HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաները օկուպացրել են Եղեգիսը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը

Եղեգիս գետում հիմա հազվադեպ կարելի է կարմրախայտ տեսնել: Գյուղացիները պատմում են, որ տարիներ առաջ գետում ամենուր կարմրախայտ կար։  Նրանք համոզված են, որ ձուկը վերանում է կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների պատճառով:

Ղազար Ղազարյանը 51 տարեկան է, 15 տարի է՝ աշխատում է Եղեգիսի հէկերից մեկում: Միակ օգուտը հէկերից, ասում է՝ աշխատատեղն է, մնացածը միայն վնասում է թե շրջակա միջավայրին, թե գյուղատնտեսությանը:  «Ձուկը վերանում է գետից լրիվ: Կարմրախայտ կար, լրիվ վերացել է էդ հէկերի պատճառով: Մտնում էինք, երկու պոչ ձուկ էինք բռնում, մեր հաճույքն անցկացնում էինք: Բայց հիմա ոչ մի բան էլ չկա: Եթե ջուր չի գնում գետով, կիլոմետրով բնությունը չորանում է, ծառերը չորանում են: Հէկերը մեր ժողովրդին ոչ մի օգուտ չեն տալիս: Գոնե մի 10 ընտանիք մի երկու կոպեկ ստանում են, իրենց գոյությունը պաշտպանում են, սրանով է լավ, թե չէ, ուրիշ ոչ մի լավ չկա հէկերից: Պիտի, ասենք, կես կուբ ջուր գնա ոռոգման համար, գնում է 300 լիտր: Ժողովուրդը ոռոգման ջրից զրկված է»:

Չեն պահպանվում բնապահպանական նորմերը, բնապահպանական թողքը,  ձկնուղին ձևական բնույթ են կրում: Հէկը ոռոգման սեզոնին աշխատեցնելու սահմանված ժամերը միայն թղթի վրա են մնում: Գյուղացու բերքը չորանում է՝ չոռոգվելու պատճառով: 

Շատինից Գետափ ընկնող ճանապարհին կառուցված հէկերի պատճառով չորացել է Վարազդատ պապի, նրա եղբոր և հարևանների այգիները: «Հէկերը դրին գյուղում, էդ հէկերի պատճառով ջուրը քիչ է լինում, չենք կարողանում ջրել, և այն տերիտորիան նույնպես: Ծիրանի այգիներ կան, խաղողի այգիներ կան, մոտաորապես էդ տերիտորիայում 7-8 հա է: 80 տոկոսը չի մշակվում՝ մեկը էստեղի, մեկը՝ վերևի մասում »,-ասում է Վարազդատ Նիկողոսյանը:

Վայոց ձորի մարզում գործում է 28 փոքր հէկ: Եվս 14-ը կառուցման փուլում է: Թե կառուցված, թե կառուցվող հէկերի գերիշխող մասը Եղեգիս գետի և դրա վտակների վրա են:

Եղեգիսը Արփա գետի վտակներից է, երկարությունը՝ 47 կմ: 18 հէկ է կառուցված Եղեգիսի ու վտակների վրա, ևս 6 հէկ կառուցման ընթացքում է: Եթե գումարենք խողովակների երկարությունը, կստացվի, որ 47 կմ-անոց հէկի 24 կիլոմետրն արդեն իսկ հոսում է խողովակի միջով, ևս 10 կմ էլ կառուցվող հէկերի հաշվին կտեղավորվի խողովակում: Գետից կմնա ընդամենը 10 կմ: Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի Եղեգիսի վրա ևս 3 հէկի թույլտվություն տալ, ապա այն ամբողջությամբ կվերածվի խողովակաշարի:

Հայաստանում փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը համարվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Այն պետք է նպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը:

Փոքր հէկերը մաքուր և վերականգնվող էներգիայի ստեղծման աղբյուր են համարվում, որի դեպքում վնասակար նյութեր և ջերմոցային գազեր չեն արտանետվում մթնոլորտ, այլ օգտագործվում են էներգիայի ստեղծման տեղական, բնական աղբյուրները, ներգրավվում է փոքր և միջին բիզնեսը: Սակայն բնապահպանական տեսակետից Հայաստանում հէկերի մեծ մասը աղետ են դարձել շրջակա միջավայրի, գետերի էկոհամակարգի, հարակից համայնքների բնակչության և նրանց գյուղատնտեսության համար: Այն Հայաստանում կատարում է բիզնես նախագծի դեր, որը համայնքի 5-10 բնակչի աշխատատեղ է ապահովում:

Փոքր հէկը շահավետ բիզնեսի է վերածվել Հայաստանում, քանզի արտադրած էներգիան պետությունը պարտադրում է գնել «Հայկական էլեկտրացանցերին»: Դա սահմանվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի` «տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով»:

Այս բիզնեսում, սակայն, ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերեր են ներգրավվել, այլ մեծ և հզոր պաշտոնյաներ: Փոքր հէկ են կառուցել ամենավերին օղակներում պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք այդ բիզնեսը հիմնականում գրանցել են հարազատների անուններով։ Նրանք «օկուպացրել» ամբողջական գետեր։ Վայոց ձորում նման վիճակում է հայտնվել Եղեգիս գետը իր վտակներով:  

Նախագահի եղբոր հէկը

Թեկուզ հէկերը տարածքում հայտնի են որպես «Սաշիկի հէկեր», պաշտոնապես ընկերության բաժնեմասի 50 %-ը գրանցված է Նարեկ Սարգսյանի անվամբ։ Նա նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր, նախկին դեսպան Լևոն Սարգսյանի որդին է:

«Մինա-Մայա» ՍՊԸ-ն երկու հէկ է կառուցել Եղեգիսի վրա:

Հակոբ Հակոբյանի հէկը

Եղեգիսի վրա կառուցված առաջին հէկը, որը հզորությամբ հանրապետություն ամենամեծ փոքր հէկերից է, «Եղեգիս-1» -ն է: Տարածքում հայտնի է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հէկ: Այս հէկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հակոբյան եղբայրներինն է:

Սրբազանի հէկերը

Հերմոն համայնքի վարչական տարածքում գործող երեք հէկերը տեղացիներին հայտնի են որպես Սրբազանի հէկեր: Սրբազանը՝ նույն ինքը Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն է: Միայն թե պաշտոնապես ընկերությունն այժմ ձևակերպված է Սրբազանի եղբոր և գործընկերոջ անվամբ: «Էլեգիս» ՍՊԸ-ն շահագործում է «Եղեգիս» և «Հերմոն» հէկերը՝ Եղեգիս գետի և դրա Այսաս վտակի վրա:

«Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ-ն, որտեղ Սրբազանի եղբայրը տնօրենն է, Եղեգիսի Կարակայա վտակի վրա երրորդ հէկն է շահագործում:

Գեներալի հէկը

ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանըի որդին` Դավիթ Օհանյանի ընկերությունը նույն Հերմոն համայնքի վարչական տարածքում` Այսաս վտակի վրա կառուցել է 2130 կՎտ հաշվարկային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:  Այս տարվա կեսերին էլ նոր ագրեգատի տեղադրման միջոցով բարձրացրեց կայանի հզորությունը 1250 կՎտ-ով:

Աղվան Հովսեփյանի հէկերը

Նախկին գլխավոր դատախազ, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, կիսում է Հորբատեղ համայնքի վարչական տարածքում կառուցված «Սուրբ աղբյուր» հէկի բաժնեմասը: Հորբատեղցիները այս հէկի գործարկումից հետո դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին. 3 նամակ էին ուղարկել նրան` խնդրելով կասեցնել փոքր հէկի շինարարությունը, այլապես 298 բնակիչ ունեցող գյուղում արտագաղթ կսկսվի: Գյուղացիներն իրենց նամակում նշել էին, որ հէկի գործարկումից հետո գյուղը բնամթերքի 30 տոկոս վնաս է կրել, 40 տոկոս էլ` կաթնամթերքի: Գյուղացիները խնդրանքը մնացել էր թղթի վրա: Ավելին, նույն համայնքում ընկերությունը երկրորդ հէկը կառուցեց, թեկուզ գյուղացիներն ահազանգել էին, որ երկրորդ փոքր հէկը կվտանգի իրենց գոյությունն այդ գյուղում: «Այդ թաղամասի ամբողջ հողամասը չորացրել են, որոնց բնակիչներից մեկը նա է: Ծառերը չորացել են, որովհետև ջուրը չեն տալիս, որ էս մարդը տանի ջրի»,-ասում է հորբատեղցի Քաջիկ Սարգսյանը:

 Աղվան Հովսեփյանի երկրորդ որդին՝ Միսակ Հովսեփյանը բաժնեմաս ունի Եղեգիսի Կարակայա վտակի վրա կառուցված «Վարդահովիտ» փհէկ-ում:

ԿԲ վարչության պետի որդու և նախկին վարչապետի փեսայի հէկը

Գողթանիկ համայնքի վարչական տարածքում գործում է «Գողթանիկ» հէկը, որի սեփականատերը Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի որդին է՝ Հայկ Սուվարյանը: Վերջինս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան է: Զբաղեցնում է «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենի պաշտոնը: 

Հրանտ Սուվարյանը Եղեգիսի վրա գործող մեկ այլ հէկում արդեն իր անվամբ է հանդես գալիս: Նա տարբեր ոլորտի պաշտոնյաների հետ կոալիցիա կազմելով բաժնեմաս է կիսում «ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ-ում: Այստեղ բաժնեմաս ունի նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրեն ԳևՈՐԳ ՄԱՉԱՆՅԱՆը, գնդապետ Սերոբ Աբրահամյանի քույրը, նախկին ՀՀՇ-ականներ և այլ անձինք:

Նախկին մարզպետի հէկը

Եղեգիս գետի Հերմոն վտակի վրա հէկեր է կառուցել նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Ընդ որում՝ կառուցումը սկսել իր մարզպետ լինելու ժամանակ և ավարտել էր՝ չունենալով բնապահպանական փորձաքննության եզրակացության: Ինչևէ, հէկն արդեն գործում է: Հէկի աշխատակիցը Սերգեյ Բագրատյանի հետ հեռախոսազրույցից հետո մեզ թույլ չտվեց նկարահանումներ կատարել:

Սերգեյ Բագրատյանն իր բաժնեմասը կիսում է պրոֆեսոր Կարմեն Սահակյանի հետ: Կարմեն Սահակյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հյուսվածքաբանության ամբիոնի վարիչն է: Նույն գործընկերոջ հետ Սերգեյ Բագրատյանը մեկ այլ հէկ է կառուցում նաև Եղեգիսի վտակ Արտաբույնքի գետի վրա:

Պաշտոնյա եղբայրներ Կարայանների մոր հէկը

Պաշտոնյա եղբայրներ Խաժակ և Սուրեն Կարայանները փորձ են արել հետքերը թաքցնել իրենց մոր միջոցով:  Խաժակ Կարայանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալն է, իսկ Սուրեն Կարայանը ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալն է: Կարայան եղբայրների մոր՝ Սոֆիկ Վարդանյանի անվամբ 21% բաժնեմաս է գրանցված, ևս 39 % էլ տնօրինում է նրանց քեռին՝ Հրաչիկ Վարդանյանը: Ի դեպ, վերջիններիս գործընկերներից մեկը այս հէկում Ռոբերտ Օխանյանն է՝ Թռչկան ջրվեժը վտանգի ենթարկողը:  

Գագիկ Ծառուկյանի մտերիմի հէկը

«ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ-ն Եղեգիսի վրա այս տարի սկսել է շահագործել «Տիգրան Մեծ» հէկը: Բաժնետեր Զոհրաբ Շահբազյանը ԿԸՀ նախագահի նախկին տեղակալ, բհկ-ական Հարություն Շահբազյանի հայրն է: Վերջինս Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է: 

 

Համաձայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության, 2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում էլեկտրաէներգիա են արտադրել 173 փոքր հէկեր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 300 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի նախագծային տարեկան արտադրանքը՝ 844,3 մլն կվտժ:

2014թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 685 մլն կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի ընդամենը 9% է:

Ըստ տրամադրված լիցենզիաների՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 38 փհէկ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կարծում է, որ հէկերն ունեն իրենց դրական ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա: «Ինչքան էլ որ մենք էսօր ասենք, թե բարձրացել է սակագինը, եթե չլինեին այս հէկերը, սակագինն ավելի կբրաձրանար: Դրա համար էսօր էս հէկերը, որոնք աշխատում են, պիտի աշխատեն արդյունավետ, շրջակա միջավայրին վնաս չպատչառեն, և մենք երկու ձեռքով կողմ կլինենք, որ նրանք աշխատեն: Ինչ վերաբերում է նրան, որ ամբողջ գետը վերցնում են խողովակների մեջ, մենք վերանայել ենք և առաջիկայում ներկայացնելու ենք Ջրի  ազգային խորհրդին, որ նմանատիպ գետերի վրա բացարձակապես թույլ չտանք հէկերի շահագործումը»,-«Հետքի» տված հարցազրույցում նշում է նախարար Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ձկնուղիներինև ձկնային պաշարների վերացմանը, նախարարի խոսքով, խնդիրը ջրի քանակի նվազումն է, և քանի որ որոշ հէկեր կառուցվել են, ասենք, 10 տարի առաջ, իսկ 10 տարի առաջ այդ ջրի քանակն այլ չափաբաժին ուներ, և բարձրությունը, որը որ ֆիքսված է եղել, ձուկն անցել է, հիմա ջուրը նվազել է, ձկնուղու բարձրությունը նույնպես պիտի իջներ, և քանի որ այն քարե կառույց է, հէկի սեփականատերերը փոփոխություններ չեն կատարել:

«Երբ որ ուսումնասիրություն ենք անում կամ ստուգում ենք իրականացնում, իրենց մենք պատժամիջոց ենք ներկայացնում, միևնույն ժամանակ ժամանակ ենք տալիս, որպեսզի այդ խնդիրները լուծեն: Բայց հիմա քանի որ բավական ժամանակ է արդեն տեսչական ստուգումները դադարեցված են, մենք կփորձենք հաջորդ տարի ամբողջությամբ մեր տեսչական ֆունկցիաները հէկերի հետ կապված իրականացնել, որովհետև արդեն նաև ունենք ուսումնասիրության արդյունքները, թե որ հէկում ինչ կարգավիճակ է և որ հէկը ինչ վիճակով է աշխատում»,-ասում է նախարարը:

Բնապահպանության նախարարությունը «Էկոլուրի» հետ միասին «Կանաչ անձնագրերի » նախագիծ է իրականացնում և համատեղ ուսումնասիրում են հէկերը, որպեսզի հարկ եղած դեպքում հանձնարարեն հէկերին վերանայել իրենց աշխատանքները: Եթե ոչ՝ ապա հարց կդրվի՝ արդյոք հէկի հետագա աշխատանքը արդյունավետ է, թե այլևս արդյունավետ չէ:

«Յուրաքանչյուր հէկի հետ կապված ջրի թույլտվությունները, որ մենք տալու ենք, մենք արդեն պայմանավորվել ենք, որպեսզի ներկայացնենք էսպես, որ իրենք, եթե ուզում են հէկ կառուցել, մենք իրենց ներկայացնում ենք, որ էս տարածաշրջանում դու պիտի կարողանաս հստակ բնապահպանական թողքը էս քանակով ապահովել, էդ քանակով ապահովելուց հետո ինչքան որ ջուր կավելանա, բնականաբար հաշվի առնելով ոռոգումը, էդ ջուրը կարող ես օգտագործել: Բայց ջուրը կպակասի, թե կավելանա, դա արդեն ձեր ռիսկն է, որովհետև մենք էսօր պատասխանատու ենք թողքի համար, և մեր խնդիրն է, որ մենք էսօր ճիշտ քայլ անենք, առավել ևս, որ մենք տեսնում ենք, որ գնալով ջրերի որոշակի նվազում կա, դա տեսանելի է, և առաջիկայում, եթե կլիմայական փոփոխություններ լինելու են, բնականաբար որոշ տոկոսային հարաբերությամբ նույնպես ջուրը կնվազի: Սա փաստ է ամբողջ աշխարհում»,-հավելում է նախարար Գրիգորյանը:

Ըստ էության, հէկերի մասնաբաժինը ողջ էներգահամակարգում աննշան է, սակայն անվերականգնելի է նրանց վնասը շրջակա միջավայրին:  

Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոն»-ի տվյալների համաձայն` 2009-2011թ. Եղեգիս գետում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով: Թափանցելիությունը նվազել է 3 միավորով, թթվածնի պարունակությունը` 2 միավորով: Դա անդրադարձել է ձկնապաշարների վրա: Գետի ստորին հատվածներում կարմարխայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է:

Մեր ներկայացրած ընկերությունները և պաշտոնյաները հէկեր ունեն նաև այլ մարզերում: Թե հանրապետության որ գետերն են նրանք օկուպացրել, կանդրադառնանք առաջիկայում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter