Կապանի համայնքապետարանը տուգանել է Գագիկ Ծառուկյանի ընկերությանը
Կապանի համայնքապետարանը տուգանել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը: Ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել ինքնակամ, առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու պատճառով և տուգանվել է 600 հազար դրամի չափով: «Արարատցեմենտին» պահանջ է ներկայացվել դադարեցնել շինարարությունը, մինչև չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձևակերպումները:
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտը» ցեմենտի աղացման արտադրամաս է ցանկանում բացել Կապանում: Օրեր առաջ գրել էինք այս մասին: Նախագծի համաձայն՝ այն գործելու է Կապանի բնակելի տարածքից 2,5-3 կմ, իսկ արտադրական գոտուց՝ մոտ 200 մ դեպի հյուսիս-արևելք՝ օդանավակայանի հարևանությամբ:
Դեռևս նախորդ տարի հոկտեմբերին անդրադարձել էինք այս արտադրամասի շինարարությանը, նշել էինք, որ Կապանի օդանավակայանի հարևանությամբ շինարարություն են սկսել, ինչի մասին, դեռևս այն ժամանակ Կապանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ չեն, և որ ընկերությունն իրենց չի դիմել շինթույլտվություն ստանալու համար: Ըստ Աշոտ Հայրապետյանի՝ Ծառուկյանի ընկերությանը տուգանելու որոշումը կայացվել է նոյեմբերի 13-ին:
Միայն դրանից հետո՝ դեկտեմբերի 22-ին է «Արարատցեմենտը» դիմել համայնքապետարան՝ ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն ստանալու խնդրանքով: Դեկտեմբերի 25-ին ընկերությանը տրամադրվել է թիվ 13 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
Ըստ Կապանի ղեկավարի՝ ներկա պահին ընկերությանը դեռևս շինթույլտվություն չի ստացել, մյուս կողմից՝ տուգանքից հետո շինաշխատանքների շարունակվելու վերաբերյալ, ըստ նրա, համայնքապետարանը տեղեկատվություն չունի: Սա, բնականաբար, տարօրինակ է, քանի որ արտադրամասը գտնվում է քաղաքի սահմաններում՝ բանուկ հատվածում:
Կապանի Գործարանային փողոցի այն հողամասը, որտեղ պիտի լինի արտադրամասը, Ա. Հայրապետյանի փոխանցմամբ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականությունն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել