HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Իջեւանում դասադուլ է ու մեծ երթ․ միջպետական ճանապարհը փակ է (տեսանյութ)

Առավոտից Իջեւանում ցույցեր են։ Նախ դասադուլ են հայտարարել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողները, որոնց միացել են նաեւ բարձր տարիքի դպրոցականները։

«Հետք»-ի հետ զրույցում ցուցարար Սերգեյ Բլբուլյանն ասաց, որ Տավուշի մարզկենտրոնի փողոցներում այս պահին մոտ 3000 քաղաքացի բողոքի երթի է դուրս եկել։ Երթի մեջ են Նիկոլ Փաշինյանի ծնողները։

Այս պահին ցուցարարները փակել են M4 միջպետական ճանապարհը, պահանջելով Հայաստանի Հանրապետական կուսակցության հրաժարականը։

Ցուցարարները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հասնել մայրաքաղաք՝ միանալով Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին, հաշվի առնելով, որ ուժային կառույցներն այստեղ հակագործողություններ են պատրաստում ընդդեմ զանգվածային միջոցառումների մասնակիցների։

Մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Իջեւանում երթի մասնակիցների թիվը հասնում էր 6-7 հազարի, ինչը այս քաղաքի համար աննախադեպ է 1988 թվականից այս կողմ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս. Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկնածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։

Նիկոլ Փաշինյանի այսօր հայտարարեց քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների նոր քայլի սկիզբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter