HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտի ավագանու մի քանի անդամներ վաղվա նիստին անվստահություն կհայտնեն համայնքի ղեկավարին

Ազատամուտի՝ մարտի 11-ին ընտրված ավագանու որոշ անդամներ վաղվա նիստին անվստահություն կհայտնեն համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ավագանու նորընտիր անդամ Վահագն Ալավերդյանը, համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հետ չեն կարողանում աշխատել։ Ասում է, որ արդեն երկու ամիս է՝ համայնքապետից ինչ փաստաթուղթ պահանջում են, չի ներկայացնում, իրենց հնարավորություն չի տալիս ծանոթանալ բյուջեի կատարողականին, չի տեղեկացնում, թե ինչ ծրագրեր, ծախսեր է կատարում համայնքում և ավագանու անդաներին չի ներգրավում համայնքում իրականացվող ծրագրերին։

Վահագնը և ավագանու որոշ անդամներ երկու անգամ գրավոր կերպով Ժորա Մարտիրոսյանից պահանջել են վերջին երեք տարվա բյուջեի կատարողականն ու ծախսերը, սակայն համայնքի ղեկավարը չի տրամադրել այն, և որևէ կերպ չի մեկնաբանել փաստաթղթերը չտրամադրելու պատճառը․ «Ոչինչ չի ասում։ Ճիշտն ասած՝ պետք է հասկանա, որ խախտում է օրենքը, որ որևէ բան ասի, անգամ դա չի հասկանում, դրա համար ոչ մի բան չի ասում»,- նշում է ավագանու անդամը։

Ասում է՝ համայնքի ղեկավարը ծախսերը կատարում է դեռևս 2016 թվականին հաստատած բյուջեով, քանի որ և՛ նախորդ, և՛ ներկա ավագանին չի հաստատել 2017 թվականի ծախսերը, 2017-2018 թվականի բյուջեները։ Ավագանու անդամների հաստատմանը չի ներկայացվել նաև 2018 թվականի բյուջեի նախագիծը։

Վահագն Ալավերդյանի փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշումը ավագանու հինգ անդամներինն է, կարծում է՝ վաղվա նիստին այլ ավագանու անդամներ ևս կիմանան իրենց պահանջին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին կառավարությունը որոշեց, որ մարտի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ Ալիկ Էլարյանը ավագանու այդ 5 անդամներից մեկն էր, ով դատի էր տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել ընդունած որոշումը։ Սակայն վարչական դատարանը փետրվարի 22-ին մերժել էր Ազատամուտի ավագանու անդամ Ալիկ Էլարյանի հայցադիմումը։

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ Ազատամուտում մոտ երկու տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Ավագանու նախորդ անդամներից ոմանք չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին կրկին հրաժարվում էր տեղեկություններ տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ` հրապարակել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։ Նախորդ տարի մեզ հաջողվել էր ստանալ սոցիալական օգնություն ստացած անձանց ցանկը և զրուցել էինք նրանցից ոմանց հետ, որի արդյունքում պարզվել էր, որ ցանկում ներառվածներից երկուսը համայնքապետից օգնություն չէին ստացել։

Այդ հրապարակման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել էր, որ Ազատամուտում կեղծվել են սոցօգնություն ստանալու որոշ դիմումներ։ Սակայն հարուցված քրեական գործը կարճվել էր, և մերժվել էր քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter