HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արջերին «վնասազերծելու» համար Բնապահպանության նախարարությունը մտադիր է ներդնել «Էլեկտրոնային հովիվ» համակարգ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ «տեր է իր հայտարարությանը»․ անօրինական որս կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նախարարը։

-Պարո՛ն նախարար, երբ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին լուսանկարները հայտնվեցին համացանցում, հայտարարեցիք, որ ամեն ինչ անելու եք, որ մեղավորները խիստ պատժի ենթարկվեն, սակայն այդ դեպքում քրեական գործ չի հարուցվել, քանի որ վաղեմության ժամկետը սպառվել է, ստացվում է՝ մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չե՞ն ենթարկվելու։

-Գոյություն ունի քրեական արդարադատության համակարգ, չեմ կարող դրա համար էլ ես պատասխանատվություն կրել․ ԱԺ-ի կողմից ընդունված օրենք կա, որով ասվում է, թե ինչ վաղեմության ժամկետով կարող են պատժվել հանցագործությունները։ Սակայն այն, ինչ հայտարարել եմ, նորից եմ ասում՝ տեր եմ իմ հայտարարությանը, դրա համար էլ ասացի, որ մենք խստացնում ենք ամբողջ օրենսդրությունը՝ սկսած վարչական պատասխանատվությունից ավարտած քրեական պատասխանատվության  համակարգը փոխելով։

-Դուք խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ շնորհակալություն հայտնեցիք Գագիկ Ծառուկյանին` բնության հատուկ տարածքների պահպանմանը աջակցելու համար, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ իր ելույթում կոչ արեց առգրավել այն վայրի կենդանիներին, որոնք տարբեր անձինք պահում են իրենց տներում, այգիներում, հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը ևս կենդանիներ է պահում, չե՞ք ցանկանում հետևելով պատգամավորի կոչին՝ առգրավել դրանք։

-Ես ընդամենն ասացի, որ մենք պարոն Ծառուկյանի հետ համաձայնություն ենք ձեռք բերել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և Կառավարության որոշմամբ այդ հատուկ տարածքի կանոնադրությունը հաստատելու ուղղությամբ։ Նախաձեռնությունը եղել է պարոն Ծառուկյանի կողմից, ինչը մեր կողմից բարձր է գնահատվել։ Երբ փաստաթուղթը պատրաստ լինի, կհրապարակվի որպեսզի մեր քաղաքացիներն էլ հասկանան՝ ինչ տարածքի մասին է խոսքը։

-Վայրի կենդանիների առնչությամբ ի՞նչ կասեք։

-Դա դատապարտելի երևույթ է, բայց մեր գործող օրենսդրությունն այս հարցով թերի է, մեր օրենսդրությունն առանձին դեպքերում վայրի կենդանիներ պահելու հնարավորություն ընձեռում է որոշակի կանոնների դեպքում։ Իսկ կանոններն էլ սահմանված են միայն ֆիզիկական սահմանափակումներին, օրինակ՝ արջին կարող են պահել 25 քառակուսի մետրից ոչ պակաս վանդակում, բայց որակական պահանջ չկա։ Նաև օրենսդրական փոփոխություններով այս հարցն ենք փորձում կարգավորել, մի շարք նախաձեռնություններ, Կառավարության համապատասխան որոշումներ այս հարցերի հետ կապված փոփոխության կենթարկվեն։

-Պարոն Մինասյան, նախարարությունն ի՞նչ է մտադիր իրականացնելու արջերի վերաբերյալ , որոնք, ինչպես հայտարարեց պատգամավորը, անհանգստություն են պատճառում Եղեգիսի շրջանի բնակիչներին։

-Մարզպետը ևս տեղեկացրել է այդ խնդրի մասին, մենք աշխատում ենք վայրի բնության հիմնադրամի, ինչպես նաև միջազգային դոնորական կազմակերպությունների հետ։ Իրենց շնորհիվ իրականացվում է այն արջերի տեղափոխման ծրագիր, որոնք գտնվում են անազատ կամ կիսաազատ պայմաններում, իսկ այն արջերը, որոնք բնակավայր մտնելու կամ բնակչության համար հնարավոր սպառնալիքներ ստեղծելու և ենթակվելու որոշակի ռիսկեր ունեն, այս մասով ներկայումս քննարկում ենք «էլեկտրոնային հովիվ» համակարգ ներդնել։ Այդ համակարգի էությունը հետևյալն է՝ այն էլեկտրոնային շղթա է, որին եթե արջը մոտենում ու հպվում է, զգում է դղրդոց, ինչից հետո հեռանում է ու չի մտնում այդ բնակավայր։ Արդեն մի քանի տեղում փորձնական տեղադրված է այն, եթե տեղադրման համար ֆինանսավորումը կարողանանք ապահովել, ապա մոտավորապես վեց ամսվա ընթացքում կկարողանանք ծրագիրն ավարտին հասցնել։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Բննախի մոտեցումը հասկանալի է՝ «փող տվեք որ արջերի գլխին էլեկտրական հովիվներ սարքենք»: Մինչ այդ պահանջում էր փող, որ Դիլիջանի ծառերի գլխին «բեսպիլոտնիկներ» պտտեցնեն, նաեւ որ «սեկյուրիտի պանտերային» վճարեն այդ գործի համար: Բավարար թվով էլ ոստիկաններ են ուզում, որ իրենք էլ «պանտերաի» կտրիչներին պաշտպանեն, որ դիլիջանցիք նրանց չծեծեն! Ինձ որ հարցնեին, ես կասեի - անտառն ու բննախը տվեք բնագետներին, որոնք արջերի ու դիլիջանցիների լեզուն մի քիչ հասկանում են: Իսկ անգետ ու կոռումպացված բնաքանդներին տուն ուղարկեք, կամ գոնե այնպիսի գործի դրեք որ հնարավորինս քիչ վնասներ տան ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter