
Նախկին ռազմական բժիշկը Կապանում փաբ է բացել
Վահե Սարուխանյան
32-ամյա կապանցի Տիգրան Աղասյանը մասնագիտությամբ ռազմական բժիշկ է, 2011-ին ավարտել է Հունաստանի ռազմաբժշկական ակադեմիան, հետո աշխատանքի անցել Երեւանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում («Մուրացան»), ապա ծառայել Իջեւանում: 2015-ին վերադարձել է Կապան, ասում է՝ զգացի, որ զինծառայությունը իմը չէ, լավ է ուշ, քան երբեք, մարդ ինքնախաբեության չպիտի զբաղվի: Սակայն չի համարում, թե 10 տարուց ավելի ռազմաբժշկության մեջ լինելը ժամանակի կորուստ էր, հակառակը՝ կյանքի մեծ փորձ ու ընկերների լայն շրջանակ է ձեռք բերել:
2015-ի դեկտեմբերին Տիգրանը Կապանում փաբ է բացել: Սա ոչ միայն գարեջրատուն կամ գինետուն է, այլեւ ժամանցի վայր, որտեղ կարելի է շախմատ, շաշկի, նարդի, բլոտ եւ այլ խաղեր խաղալ, երգել, պարել: Փաբի անունը դրել է «Marley’s»՝ հայտնի ռեգգի երգիչ, երաժիշտ Բոբ Մառլիի անունով: Տիգրանն ինքը ռեգգիի սիրահար է, սակայն փաբում հնչում է ոչ միայն ռեգգի, այլեւ ջազ ու այլ ոճեր:
Կապանում առաջին փաբը՝ «Մառանը», բացվել է 2014-ի աշնանը: Դրա հիմնադիրն ուսուցչուհի Մարինե Սահակյանն էր, սակայն այն երկար չաշխատեց: Տիգրանը պատմում է, որ երբ բացվեց «Marley’s»-ը, «Մառանն» արդեն չէր գործում: Մյուս կողմից, ըստ նախկին ռազմաբժշկի ու սկսնակ գործարարի, սա ոչ միայն Կապանում, այլեւ տարածաշրջանում միակ փաբն է: Ասում է, որ սրանք ոչ թե օդից վերցված խոսքեր են, այլ իրականություն. Երեւանից Մեղրի ճանապարհին՝ Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Գորիս, Մեղրի, ժամանցի նման վայր չկա:
«Միշտ մտադրություն ունեի նորամուծություն անել իմ քաղաքում,- պատմում է Տիգրան Աղասյանը,- նոր մշակույթ է, օրինակ, բարի մոտ նստելը, ինչը նախկինում չկար, իսկ հիմա նախապես զանգում, մի քանի տեղ են պահում: Նման տեղ չկա, որտեղ երիտասարդներն, ասենք, եւ սուրճ խմեն, եւ դոմինո խաղան: Շաբաթ-կիրակի օրերին միջոցառումներ ենք կազմակերպում՝ կիթառ, դաշնամուր, ջութակ, շվի: Դրսից մեկ-երկու անգամ եկել են ջազ երգչուհիներ, բայց հիմնականում Կապանի կատարողներն են: Կարաոկե ունենք, միկրոֆոնը դրած է, անվճար է, հաճախորդները կարող են երգել: Կինոերեկոներ էլ ենք կազմակերպում»:
Ըստ Տիգրանի՝ մասնավորապես մեր հարեւան իրանցիները, ովքեր Հայաստան են գալիս հիմնականում զվարճանալու համար, Կապանով գնում են Երեւան, շատերն էլ Հայաստանով Վրաստան են մեկնում, այնինչ կարելի է այնպես անել, որ նրանք հենց Կապանում ժամանակ անցկացնեն, այստեղ գումար ծախսեն, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ֆինանսական հոսքեր կբերի համայնքին ու բնակիչներին, բայց դրա մասին մտածող գրեթե չկա: Իսկապես, հարուստ պատմամշակութային ժառանգություն եւ հատկապես դեպի հարավ ընկած հատվածում գեղեցիկ բնություն ունեցող Կապանի տարածաշրջանը կարելի է հիանալի տուրիստական գոտի դարձնել, ինչի մասին ժամանակին գրել ենք:
![]() |
![]() |
Խոսելով նոր կայացող իր բիզնեսի մասին՝ Տիգրանն ասում է, որ ամենադժվարն առաջին տարին էր, երբ ճանաչելի դառնալու խնդիր կար, սակայն հիմա որոշակի զանգված կա, որը փաբի մշտական այցելուն է: Ըստ նրա՝ կապանցիների կեսից ավելին, թերեւս, տեղյակ է փաբից: Մեր կողմից հավելենք, որ այն չնայած գտնվում է քաղաքի կենտրոնում՝ մշակույթի տան հետնամասում, զբոսայգու հարեւանությամբ, խնդիրն այն է, որ փողոցի կողմից անմիջապես չի երեւում, չկա ուղղորդող վահանակ կամ նշան: Տուրիստները փաբի մասին տեղեկանում են համանցանցից կամ կապանցիներից, բայց ամեն դեպքում հաճախորդների ճնշող մեծամասնությունը տեղացիներն են:
Տիգրանն առանձնացնում է նաեւ Հայաստանի փոքր քաղաքներին բնորոշ մի քանի առանձնահատկություններ, կարծրատիպեր, որոնք հաղթահարելու խնդիր կա: Դրանցից մեկն այն է, երբ ծանոթներից, ընկերներից կամ բարեկամներից մեկն, ասենք, իր ծննդյան առթիվ կարող է պատվիրել փաբի մթնոլորտին ոչ հարիր «Իմ ախպերս» երգը, ինչը մյուս այցելուներին կարող է դուր չգալ. «Չես դնում՝ նեղանում են, դնում ես՝ մնացածի դուրը չի գալիս»: Այլ պրոբլեմ է պարտքով օգտվելը, ինչը Տիգրանի համար առաջնային դժվարություններից մեկն է: Չնայած պարտապանները շատ չեն, բայց պարտքի ցուցակ ունեն, քանի որ երբեմն մերժել չի լինում: Ասում է՝ դժվար է ամեն անգամ զանգել ու հիշեցնել պարտքի մասին կամ սպասել, թե երբ են վճարելու. «նիսյա» օգտվել ցանկացողներին բացատրելով՝ փորձում են զերծ մնալ պարտքով բիզնես վարելուց:
![]() |
![]() |
Փաբ-սրճարան-ժամանցի վայրն աշխատում է 13 ժամ՝ կեսօրից մինչեւ գիշերվա ժամը մեկը: Այցելուները հիմնականում գալիս են ժամը յոթից-ութից հետո: Չնայած թվում է, թե ամռանը նրանք բավականին շատ պիտի լինեն, Տիգրանն ասում է, որ տաք եղանակին շատերը նախընտրում են բացօթյա սրճարանները, իսկ ձմռանը հակառակն է՝ փաբն ավելի աշխույժ է:
«Փաբ ստեղծելու միտքս իրականացավ, բայց սպասումներս այն չեն,- ասում է Տիգրան Աղասյանը,- ավելին էի սպասում, մտածում էի, որ մարդիկ ավելի շատ կգան, բայց ժողովրդի մեջ կաշկանդվածություն կա»: Հավելում է, որ Կապանում դեռ կան այնպիսի կարծրատիպեր, ինչպիսին, օրինակ, երիտասարդ աղջիկների՝ փաբ կամ կարաոկե չգնալն է:
«Հայաստանում հիմնականում քյաբաբ-խորոված վիճակ է, շեշտը ուտելու վրա է դրված, հարսանիքի վերաբերյալ են, օրինակ, ասում են՝ լավ հաց տվին, այսինքն՝ չափանիշն ուտելն է, բայց իրականում ամենակարեւորը լավ ժամանակ անցկացնելն է»,- շեշտում է «Marley’s»-ի հիմնադիրը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել