
«Մի կաթիլ մեղր» կամ «մի կարաս գինի». Էռնեկյանի զարմուհին արձագանքում է
Հայկական երկու գինեգործական ընկերություններ՝ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն եւ Զորիկ Ղարիբյանի «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն, ինչպես հայտնի է, դատարանում վիճում են «կարաս» բառի շուրջ:
Ավելի կոնկրետ՝ «Կարաս» գինիներն արտադրող Էռնեկյանի թիմը դատի է տվել պետական մարմնի՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը, իսկ Ղարիբյանի ընկերությունը, որն իր հերթին հայտնի է «Զորահ կարասի» գինով, ներգրավված է որպես երրորդ կողմ:
Հայցվոր կողմը վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանի գրանցումը գործակալության կողմից: Արգենտինահայ գործարարի ներկայացուցիչները պնդում են, որ Ղարիբյանի գինու ապրանքային նշանը շփոթության աստիճանի նման է իրենց «KARAS» ապրանքանիշին, ինչն ապակողմնորոշում է սպառողին, նրանք նաեւ շեշտում են, որ իրենք ավելի շուտ են դիմել (2011-ի սեպտեմբերի 17-ին) գործակալությանը՝ «KARAS» ապրանքանիշը գրանցելու համար, քան «Զ KARASi ZORAH» նշանը գրանցելու հայտ է ներկայացրել (2011-ի հոկտեմբերի 4-ին) Զ. Ղարիբյանը:
Վարչական դատարանը բավարարել է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի հայցը, սակայն «Սակի ընդ Սանս» ընկերությունը բողոքարկել է այն, եւ այժմ գործը գտնվում է վարչական վերաքննիչ դատարանում: Ինչպես տեղեկանում ենք datalex.am հարթակից, փետրվարի 13-ին դատարանը որոշում է կայացնելու:
Ինչո՞ւ են միայն 4 տարի անց դատարան դիմել
Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերին «Տիեռաս դե Արմենիան» գրավոր առարկություն էր ներկայացրել «Սակի ընդ Սանսի» ապրանքանիշի գրանցման հայտի դեմ, բայց մտավոր սեփականության գործակալությունը մերժել էր այն եւ արդեն 2012-ին գրանցել նախ Ղարիբյանի, ապա Էռնեկյանի գինիների ապրանքային նշանները: Այսինքն՝ դեռ 2011-ին դեմ լինելով «Զ KARASi ZORAH» նշանի գրանցմանը՝ Էռնեկյանի թիմը միայն 2016-ին է դատարան դիմել: Ինչո՞ւ այսքան ուշ:
«Տիեռաս դե Արմենիայի» դիրքորոշումը ներկայացնում է ընկերության գլխավոր տնօրեն, Էդուարդո Էռնեկյանի զարմուհի Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը (Juliana Del Aguila Eurnekian): Նրա փոխանցմամբ՝ իրենց համեմատաբար ուշ են հասել խոսակցություններ այն մասին, որ մարդիկ շփոթում են երկու ապրանքանիշերը: Ասում է, որ նման բան պատահել է նաեւ իր հետ, երբ պատվիրել է «Կարաս», սակայն առաջարկել են «Զորահ կարասի»: «Յուրաքանչյուր գործարան, արտադրող ունի իր ոճը, ուրույն արտադրանքը, եւ շատ կարեւոր է, որ շփոթմունք չլինի, ու սպառողն այդ երկու արտադրանքները չշփոթի: Շատ կարեւոր է, որ սպառողը հստակ իմանա, թե ինչ արտադրանք է գնում,- ասում է Խուլիանան, ապա շարունակում,- ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, «Զորահ կարասին» համարում եմ ֆանտաստիկ գինի, բայց նաեւ չեմ ուզում, որ այն շփոթեն «Կարասի» հետ»:
Դեմ չեն «կարաս» բառի կիրառմանը, միայն թե շփոթություն չառաջացնի
Մեր այն դիտարկմանը, որ իր արտադրական ծավալներով «Զորահ կարասին» զիջում է «Կարասին», իսկ շուկան էլ հիմնականում արտերկիրն է, այսինքն՝ ըստ էության, մրցակից չէ «Կարասին», հետեւաբար, ինչ էր ստիպում դատի տալ նրան, Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը պատասխանում է. «Դա մրցակցության խնդիր չէ, մեր դեմ ոչինչ էլ չեն արել, որ մեզ ստիպեն: Մենք փորձեցինք Զորիկի հետ խոսելով հարթել ամեն ինչ, բայց քանի որ ինչ-որ լուծման չհասանք, փորձեցինք դա անել իրավական ճանապարհով»:
«Տիեռաս դե Արմենիայի» խաղողի այգիները
Խուլիանան նշում է, թե իրենք դեմ չեն, որ Զ. Ղարիբյանը կիրառի «կարաս» բառը, խնդիրն այն է, որ դա սպառողի մոտ շփոթություն չառաջացնի. «Այնպես չէ, որ Զորիկը չի կարող օգտագործել «կարաս» բառը, կարող է նկարագրել իր գինին՝ ասելով, որ այն արտադրվում է կարասի մեջ, բայց չօգտագործի որպես ապրանքանիշ, որպեսզի սպառողի համար «Կարաս» ապրանքանիշի հետ շփոթություն չառաջանա, ինչը որ ասվում է օրենքով»:
Եվ ուրեմն որտե՞ղ գրեն «կարաս» բառը
Մտավոր սեփականության գործակալությունը «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելիս «KARASi» նիշը չի համարել պահպանվող տարր, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս: Այսպես՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Որպես ապրանքային նշան՝ գրանցման ենթակա չէ այն նիշը, որը բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առեւտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը (ընդգծումը մերն է- հեղ.) նշելու համար»: Այս պարագայում «KARASi»-ն բնութագրում է այն, որ գինին կարասում է հնացված:
Զ. Ղարիբյանն, այսպիսով, որեւէ նկրտում չունի եւ չի էլ կարող ունենալ այդ բառի հանդեպ, նա շեշտում է, որ իր գինին պատրաստում է կարասների մեջ, դրանք իր գործարանի հիմքն են եւ իր նպատակներից մեկը հայկական կարասի հանրահռչակումն է ամբողջ աշխարհում: Երբ Խուլիանային ասում ենք, որ «KARASi»-ն, միեւնույնն է, չպահպանվող տարր է, նա պատասխանում է. «Այդ պատճառով դա պիտի լինի ինչ-որ տեղ, որպեսզի մարդիկ չշփոթեն, օրինակ, հետեւում նշվի, ոչ թե ապրանքանիշի վրա՝ դիմացը: Մենք հիմնվել ենք լուրջ ուսումնասիրությունների վրա՝ համոզվելով, որ շուկայում սպառողները շփոթում են»:
Հենց այս տեսակետին են «Տիեռաս դե Արմենիայի» ներկայացուցիչները: Դատարանում նրանք պնդել են, որ «KARASi»-ն «Զորահ կարասի» գինու պիտակի վրա գրավում է կենտրոնական եւ գերիշխող դիրք, հանդիսանում է հիմնական, առաջնային ընկալման տարր ու տեսողական, ձայնային եւ հնչողության առումով, գրաֆիկական գրելաձեւով, տառերի դասավորությամբ ու այբուբենով շփոթության աստիճան նման է իրենց «KARAS»-ին:
Թե՛ Զորիկ Ղարիբյանը, թե՛ պետական գործակալությունը համաձայն չեն այս պնդմանը: Գործակալությունը, մասնավորապես, դատարանում նշել է. «Հայցվորի ապրանքային նշանը բաղկացած է կարասի խոշոր պատկերից, որից ներքեւ խոշոր լատինատառ տառատեսակով գրված է «KARAS»:
Վիճարկվող ապրանքային նշանը բաղկացած է շշի պատկերից, որի վերեւում՝ շշի բերանից վերեւ, պատկերված է շրջանակ, ինչի մեջ զետեղված է «Զ» մեծատառը, շշի պատկերի վրա առկա է ուղղանկյուն, որում ուղղանկյան մոտ մեկ երրորդը զբաղեցնող հատվածում պատկերված է նախշերով ոճավորված «Զ» մեծատառը: «Զ» մեծատառից ներքեւ լատինատառ մեծատառ տառատեսակով, փոքր չափերով գրված է «KARASi», որից ներքեւ ավելի փոքր չափերով գրված է «2010», իսկ ուղղանկյան ներքեւի հատվածում լատինատառ տառատեսակով, այլ գրվածքների համեմատ ավելի խոշոր չափերով, գրված է «ZORAH»: Ինչպես տեսնում ենք, պատկերային մասերով ապրանքային նշանները բացարձակապես տարբեր ապրանքային նշաններ են»:
«Կարաս» արտադրողներն ասում են, որ ինչքան էլ «Զորահ կարասիի» ապրանքանիշի «Զ» տառը մեծ լինի, հայերեն չհասկացող օտարերկրացի գնորդն առաջին հերթին կարդում է դրա ներքեւի «KARASi» գրությունը, այսինքն՝ հենց այդ տարրն է ընկալում, ինչն էլ անխուսափելի է դարձնում շփոթությունը:
Ահա Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանի պատասխանները «Հետքի» հարցերից մի քանիսին:
-Այն գինեգործական ընկերություններին, որոնք կօգտագործեն «կարաս» բառը, այսուհետ դատի՞ եք տալու:
-Իհարկե, ոչ, այդ բառը կարող են օգտագործել՝ նկարագրելու համար, թե ինչպես է պատրաստվել գինին, բայց ոչ որպես ապրանքանիշ, որպեսզի շփոթություն չառաջանա մեր ապրանքանիշի հետ: Այդքան բան:
-Դեռ անցյալ տարվա դեկտեմբերից հայ գինեգործները բարձրաձայնում են, որ կարասը մեր մշակութային ժառանգության մաս է, որ որեւէ մեկն իրավունք չունի սեփականացնել այն:
-Դրանք լրիվ սուտ բաներ են, քանի որ ուզում են ավելի շատ ուշադրություն գրավել, թե իբր մենք ուզում ենք մոնոպոլիզացնել, դրանք սուտ տեղեկություններ են, որոնք սխալ ուղղությամբ են տանում:
-Պարոն էռնեկյանը պատրաստվո՞ւմ է պատասխանել Զորիկ Ղարիբյանի բաց նամակին, որը հրապարակվեց «Հետքում»:
-Քանի որ այն շատ ագրեսիվ նամակ էր, չի պատրաստվում պատասխանել: Ուղղակի պարոն Էռնեկյանը շատ մեծ ներդրումներ է արել, եւ բոլորն էլ դրանց վկաներն են՝ օդանավակայանը, բանկը, մեծ բարեգործությունները... Եվ չի կարող նման բաների (նկատի ունի բաց նամակը- հեղ.) համար ժամանակ ծախսել:
Խուլիանան ասում է, թե իր քեռու նպատակը չի եղել Հայաստանում ինչ-որ խնդիր առաջացնելը, այլապես ներդրումներ չէր անի այստեղ: Ըստ այդմ՝ Էդուարդո Էռնեկյանի հիմնական նպատակը եղել է աշխատատեղ հիմնելն ու մի արտադրանք ստեղծելը, որը կլինի որակով եւ բարձր կպահի Հայաստանի անունը: Իսկ մոնոպոլիզացիայի մասին խոսակցությունները, գործարարի զարմուհու հավաստիացմամբ, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:
«Տիեռաս դե Արմենիայի» խաղողի այգիները
Խ. Դել Ագիլա Էռնեկյանը հույս է հայտնում, որ այս դատավարությունը լավ ավարտ կունենա, միաժամանակ չի ցանկանում, որ ցեխ շպրտեն իրենց աշխատանքի վրա եւ հանրությանը փորձեն շեղել իրականությունից:
Բիզնես է, անձնական խնդիր չկա
Այդուհանդերձ, Զորիկ Ղարիբյանի ընկերությունը միակը չէ, որին արգենտինահայ գործարարի ներկայացուցիչները հրավիրել են դատարան:
Ինչպես նախկինում գրել էինք, «Տիեռաս դե Արմենիան» «Սակի ընդ Սանսի» եւ մտավոր սեփականության գործակալության դեմ հայցը վարչական դատարանում շահելուց հետո՝ անցյալ տարվա հոկտեմբերին, որոշել էր դատի տալ նույն պետական մարմնին ու «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ին, որն իր գինիներից մի քանիսը նույնպես պատրաստում է կարասների մեջ եւ պիտակների վրա նշում է «Կարասի քոլեքշն» (պետական գրանցումը կատարվել է 2017-ի հուլիսի 21-ին): Էռնեկյանի ընկերության պահանջը նույնն էր՝ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչել: Գրել էինք, որ դատավոր Լիանա Հակոբյանը հայցը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ գործակալության կայացրած վարչական ակտը վիճարկելու ժամկետը հայցվորը բաց է թողել: Նրա այս որոշումը «Տիեռաս դե Արմենիան» չէր բողոքարկել: Բայց ինչպես տեղեկանում ենք datalex.am-ից, օրեր առաջ՝ փետրվարի 2-ին, Էռնեկյանի թիմը կրկին հայցադիմում է ներկայացրել, որը նորից մակագրվել է դատավոր Հակոբյանին: Կարելի է ենթադրել, որ այս անգամ «Տիեռաս դե Արմենիան» հայցը ուշ ներկայացնելու որեւէ հիմնավորում է բերել:
«Տիեռաս դե Արմենիայի» գինու ռեզերվի մի մասը
Այս վեճի մասին էլ Խուլիանան նշում է, որ իրենք համագործակցում են մի ընկերության հետ, որը զբաղվում է ապրանքանիշերի հարցերով. «Երբ այդ ընկերությունը տեսնում է, որ նոր ապրանքանիշ է ավելանում շուկայում, որը կարող է շփոթմունք առաջացնել մեր արտադրանքի հետ, դիմում ենք դատարան: Նույնը եղել է «Ոսկեվազի» պարագայում: Չգիտեմ, թե ինչ ընթացքում է գործը, բայց դիմել ենք, որ ապրանքանիշը հանվի: Ամեն դեպքում ուզում եմ նշել, որ չենք ցանկանում, որ խնդիր առաջանա, կամ չարտադրեն: Ընդամենը ապրանքանիշի պահպանման հարցն է»:
Երկու նմանատիպ հայտ՝ երկու հակադիր պատասխան
Հետաքրքիր է, բայց կա մի ընկերություն, որին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն չի կարող դատի տալ, այլեւ գուցե հենց ինքը հայտնվի պատասխանողի կամ երրորդ կողմի դերում:
Բանն այն է, որ թե՛ «Տիեռաս դե Արմենիայից», թե՛ «Սակի ընդ Սանսից» առաջ մտավոր սեփականության գործակալությունում իր «ԿԱՐԱՍԻ ԳԻՆԻ» ապրանքանիշն է գրանցել Արարատի մարզի Շահումյան գյուղում գործող «Շահումյան-վին» ՍՊԸ-ն, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) անվան հետ:
Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Էռնեկյանի ընկերությունը «KARAS» ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել 2011-ի սեպտեմբերի 17-ին, ապա «Սակի ընդ Սանսը» դրանից 6 ամիս առաջ՝ մարտի 24-ին, դիմել է մտավոր սեփականության գործակալությանը՝ գրանցելու «KARASI» ապրանքային նշանը: Սակայն հայտը 2011-ի հուլիսին մերժվել է հետեւյալ պատճառաբանությամբ. «Հայտարկված «KARASI» բառային ապրանքային նշանը չի կարող գրանցվել, քանի որ դրանով նշված գինու վաճառքի ժամանակ սպառողի մոտ պատկերացում կառաջանա, որ գինին կարասում է պահվել, ինչպես նաեւ այն շփոթելու աստիճան նման է ավելի վաղ առաջնությամբ արդեն գրանցված «ԿԱՐԱՍԻ ԳԻՆԻ» համակցված ապրանքային նշաններին (արտադրանքի վրա մեկից ավելի ապրանքային նշան կա, դրանք համակցված են- հեղ.)»:
Թվում է, թե հայտի մերժումն օրինաչափ է, բայց այդ դեպքում ինչո՞ւ նույն հիմնավորումն ու մերժումը չի կիրառվել ավելի ուշ՝ 2011-ի սեպտեմբերին, Էռնեկյանի ընկերության ներկայացրած հայտի նկատմամբ, որն, ի վերջո, հաստատվել է 2012-ին ու, փաստորեն, հետագայում դարձել դատական վերջերի պատճառ: Ի՞նչն է դրդել ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը նմանատիպ հայտերին երկու հակադիր պատասխան տալ, եւ ո՞րն է դրանցից իրավական առումով ճիշտ: Այս հարցերին պիտի պատասխանի գործակալության ապրանքային նշանների բաժինը:
Վերադառնալով Զորիկ Ղարիբյանին՝ հիշեցնենք, որ նրա ընկերությունը «KARASI»-ի վերաբերյալ մերժում ստանալուց հետո՝ 2011-ի հոկտեմբերին (այսինքն՝ երբ Էռնեկյանի ընկերությունն արդեն ներկայացրել էր «KARAS»-ի հայտը), դիմել ու այս անգամ գրանցել է տվել «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը:
Մեր հարցին, թե տեղյակ եք արդյոք, որ վիճաբանող երկու ընկերություններից առաջ իր «ԿԱՐԱՍԻ ԳԻՆԻ» ապրանքանիշը գրանցել է «Շահումյան-վին» ՍՊԸ-ն, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողները նախ զարմացան, իսկ Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը պատասխանեց. «Սա ավելի շատ իրավական հարց է, բարեբախտաբար, ունենք լավ իրավաբաններ, որոնք զբաղվում են այս հարցերով, իրենք կքննարկեն, իսկ իմ անհանգստությունն այն է, որ վատ չխոսեն իմ ընտանիքի մասին, ուզում եմ պահպանել այն մեծ ներդրումը, որն արվել է, պահպանել մեր ապրանքանիշը»:
Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի, համացանցի
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել