HY RU EN

Դիանա Ղազարյան

Ազատամուտի ավագանու հինգ անդամներ անվստահություն են հայտնել համայնքապետին

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու հինգ անդամներ այսօր կայացած արտահերթ նիստում անվստահություն են հայտնել համայնքապետ Ժորա Մարտիրոսյանին: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ավագանու անդամ Վահագն Ալավերդյանը, համայնքապետին անվստահություն են հայտնել ավագանու ինը անդամներից հինգը:

Ավագանու այդ անդամները երեք օրվա ընթացքում անվստահության հայտնելու որոշումը կփոխանցեն Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Մարզպետը եթե հաստատի ավագանու անդամների որոշումը, վաղաժամ կդադարեցվի Ժորա Մարտիրոսյանի լիազորությունները, և Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակվի:

Ավագանու անդամի փոխանցմամբ՝ ութ օր առաջ դիմել էին Ժորա Մարտիրոսյանին՝ պահանջելով հրավիրել արտահերթ նիստ՝ օրակարագում ընդգրկելով Մարտիրոսյանին անվստահություն հայտնելու հարցը:

Սակայն համայնքապետը նման որոշում չի կայացրել և ավագանու անդամներին նիստի մասին չի ծանուցել: Ավագանու այդ անդամներն էլ այօսր, ինչպես արդեն որոշել և ծանուցել էին համայնքապետին, գումարել են նիստը և անվստահություն հայտնել Ժորա Մարտիրոսյանին:

Ինչպես երեկ հայտնել էինք Ազատամուտի՝ մարտի 11-ին ընտրված ավագանու հինգ անդամներ այսօրվա նիստին պետք է անվստահություն հայտնեին համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին։ Վահագն Ալավերդյանը անվստահության հայտնելու որոշումը պայմանավորել էր համայնքապետի հետ աշխատել չկարողանալով: Ավագանու անդամի փոխանցմամբ՝ արդեն երկու ամիս է՝ համայնքապետից ինչ փաստաթուղթ պահանջում են, չի ներկայացնում, իրենց հնարավորություն չի տալիս ծանոթանալ բյուջեի կատարողականին, չի տեղեկացնում, թե ինչ ծրագրեր, ծախսեր է կատարում համայնքում և ավագանու անդաներին չի ներգրավում համայնքում իրականացվող ծրագրերին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին կառավարությունը որոշեց, որ մարտի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ Ալիկ Էլարյանը ավագանու այդ 5 անդամներից մեկն էր, ով դատի էր տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել ընդունած որոշումը։ Սակայն վարչական դատարանը փետրվարի 22-ին մերժել էր Ազատամուտի ավագանու անդամ Ալիկ Էլարյանի հայցադիմումը։

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ Ազատամուտում մոտ երկու տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Ավագանու նախորդ անդամներից ոմանք չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին կրկին հրաժարվում էր տեղեկություններ տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։ Նախորդ տարի մեզ հաջողվել էր ստանալ սոցիալական օգնություն ստացած անձանց ցանկը, զրուցել էինք նրանցից մի քանիսի հետ, որի արդյունքում պարզվել էր, որ ցանկում ներառվածներից երկուսը համայնքապետից օգնություն չէին ստացել։

Այդ հրապարակման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել էր, որ Ազատամուտում կեղծվել են  սոցօգնություն ստանալու որոշ դիմումներ։ Սակայն հարուցված քրեական գործը կարճվել էր, և մերժվել էր քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը։

Լուսանկարում՝ Ժորա Մարտիրոսյանը