնա:

Գրիգորը կողքից պատմում է պատմություններ, որոնցից ամեն մեկն առանձին մի փոքրիկ ֆրանսիական ֆիլմի սյուժե է: Ասում եմ, որ շատ նման է ամեն ինչն ու պատմությունները ֆրանսիական գինեգործների մասին ֆիլմերի նույն ապրումներն են, նույն խնդիրները, ասում է. «բայց, Ժան Գաբենը չկա»: Սակայն  Ժան Գաբենն էլ կա. մեզ է միանում Ավետիսյանների հայրը: Ծանրակշիռ, ինչպես Ժան Գաբենը, քչախոս, ինքն իր մտքերի հետ, բայց հենց մի կարճ բան է պատմում՝ դառնում է սյուժեի մեխը:

Էռնեստ Ավետիսյանը՝ Գրիգորի հայրը, խոսում է միայն գինուց, իսկ Գրիգորն արանքում պատմում է հոր մասին: 1990-ականների պատերազմի ժամանակ  Էռնեստ Ավետիսյանը կազմակերպել է գերիների փոխանակումը: Մի ծանր մարտից հետո, հակառակորդը Տողի անտառներում մոտ տասնյոթ դիակ է թողել, իսկ մենք իրենց կողմում կենդանի գերիներ ունեինք: Գնում են բանակցելու:

Բանակցությունը ղեկավարում էր Էռնեստ Ավետիսյանը: Ամեն զոհված զինվորի համար երկու հոգի պետք է անցներ մեր տարածքը, որ կարողանային բռնել ու տեղափոխել: Իրենք վախեցել են 34 զինվոր հայկական կողմ ուղարկել ու բանակցություններն ավարտել են ապարդյուն: Բայց իրենց կողմում մենք գերիներ ունեինք:….Ավետիսյանն առաջարկում է, որ ինքն ու իր ընկերները որպես երաշխիք անցնեն ադրբեջանցիների մոտ, մինչև իրենց զինվորները մեր կողմում կհավաքեն իրենց զոհերին:

Այդպես էլ անում են: Անցնում են ժամեր: Ադրբեջանական տարածք որպես երաշխիք, ժամանակավոր անցած Ավետիսյանն ու ընկերները, և իրենց հսկող ադրբեջանցիները հոգնում են, քաղցած են լինում, մի կարճ ժամանակով  մոռանում են պատերազմը ու առաջարկում են մի բան ուտել ու մի բաժակ բան խմել: Մարդ են ուղարկում, մոտակա գյուղի խանութից պահածոներ են բերում, մի շիշ են բացում ու դաշտում, հոգնածությունից պատերազմը մոռացած, «մի կտոր հաց են ուտում»: Հետո դիակները գտած ադրբեջանցիք վերադառնում են իրենց հատված, մերոնք վերցնում են իրենց գերիներին ու գալիս են տուն… որ հաջորդ օրը շարունակեն պատերազմը:

Այս տեսակ բաների միջով է անցել Էռնեստ Ավետիսյանը` ծանրակշիռ, քչախոս, խելացի դեմքով մարդը, որին վերջում արդեն տեսնում էինք հեռվից, երբ գնացել էինք՝ գյուղից մի քիչ հեռու գտնվող խաղողի այգիները նայելու ու նստած էինք գետի ափին, իսկ ինքը արևի տակ մտել էր իր խաղողի այգիները ու հատ-հատ ամեն վազի խնդիրն առանձին նայում էր:

Տողում, ամեն ինչ չտեսնված սիրուն էր. գյուղը, փոքրիկ գործարանը, կոկիկ տակառները, գինին՝ բարակ, երկար ոտքով բաժակների մեջ, երկնքին զուգահեռ խաղողի այգիները, մարդիկ, ովքեր աշխատում ու հումոր էին անում, գինին, որ լցվում էր անվերջ ու սիրով, ու նույնիսկ գեղեցիկ էր այն հիվանդության անունը՝ «ֆիլոքսերա», որը վտանգավոր էր խաղողի այգիների համար: Ֆիլոքսերայի դեմ պայքարելու համար վայրի խաղողի տնկիներ են պատվաստում: Խորհրդային ժամանակներից մնացած մի տնկարան կա միայն, իսկ ներմուծել չի թույլատրվում:

Ֆիլոքսերան՝ մեկ միլիմետրանոց միջատը, խաղողի հսկա այգիները ոչնչացնում է, իսկ ռումբը, գրադը, հրանոթը՝ ոչ...

Տողի՝ իրենց այգիների դիմաց անհավանական արագ կազմակերպված ու իսկական խմիչք և ուտեստներ են, Գրիգորի կենդանացնող պատմությունները կյանքի ու պատերազմի, պատերազմի ու կյանքի մասին, մեծացող երեխաների մասին, ղարաբաղցիների ու մնացած աշխարհի մասին… երբ հանկարծ Նարեն, որ մինչ այդ լուռ էր, և ում Գրիգորը խնդրեց մի բան ասել, հարցրեց.

-Իսկ էդ ճիշտ է՞, որ չամիչը երազում էր գինի դառնալ...

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

GB
Mr. Avetisyan, I am envy of your beautiful wine garden!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter