HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն եռյակից

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը, որի լավագույն տասնյակում զգալի վերադասավորումներ են տեղի ունեցել: Երեք ամիս շարունակ դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն եռյակից՝ 2797 վարկանիշային միավորով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ՝ նրա միավորները նվազել են 8-ով:

Արոնյանի նահանջի պատճառը դեկտեմբերի 1-11-ը կայացած London Chess Classic սուպերմրցաշարում ցուցադրած անհաջող ելույթներն են: Նա 10 գրոսմայստերների պայքարում 4 միավորով զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանի փոխարեն երկրորդ հորիզոնականում հայտնվել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր, London Chess Classic-ի հաղթող Ֆաբիանո Կարուանան: Իտալական արմատներով շախմատիստի վարկանիշային միավորները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 12-ով՝ կազմելով 2811: Դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է (2834), իսկ լավագույն եռյակը, ինչպես և նախորդ ամիս, եզրափակում է ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, ով հասել է իր կարիերայի ընթացքում լավագույն ցուցանիշին՝ 2804 վարկանիշային միավոր:

Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից դուրս է մնացել դեկտեմբերի 28-ին արագ շախմատի աշխարհի չեմպիոն դարձած Վիշվանաթան Անանդը: Հնդիկ գրոսմայստերը 8-րդ հորիզոնականից նահանջել է 11-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակում վերջինիս փոխարինել է ռուս Պյոտր Սվիդլերը (2768):

Աղյուսակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2793), ամերիկացի Ուեսլի Սոն (2792), ռուս Վլադիմիր Կրամնիկը (2787), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781) և չինացի Դին Լիրենը (2769):

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, բացի Լևոն Արոնյանից, կա Հայաստանը ներկայացնող ևս 3 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը 2677 վարկանիշային միավորով 72-րդից բարձրացել է 67-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 2667 միավորով 78-րդից բարձրացել է 77-րդ հորիզոնական: Հարյուրյակում է հայտնվել նաև Հրանտ Մելքումյանը՝ 2654 վարկանիշային միավորով հանգրվանելով 97-րդ հորիզոնականում:

Կին շախմատիստների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացված է երկու գրոսմայստերներով: Էլինա Դանիելյանը 2413 միավորով 54-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2378 միավորով՝ 87-րդը: Շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է չինացի Հու Յիֆանը (2680):

Լուսանկարը` Grand Chess Tour / Spectrum Studios

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter