HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երևանում վերսկսվել են․ ուղիղ միացում (թարմացվող)

15։56

Սիլաչի թաղամասում բնակիչները Նիկոլ Փաշինյանին աղ ու հացով են դիմավորում։ Ցուցարարները երթով հասել են Տիգրան Մեծ պողոտա։

15։37

Ցուցարարներն փակել էին Թումանյան-Աբովյան խաչմերուկը բոլոր կողմերից: Նրանց են միանում մեքենաների վարորդները:

15։34

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթին Արցախի փողոցում միացավ նաեւ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

15։06

Այս պահին մի խումբ ցուցարարներ փակել են Բաղրամյան պողոտան։

14։49

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս պահին հազարավոր ցուցարարներ քայլում են Էրեբունի վարչական շրջանով: Նրանք հասել են Էրեբունի հիվանդանոցի տարածք: Ցուցարարներին ծափերով դիմավորում են մայթերին կանգնած այլ ցուցարարներ եւ քաղաքացիներ։

14։33

Ցուցարարները, որոնց մեջ են նաեւ Բժշկական համալսարանի ուսանողները, փակել են «Փեթակ» առեւտրի կենտրոնից Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը:

14։25

Օպերայի շրջակայքում ոստիկաններ են հավաքված` առանց համարանիշերի հանրային տրանսպորտի մեջ: Ավտոբուսները չունեն ոստիկանության տարբերանշաններ: Նման ավտոբուս է կանգնած նաև Մաշտոցի պողոտայում։

14։16

Քիչ առաջ փակվեց նաև Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ է շարժվում ուսանողական երկրորդ խումբը։

14:02

Տիգրան Մեծ պողոտայում բողոքի երթի են դուրս եկել նաեւ բեռնատարները: Նշենք, որ այս տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել: Փողոցները փակ են մեքենաներով եւ աղբամաններով:

13:52

Ցուցարարները փակել են «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի հարակից փողոցները՝ դադարեցնելով տեղի երթեւեկությունը։ Փողոցների մեջտեղում կայանել են ավոտմեքենաներ, որոնց վարորդները միացել են տեղի ցուցարարներին։ Ցուցարարները, մեքենաները անկանոն կայանելով, փակել են նաեւ «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարակից փողոցները:

13։21

Ցուցարարները փակել են Զաքյան-Խորենացի խաչմերուկը։

13:05

Ցուցարարներին միացավ նաև Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներով: Երթը շարունակվում է Վարդանանց փողոցով: Նիկոլ Փաշինյանը դիմում է ցուցարարներին «Մերժիր Սերժի Կարենին» կարգախոսով:

12:28

Ցուցարար ուսանողների մի խումբ Գարեգին Նժդեհի հրապարակից երթով հասել են Խանջյան փողոց: Այս պահին դադարեցվել է Խանջյան փողոցի երթևեկությունը: Նրանց միացավ նաև ցուցարարների մեկ այլ խումբ: Ցուցարարները միմյանց հանդիպելիս ծափահարում են ու ողջունում: Թմբուկների ուղեկցությամբ երթը շարժվում է դեպի Ալեք Մանուկյան փողոց: Չեն դադարում նաև «Ազատ, անկախ Հայաստան» կոչերը:

12:16

Վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։

Առավոտից սկսվեց ուսանողների քայլերթը, ապա վերածվեց հոծ երթի։ Այս պահին արգելափակված է Երևանի մի քանի փողոցների երթևեկությունը։

Ցուցարաների քայլերթը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արգելափակել է Մելիք Ադամյան փողոցի երթևեկությունը, կան ոստիկական ուժեր։ 

Ոստիկաններին տեղափոխել են ավտոբուսներով, որոնց վրայից բացակայում է եւ համարանիշը եւ թե երթուղին սպասարկող համարը:

Այս պահին Հանրապետության հրապարակում հազարավոր ցուցարարներ, այդ թվում՝ ուսանողներ են հավաքված։

Ցուցարաները քայլերթի ժամանակ վանկարկում են «ՀՀԿ հեռացիր»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկնածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։

Նիկոլ Փաշինյանի այսօր հայտարարեց Քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների սկիզբը։ 

Այսօր ժամը 18։00-ին հրապարակում նախատեսվում է «Nemra» խմբի համերգը, իսկ ժամը 19։00-ին` հանրահավաք։

Դիանա Ղազարյան, Ամալյա Մարգարյան, Գրիշա Բալասանյան, Տաթև Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter