
Կպատժվեն, արդյոք, դատավոր Նախշուն Տավարացյանը և մյուսները
Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան
2011 թ. դեկտեմբերի 22-ին դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Աժմ ներկայացնում ենք նման մի դատական ակտ, որը կայացրել են դատավորներ Նախշուն Տավարացյանը, Ս.Միքայելյանը և նախագահող դատավոր Դ. Խաչատրյանը: Ակնկալում ենք, որ նրանց նկատմամբ կհարուցվի կագապահական վարույթ եւ Հատուկ քննչական ծառայությունը կպարզի, թե ինչի՞ արդյունքում են դատավորները կայացրել ակնհայտ ապօրինի որոշում, ի՞նչ են ստացել նրանք նման որոշում կայացնելու փոխարեն:
2005 թվականին ամերիկահայ Օշին Փիրումյանը Նորք-Մարաշ համայնքի Հովսեփյան փողոցին հարող տարածքում 2500 քմ հողատարածք է գնել տուն կառուցելու նպատակով: Վեց տարի առաջ Օշինը ընտանիքով Միացյալ Նահանգներից տեղափոխվել եւ հաստատվել է Հայաստանում:
Այդ հողատարածքը Օշինը ձեռք է բերել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանից` վճարելով 88 մլն դրամ (այն ժամանակ` 195 հազար դոլար):
Ղուլիջանյանին պատկանող ողջ տարածքը 5000 քմ է, սակայն Օշինը խնդրել է կիսել այն, քանի որ ամբողջը գնելու հնարավորություն չի ունեցել: Օշինը օրինական գրանցել է իր իրավունքները 2500 քմ հողամասի նկատմամբ եւ ձեռք բերել սեփականության իրավունքը հաստատող վկայական:
Ինչպե՞ս է ձեռք բերել այդ հողատարածքը բնապահպանության նախարարության այդ պաշտոնյան` Անդրանիկ Ղուլիջանյանը: Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցի հարող տարածքը անտառային ֆոնդի հողեր էին: Հետագայում հողի կատեգորիան փոխվել է: Նշենք, որ Երեւանի անտառտնտեսության քարտեզագրումը իրականացրել է Անդրանիկ Ղուլիջանյանը: Երեւանի քաղաքապետի որոշման հիման վրա Նորքի Գ. Հովսեփյան փողոցի հարակից 5000 քմ հողատարածքը վարձակալությամբ տրվել է Անդրանիկ Ղուլիջանյանին:
Ա. Ղուլիջանյանը վստահեցնում է, որ հողատարածքի հետ կապ չունի, վարձակալել էր տնկիներ մշակելու համար, սակայն չի հասցրել, իսկ երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել է սեփականաշնորհել նշյալ տարածքը, ընկերոջ` Ռուբեիկ Թադևոսյանի խնդրանքով իր անվամբ է սեփականաշնորհել: Հենց Ռ. Թադեւոսյանն էլ որպես լիազորված անձ զբաղվել է հողատարածքի վաճառքով: 5000 քմ-ի համար Ռ. Թադեւոսյանը վճարել է ավելի քան 66 մլն դրամ, որը, ինչպես պարզվել է, չի մուտքագրվել Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային հաշվին (տես` հոդվածը):
Հողատարածքի սեփականության իրավունքի վկայականը այսօր էլ Օշինի ձեռքում է, սակայն հողատարածքը քաղաքապետարանը վերցրել է Օշինից, իսկ հողատարածքի համար վճարված 88 մլն դրամը սեփականատիրոջը ետ չի վերադարձվել, ոչ էլ որեւէ կերպ փոխհատուցվել է:
Պարզվել է, որ Անդրանիկ Ղուլիջանյանի եւ Երեւանի քաղաքապետարանի սեփականաշնորհման պայմանագրից բխող վճարումները քաղաքապետարանի հաշվին չեն նստել, ինչի պատճառով Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` պահանջելով լուծել քաղաքապետարանի եւ Անդրանիկ Ղուլիջանյանի միջեւ կնքված պայմանագիրը, եւ որպես հետեւանք` անվավեր ճանաչել նաեւ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված պայմանագիրը:
Հայաստանյան դատարանները կայացրել են ակնհայտ ապօրինի որոշումներ:
Օշինը որոշել է դիմել Եվրոպական դատարան:
Դատական համակարգն աշխատել է Օշինի դեմ
Երբ բացահայտվել է, որ հողերի սեփականաշնրոհման պայմանագրերցից վճարումներ չեն կատարվել եւ բոլորը կեղծ գործարքներ են եղել քաղաքապետարանը որոշել է վերականգնել վնասները: Դրա համար դիմել է դատարան` Ա. Ղուլիջանյանի հետ պայմանագիրը լուծելու եւ որպես հետեւանք` Ղուլիջանյանի եւ Փիրումյանի պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջով:
Չնայած զուգահեռաբար ընթացել է քրեական գործի նախաքննությունը, եւ Օ. Փիրումյանի փաստաբանը միջնորդել է կասեցնել քաղաքապետարանի` ընդդեմ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի գործի քննությունը մինչեւ նախաքննության ավարտը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, նախագայությամբ Վ. Լալայանի, այնուամենայնիվ, վճռել է լուծել Երեւանի քաղաքապետարանի եւ Ա. Ղուլիջանյանի միջեւ կնքված ուղղակի վաճառքի պայմանագիրը եւ անվավեր է ճանաչել Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը:
Օշինը բողոքարկել է վճիռը: Վերաքննիչում նիստերն ավելի հետաքրքիր են անցել: Նախ` դատարանը նշանակել է որոշման հրապարակման օր, սակայն այդ օրը, ինչպես պատճառաբանել է նիստի քարտուղարը, համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոշումը չի հրապարակվել, մինչդեռ նույն օրն ավելի վաղ նշանակված նիստերը կամ հրապարակվելիք որոշումներն առանց որեւէ խոչընդոտի տեղի են ունեցել եւ հրապարակվել են:
Ավելի ուշ նշանակված հրապարակման օրը դատարանը հայտարարել է, որ վերսկսում է նիստերը, քանի որ լրացուցիչ հարցեր են ծագել: Այդ նիստում դատավորները քաղաքապետարանի ներկայացուցչին բացահայտ ասել են, որ Օշինի հետ քաղաքապետարանը իրավահարաբերություններ չունի, հետեւաբար, քաղաքապետարանի կողմից Օշինից հողը հետ վերցնելը չի կարող պայմանագրի լուծման հետեւանք լինել:
«Ի վերջո, պարզված հանգամանք է այն, որ այդ հանցագործությունը կատարել են Կադաստրի աշխատակիցները, Օշին Փիրումյանի մեղքն ինչու՞մն է կայանում: Քաղաքապետարանը կաշկանդվա՞ծ է Անդրանիկ Ղուլիջանյանից այդ 2500 քմ-ի արժեքը բռնագանձելուց, ինչո՞վ եք կաշկանդված»,- հարցրել է դատավոր Նախշուն Տավարացյանը: Ավելին, դատավորը հետաքրքրվել է, թե ինչպես են Օշին Փիրումյանից հողատարածք վերցնելու հարց դրել, երբ նրան հող չեն վաճառել:
«Դուք Օշին Փիրումյանի հետ որեւէ գործարք չեք կատարել, այսօր ձեր ո՞ր իրավունքն է, որ Օ. Փիրումյանից իր սեփականությունը հանդիսացող հողամասը ետ եք պահանջում, ո՞ր օրենքով, որ կադաստրի աշխատակիցները հանցագործություն են կատարե՞լ»: Քաղաքապետարանի ներկայացուցչի պատասխանը մեկն է եղել. «Քաղաքապետարանին, կոպիտ ասած, այդ մասը չի հետաքրքրում, պետությունը վաճառել է հողամաս, որի արժեքը չի ստացել»:
Դատավոր Տավարացյանը նոր հարցադրում է արել. «Դուք չե՞ք գտնում, որ այն մասը, որ Անդրանիկ Ղուլիջանյանի մասով հողամասը փաստացի մնացել է նորից գրանցված, պետք է հողամասը պահանջեք, իսկ այն մասով, որ չկա` հողամասի արժեքը: Չե՞ք գտնում, որ սա է իրավական լուծումը այս հարցերի»:
Դատավոր Տավարացյանը քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկել է քաղաքապետարանում քննարկել այս հարցը: Ներկայացուցիչը հրաժարվել է: «Գործարքը լուծելու ինստիտուտը անվավերության հետեւանքի կիրառման իրավական հնարավորություն չի նախատեսում»,- հավելել է մյուս դատավորը` Ստեփան Միքայելյանը եւ փակված համարել դատաքննությունը: (Հատված` դատական նիստի ձայնագրությունից)
Սակայն այս ամենից հետո նշյալ դատավորները, նախագահող դատավոր Դ.Խաչատրյանի գլխավորությամբ, լրիվ այլ որոշում են կայացրել` մերժելով Օշին Փիրումյանի բողոքը եւ ուժի մեջ թողնելով ստորադաս ատյանի վճիռը:
Օշինը դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը նույնիսկ չի քննել նրա բողոքը:
Օշինի փաստաբան Անդրանիկ Վահանյանը մեկ օրինական ճանապարհ է տեսնում այս իրավիճակում. քաղաքապետարանի գույքային վաճառքը պետք է փոխհատուցվեր փողի գումարի վերադարձով: Այսինքն` քաղաքապետարանը Ա. Ղուլիջանյանից պետք է գումարը պահանջեր: Օշին Փիրումյանը կարող է նաեւ Անդրանիկ Ղուլիջանյանին դատի տալ: Սակայն Օշինն ասում է, որ դա քաղաքապետարանի խնդիրն էր, քանի որ օրենքն իրեն պաշտպանում է որպես բարեխիղճ ձեռքբերողի:
Օշինի իրավունքները պետք է պաշտպանեին դատարանները: Սակայն դատարանները կայացրել են ակնհայտ ապօրինի որոշումներ: Դրանք կայացրել են կոնկրետ մարդիկ եւ նրանց պետք է հարցնել` ինչո՞ւ են այդպես արել` կաշառք են վերցրե՞լ, թե՞ ինչ-որ մարդիկ են զանգել:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել