HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարի անց Հաց բերողի մահվան համար պատասխանատվության ենթարկված պաշտոնյա չկա

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով չկա որևէ անձ, ով ենթարկված լինի որևէ բնույթի պատասխանատվության: Հետապնդում չի իրականացվել քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների, վերահսկող դատախազի նկատմամբ: Չեն գրանցվել նաև ինքնակամ հրաժարականներ: Գլխավոր դատախազությունը որևէ հանցավոր արարք չի արձանագրել, դատական երկու ատյանները՝ նույնպես: Այժմ նրա փաստաբանների բողոքը Վճռաբեկ դատարանում է: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ մարտի 22-ին Դավիթ Գյուրջյանն ու Տիգրան Եգորյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էին ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որի պահանջն էր` Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի, դատարաններում Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունները ներկայացրած և պաշտպանած քննչական խմբի անդամ քննիչների, դատախազական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանի, կալանքի միջնորդությունները և դրանք բավարարելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննած նախագահող դատավորների, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների վարչակազմի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական անփութության, Արթուր Սարգսյանին խոշտանգելու, վերջինիս ապօրինի ձերբակալելու և ապօրինի կալանավորման փաստերի առթիվ:  

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը «Հետքին» ասաց, որ առհասարակ ոչ թե մերժվել է քրեական գործի հարուցումը, այլ պարզապես չի ընդունվել որպես հանցագործության մասին հաղորդում: Գլխավոր դատախազության մերժման հիմքում դրված է այն, որ գործի շրջանակում որևէ փաստական հիմք չի հայտնաբերվել, որը թույլ կտար դատավորների, քննիչների, ՔԿՀ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնել: Ըստ փաստաբանի` մերժման մեջ արձանագրված է նաև, որ եթե գործի նախաքննության ընթացքում որևէ հանգամանք վկայի իրենց բողոքում մատնանշած կետերի մասին, այդ ուղղությամբ քննություն կլինի:

Փաստաբաններն այդ պատասխանը բողոքարկել են նախ` Գլխավոր դատախազին, ապա դիմել առաջին ատյանի դատարան: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ փաստաբանների դիմումի մեջ միայն վարույթն իրականացնող մարմնի գործողություններն են թվարկված և դրանց առնչությամբ սուբյեկտիվ մեկնաբանություններ: Ուստի, որոշել է մերժել փաստաբաններ Եգորյանի ու Գյուրջյանի բողոքը: Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է նրանց բողոքը:  

Ինչպես հայտնի է, Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է միայն քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական սխալի փաստի առթիվ: Այս հանգամանքը, ըստ Արթուր Սարգսյանի պաշտպանների, նշանակում է, որ նախաքննությունը սահմանափակվել է հենց հարուցման փուլում`քննության շրջանակներից դուրս թողնելով հարցերի մի հսկայական շարք, որոնք վերաբերում են Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման և պահման պայմանների ազդեցությանը, պատշաճ բուժօգնությանը, նրա առողջական վիճակին պատշաճ ուշադրությանն ու հաշվառմանը: Այսպիսով, ի սկզբանե բացառված է եղել Արթուր Սարգսյանի մահվան գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter