
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հրաժարվել է հէկերի բիզնեսից. նոր տերերից է Քոքոբելյանի եղբայրը
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը վաճառել է հէկերը: Նրա հէկերի նոր տերերից մեկը «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է` Վաչիկ Քոքոբելյանը: Քոքոբելյան եղբայրները, հիշեցնենք, հէկերի բիզնեսում նոր չեն: Տավուշի մարզում նրանք ունեն արդեն կառուցած հէկեր:
Այս ամենը պարզ է դառնում, երբ ուսումնասիրում ենք Բնապահպանության նախարարության տարածած հայտարարությունը, համաձայն որի` մշակվում է «Ֆերա» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում Արփա գետի Եղեգիս վտակի վրա «Խաչի Քար», «Խաչի Քար-2» և «Խաչի Քար-3» փհէկերի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
«Ֆերա» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա մարտին: Հիմնադիրներից մեկը նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է` Վաչիկ Քոքոբելյանը: Նրա գործընկերը 27-ամյա Լևոն Քոչարովն է:
Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տեղեկությունների համաձայն` «Ֆերա» ՍՊԸ-ի իրավանախորդը «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն է: Վերջինի բաժնետերերից էր հենց ինքը` Սերգեյ Բագրատյանը, որի կառուցած ու կառուցվող հէկերին «Հետք»-ն արդեն անդրադարձել է: Բագրատյանն արդեն գործարկել էր երկու հէկը, ևս մեկն էլ կառուցում էր:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով` «Ֆերա» ՍՊԸ-ն այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ շահագործում է «Գնդեվանք» հէկը` Արփա գետի Անկան վտակի վրա: Այն 1500 Կվտ հզորություն ունի: Դա Բագրատյանի` կառուցվող հէկերից մեկն էր: Դրանից առաջ էլ Բագրատյանն արդեն գործողն ուներ, որը կառուցել էր դեռևս Վայոց ձորի մարզպետ լինելու ժամանակահատվածում:
ԲՆ հայտարարությունը վերաբերում է կառուցվող երեք հէկերին, սակայն ելնելով արդեն իսկ գործող ու նախատեսվողների ցանկից, Քոքոբելյանին մնում է կառուցել վերջինը: Եվ ըստ այդմ` կլինի երեք հէկ, ինչի մասին հայտարարել է ԲՆ-ն:
Հիշեցնենք, որ Արփա գետի Եղեգիս վտակը ամենածանրաբեռնվածներից մեկն է Հայաստանում: Այնտեղ կառուցված հէկերին և դրանց տերերին ևս անդրադարձել ենք: Առավելապես պաշտոնյաներն ու նրանց հարազատներն են «օկուպացրել» Եղեգիսը:
Սերգեյ Բագրատյանից հետաքրքրեցինք, թե ինչու է որոշել ազատվել հէկերից: «Այլևս ոչ մի գործարարություն»,- ասաց Սերգեյ Բագրատյանն ու նշեց, որ պատգամավոր լինելով` բիզնեսով այլևս չի զբաղվում, դրա համար իր հէկերը փոխանցել է իր գործընկերոջը` բաժնետեր Լևոն Քոչարովին: Թե հետո ինչպես է տնօրինել գործընկերը, տեղյակ չէ: Այդուհանդերձ, Սերգեյ Բագրատյանի խոսքով` նպատակահարմար չէր այդ հէկերը պահելը, դրանք նաև շահավետ չէին:
Պետռեգիստրի տվյալներով` պատգամավորի ընկերությունը` «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն 2015 թվականից սկսած պետական բյուջեին 900 հազար դրամի չափով պարտքեր ունի, ինչի պատճառով ԴԱՀԿ-ում բազմիցս կատարողական վարույթներ են հարուցվել:
Վերջին վարույթը հարուցվել է այս տարվա սեպտեմբերին, և ընկերության նկատմամբ սահմանափակումներ է կիրառվել 775 hազար դրամ պետբյուջեին ունեցած պարտքի համար:
Բացի դրանից` Սերգեյ Բագրատյանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ընկերությունը սնանկ ճանաչելու դիմումի վարույթի շրջանակներում, որը վերացվել է հաշտության համաձայնության հիմքով:
Սերգեյ Բագրատյանն, այդուհանդերձ, բիզնեսի որոշ տեսակներից դեռևս չի ձերբազատվել և շարունակում է բաժնեմաս ունենալ այլ ընկերություններում:
Պետռեգիստրի տվյալներով` նա միանձնյա բաժնետեր է «Սերգեյ գրուպ» ՍՊԸ-ում, որը զբաղվել է վառքի մազութի մեծածախ առևտրով: Այս ընկերության գործերը ևս լավ չեն ընթանում: Ընկերության նկատմամբ ևս սնանկության վարույթներ կան, և այստեղ էլ սահմանափակումներ են կիրառվել բաժնետիրոջ` Սերգեյ Բագրատյանի նկատմամբ: Ըստ պետեկամուտների կոմիտեի` ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:
50 % մասնակցություն ունի նաև հեղուկացված վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող «Եվրո օյլ» ՍՊԸ-ում: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի մարտին:
Սերգեյ Բագրատյանը 50% բաժնեմաս ունի նաև «Բազե հէկ» ՍՊԸ-ում, որի նկատմամբ ևս սահմանափակումներ կան` սնանկության հայցի շրջանակներում:
Մեկնաբանել